«Բացեք-տեսեք՝ ինչքա՞ն ձայն են հավաքել մեր թեկնածուները Կենտրոնում և Էրեբունիում, և ինչքա՞ն ձայն է հավաքել Նիկոլ Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով
Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կրկին գլխավորելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
168.am-ի հետ զրույցում Է. Շարմազանովն ասաց, որ առաջարկը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից.
«Գործադիր մարմնի բոլոր անդամներն իրենց կարծիքն արտահայտել են և բոլորը եկել են այն հստակ եզրակացությանը, որ այս տարիների ընթացքում պարոն Տարոն Մարգարյանը կարողացել է իրականացնել լուրջ բարեփոխումներ և Երևան քաղաքի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ բարեկարգման, թե՛ զուտ քաղաքային տնտեսության կազմակերպման խնդիրները շատ արդյունավետ է կառավարել: Այն բոլոր խնդիրները, որոնք դրվել են իր առջև, նա հաջողությամբ լուծել է:
Կան նաև բազում կիսատ թողած գործեր, և շարունակականություն ապահովելու համար նաև կուսակցության նախագահը մեր գործադիր մարմնի անդամների հետ հավանություն է տվել Տարոն Մարգարյանին՝ առաջադրվելու համամասնական ցուցակով՝ որպես առաջին համար, և համոզված ենք, որ հաջողության դեպքում պարոն Մարգարյանը, իր թիմով միասին, կարող է արդյունավետ կառավարել այն գործը, ինչը սկսել է դեռևս տարիներ առաջ: Կարծում եմ՝ Տարոն Մարգարյանն այն քիչ պաշտոնյաներից է, որ ունի շատ դրական վարկանիշ: Երևանում ՀՀԿ-ի գրեթե 50 տոկոս ձայների ներկայության համար մեծ դեր ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործոնը»:
Անդրադառնալով նրան, որ «Ելք» դաշինքը որոշել է որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին՝ Է. Շարմազանովն ասաց, որ ինքն այլ քաղաքական ուժերի շանսերը չի գնահատում. «Իսկ համեմատական անելու համար՝ բացեք-տեսեք՝ ինչքա՞ն ձայն են հավաքել մեր թեկնածուները Կենտրոնում և Էրեբունիում, և ինչքա՞ն ձայն է հավաքել ձեր նշած թեկնածուն: Շատ ճիշտ, համախմբված աշխատանքի դեպքում՝ Տարոն Մարգարյանն ունի ամենալուրջ շանսերը»: