6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է
Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 04.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց, առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:
Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:
Նշված գործերով 6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ 07.04.2017թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 804 հաղորդումներից 07.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 484-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: