«Կոչ ենք անում անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին». Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:
Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: Այս «գործընթացը» տեսագրված է:
Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին»: