Ասադի պաշտոնանկությունը պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով. Մերկել
Սիրիայի իրադրության կարգավորման պետք է հասնել քաղաքական միջոցներով, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության՝ ժողովրդավարական ճանապարհով: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Սիրիայի ռազմական ենթակառուցվածքին ԱՄՆ-ի զինված ուժերի հասցրած հարվածները:
«Այսօր, ինչպես երբեք, ես ընդգծում եմ, որ ճիշտ եւ կարեւոր է՝ բոլոր ուժերը կենտրոնացնել ՄԱԿ-ի ԱԽում եւ Ժնեւում քաղաքական բանակցությունների վրա՝ քաղաքական անցումային որոշման եւ Ասադի ռեժիմի ժողովրդավարական պաշտոնանկության հասնելու համար, որն այնքան շատ տառապանքներ է բերել սիրիական ժողովրդին»,-ասել է նա:
Ապրիլի 7-ի առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Սիրիայում ստեղծված իրադրության համար պատասխանատու են համարել բացառապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Նախագահ Ասադը միանձնյա է պատասխանատվություն կրում իրադարձությունների նման զարգացման համար: Նրա կողմից քիմիական զենքի եւս մեկ օգտագործումը եւ սեփական բնակչության նկատմամբ նրա հանցագործությունը պահանջում է
պատժամիջոցների սահմանում, ինչպես որ դա Ֆրանսիան եւ Գերմանիան պահանջում էին արդեն 2013 թվականի ամռանը Գուտայում տեղի ունեցած ողբերգությունից հետո»,ասված է հայտարարության մեջ,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: