Անվճար դեղապահովումը մի շարք հիվանդությունների դեպքում իրականացվել է 100 տոկոսով
Որոշակի հիվանդություններ ունեցող 238 032 մարդ Հայաստանում 2016-ին ստացել են անվճար դեղորայք: Նրանց ցանկում ամենամեծ խումբը կազմել են շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցող հիվանդները: Շահառուները դեղերը ստացել են ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով:
«ՀՀ առողջապահության նախարարությունը հիվանդների դեղապահովումն իրականացնում է ՀՀ կառավարության 2006 թվականի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717 Ն որոշման համաձայն: Միաժամանակ մարդասիրական օգնության կարգով Հայաստան եկած մի շարք դեղեր ևս տրվում են հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբի պատկանելությունից»,- տեղեկացրին առողջապահության նախարարությունից:
2016- ին հաշվառված են եղել 55,000 հոգեկան հիվանդություն, 3240 պարբերական հիվանդություն, 780 քրոնիկ երիկամային անբավարարություն, 72 ֆենիլկետոնուրիա, 47215 տուբերկուլոզ ունեցող անձինք, նաև շնչառական խանգարման համախտանի ունեցող 100 նորածին: Նշված հիվանդությունների համար դեղապահովումն իրականացվել է 100 տոկոսով:
Հաշվառված են եղել նաև էպիլեպսիա ունեցող 8500 մարդ՝ հիվանդության համար դեղապահովումն իրականացվել է 80 տոկոսով, չարորակ նորագոյացություն ունեցող 39 590 հիվանդների դեղապահովումն իրականացվել է 70 տոկոսով:
Տրվել են հոգեմետ, հակացնցումային, հակադիաբետիկ, կոլիխիցին և համարժեք դեղեր, երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքում էրիթրոպոետին, ցավազրկող, թմրադեղեր, ցիկլոսպորին և արյունաբանական դեղեր, ֆենիլալանին չպարունակող մանկական դեղեր, տուբերկուլոզային և հակավիրուսային և բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր:
Մարդասիրական օգնության կարգով պարբերաբար Հայաստան եկած մի շարք դեղեր, մասնավորապես՝ ջերմիջեցնող, ցավազրկող, հակագերճնշումային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակասնկային, հակախոլեստերինային, սրտի ռիթմը կարգավորող, հակաալերգիկ դեղեր ևս առողջապահության նախարարի հրամանի համաձայն, տրվում են հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
ԱՆ դեղորայքային վարչության մարդասիրական օգնության բժշկական տեխնոլոգիաների համակարգման բաժնի պետ Մարինա Հարությունյանի խոսքով՝ տրամադրվում է շուրջ 45 անվանում դեղ: Դեղերը բաշխվում են եռամսյակային կտրվածքով:
«Երբեմն, երբ դեղերի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջանում, և դեղը նշված ժամկետում չի տրվում, հետո անպայման բացը լրացվում է: Հիվանդը հաշվառվում է տվյալ տարածքի պոլիկլինիկայում կամ համապատասխան դիսպանսերում, բժիշկը նշանակում է դեղը, և հաշվառված անձը պոլիկլինիկայի դեղատնից այն ստանում է անվճար հիմունքով: Դեղերն ուղարկվում են պոլիկլինիկաներ, և տեղում իրականացվում է ներքին բաշխում: Մենք տալիս ենք խրոնիկ հիվանդությունների դեղերը՝ անկախ նրանից՝ անձը պատկանում է որևէ սոցիալական խմբի, թե ոչ: Որոշակի սոցիալական խմբերի պատկանող անձինք ևս ստանում են դեղեր, որոնք նշանակվում են առաջնահերթության կարգով»,- նշեց Մարինա Հարությունյանը:
Աննա Գրիգորյան