
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Էդուարդ Շարմազանովը

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` ընդգծելով, որ կուսակցությունն այդպես է նպատակահարմար գտել, քանի որ Երևանի ավագանու նախորդ ընտրություններում ևս ՀՀԿ շտաբը գլխավորել է Էդուարդ Շարմազանովը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը` կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» դաշինքի ցուցակը` Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: