«60 տարի առաջ ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այժմ դա անելու են BigData-ն և «Ինուստրիա 4.0»-ն». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «առանց վստահության անկարելի է կառուցել տնտեսական միություն եւ զարգացնել համագործակցությունը գործընկերների հետ»: Նա այս մասին հայտարարել է այսօր Բեռլինում կայացած Արեւելյան համաժողովում:

Հիշեցնենք, սա հանձնաժողովի թվով 5-րդ համաժողովն է, որի մասնակիցներն են դարձել իշխանության մարմինների 400-ից ավելի ներկայացուցիչներ, եվրոպական խոշոր ընկերությունների թոփ-մենեջերներ ու սեփականատերեր, ինչպես Արեւմտյան Եվրոպայի, այնպես Էլ նախկին Խորհրդային Միության երկրների բիզնես-ասոցիացիաների անդամներ:

Այս տարի համաժողովի հիմնական թեման եղել է եվրոպական ու եվրասիական գործընկերության ապագան: Լիագումար նիստերում եւ կլոր սեղանների ընթացքում քննարկվում են նոր տեխնոլոգիաների եւ հասարակության թվային տրանսֆորմացիայի հարցերը, այն հնարավորությունները, որոնք ինովացիաները տալիս են խոչընդոտների ու արգելքների հաղթահարման համար: Եվս մեկ կարեւոր թեմա է եվրոպական ու եվրասիական տնտեսությունների աճի դրայվերների որոնումը, որոնք փոխկախված ու փոխկապված են ամուր առեւտրական հարաբերություններով ու կոոպերացիոն նախագծերով:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ զարգացած երկրների տնտեսությունը փոխվում է բոլորի աչքի առաջ: Թվային բազմաթիվ ընկերությունների բաժնետիրական արժեքը, որոնց պատմությունը տասը տարվա էլ չի հասնում, հաճախ գերազանցում է զգալի նյութական ակտիվներ ունեցող խոշոր արդյունաբերական բիզնեսների գնահատումը:

«Առաջիկա 15-20 տարում մեզ սպասում են պլատֆորմային բիզնես-մոդելի համատարած կիրառում եւ, ըստ էության, արդյունաբերության սովորական կազմակերպական կառուցվածքների ու առեւտրի վերաֆորմատավորում: 60 տարի առաջ ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այժմ դա անելու են BigData-ն եւ «Ինուստրիա 4.0»-ն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական շուկայի զարգացման մասին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ «արգելքներն ու սահմանափակումները, որոնք երբեւԷ եղել են տնտեսական մրցակցության բաղկացուցիչ մասը եւ ազգային կամ կորպորատիվ առավելությունների ապահովման մեխանիզմ, այսօր ժամանակավրեպ են եւ միայն կայունության ու մրցունակության պատրանք են ստեղծում»:

ԵԱՏՄ-ի շրջանակներում դեռեւս գոյություն ունեցող բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները հանելու ճանապարհով առաջ ընթանալու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Միության երկրների բիզնեսի հետ համատեղ, պատրաստել է «Սպիտակ գիրք»: Դրանում թվարկված են 60 խոչընդոտներ եւ առաջարկված են դրանց վերացման համալիր միջոցներ:

«Անկարելի է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,- ասել է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում: Նրանք պատրաստ են առաջ գնալ, նրանց հետաքրքրում է ապագան, շուկաների աճը, սպառողների հետ փոխգործակցությունը, նրանց արդյունավետ ինստիտուցիոնալ հարաբերություններ են հարկավոր եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջեւ»:

Համաժողովին մասնակցել են նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամներ (նախարարներ) Կարինե Մինասյանը եւ Վերոնիկա Նիկիշինան:

ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանը ելույթ է ունեցել «Կկարողանան արդյոք թվային տեխնոլոգիաները կամուրջներ կառուցել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ» կլոր սեղանի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս