Մահացել է Իկուտարո Կակեհասին
87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ին:
1972 թվականին Կակեհասին հիմնել է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել է համաշխարհային առաջատարներից մեկն էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ վերահսկիչների մշակման եւ արտադրության բնագավառում:
Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչեւ Քանյե Ուեսթը: TR808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում է հիփհոփում, էլեկտրոյում, մինիմալտեխնոյում եւ Էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձեւերում:
Այսօր Roland ընկերությունն ստեղծում է համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ ծրագրեր iPad-ի եւ iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրողերաժիշտները:
2013 թվականին Կակեհասին ստացել է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար։