ԱՄՆ-ը Եմենում և Սիրիայում կռվում է «Ալ Քաիդա»-ի և ԻՊ-ի կողմից. Զարիֆ
ԱՄՆ-ը Եմենում եւ Սիրիայում կռվում է «Ալ Քաիդա»ի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Այս կարծիքը,Twitter-ի իր էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Երկու տասնամյակ էլ չի անցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության պահից, ԱՄՆ-ը կռվում է նույն կողմում, ինչ եւ «Ալ Քաիդա»-ն եւ ԻՊ-ն Եմենում ու Սիրիայում: Եկել է խաբեությանն ու քողարկումներին վերջ դնելու ժամանակը»,-գրել է Զարիֆը:
«ԱՄՆ-ը օգնում էր Սադամ Հուսեյնին Իրանի դեմ քիմիական զենք օգտագործելու 1980-ական թվականներին, այնուհետեւ, կեղծ մեղադրանքներ առաջադրելով քիմիական զենքի մասին, նրանք դիմեցին ռազմական ուժի՝ սկզբում 2003-ին, այժմ էլ՝ Սիրիայում»,-հավելել է նախարարը, նշելով, որ Իրանը դատապարտում է զանգվածային բնաջնջման զենքի օգտագործումը՝ ում դեմ էլ որ այն ուղղվի:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտել են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Երկրի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից: Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար,
ինչը վտանգ է ներկայացնում եւ հակասում է միջազգային իրավունքին:
Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Պենտագոնը պնդում է, որ հենց այդ ավիաբազայից է ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ կիրառելով քիմիական զենք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: