Բաժիններ՝

«Ապրիլյան դեպքերը կյանքում մոռանալ չի լինի…». ռազմական բժիշկ

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորները զինվորական հոսպիտալում ստացել են ինչպես բարձրորակ բուժում, այնպես էլ սեր և հոգատարություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

«Ապրիլյան դեպքերը կյանքում մոռանալ չի լինի, այդ ծանր օրերը մենք վերապրեցինք: Բոլոր վիրավորներին մեկ առ մեկ հիշում ենք, բոլոր դեպքերն էլ մեզ համար առանձնահատուկ էին: Վստահաբար կարող ենք ասել, որ բոլոր վիրավորներին առանձնահատուկ հոգատարության ու ուշադրության էինք արժանացնում, կարծես, մեր երեխաները լինեին»,- ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հոսպիտալում անձնակազմը կազմակերպված ձևով, նվիրումով պայքարել է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար:

«Այնպիսի իրավիճակ էր, որ զգացմունքներին չպետք է տրվեինք: Մեր վիրավոր զինվորները ցուցաբերեցին աննախադեպ տոկոնություն: Նրանց շրջանում ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որը ևս նպաստեց շուտ ապաքինմանը: Նման վիրավորումների հետ մենք գործ ենք ունեցել նաև խաղաղ պայմաններում, սակայն ապրիլյան օրերին անբացատրելի իրավիճակ էր: Կարճ ժամանակում կարողացանք տղաներին ոտքի կանգնեցնել: Մեր երիտասարդների սխրագործությունների մասին վկայում են բազմաթիվ օրինակներ: Այսօրվա երիտասարդությունը նախկինում փնովվում էր, սակայն այդ օրերին շատերը համոզվեցին, որ այն դեռ անելու շատ բան ունի»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս