«Այդ լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ այլևս գոյություն չունի ոչ մի գերեզման և հուշարձան». Սամվել Կարապետյան
«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը։ Գիրքը նվիրված է նյութական մշակույթի անհամար հուշարձաններով զարդարված Հայրենիքի մի անկյան՝ Արցախի՝ ադրբեջանական գաղութատիրությունից ազատագրվելու և հայ պետականության վերականգնման 25-ամյակին (1991-2016), ինչպես նաև հայոց պատմությունը կերտողներին։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրքում տեղ գտած նյութը պարբերաբար արծարծվել է տարբեր հրատարակություններում, և առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում այս թեմային։
«Գրքում ներկայացված են Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները։ Ադրբեջանցիները փորձում են հնարավորինս աննկատ ոչնչացնել նյութական մշակույթի բոլոր հայկական հետքերը, հատկապես քրիստոնեական պատկանելիության հուշարձանները։ Ադրբեջանցիները, իհարկե, դեռ խորհրդային տարիներից ի վեր բոլոր քրիստոնեական հուշարձանները հայտարարեցին աղվանական և նրանց էլ որակեցին իբր իրենց քրիստոնյա նախնիներ։ Այդպիսով, այդ հուշարձանները կվերագրվեին ադրբեջանցիներին»,- նշեց Կարապետյանը։
Նախիջևանի տարածքում բոլոր հայկական հուշարձանները պիտակված են աղվանական և սկսած Հին Ջուղայի գերեզմանոցից մինչև վերջին վանքն ու մատուռը ոչնչացվել են։ Այսօր Նախիջևանում, ըստ էության, չկա ոչ մի հայկական պատմական հուշարձան։
Կան տիեզերքից արված լուսանկարներ, որոնցում երևում է այդ ամենը, և հնարավոր է լինում ճշտել փաստերը, որ նշված են եղել նախկին խորհրդային գլխավոր շտաբի քարտեզների վրա։
«Հիմա այդ լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ այլևս գոյություն չունի ոչ մի գերեզման և հուշարձան։ Ադրբեջանցիներն ակնհայտորեն իրենք իրենց ստերից գլուխ չեն հանում»,- շեշտեց Սամվել Կարապետյանը։
Սույն գիրքը լույս է տեսել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և «Մոն-Արխ» ընկերության աջակցությամբ։ Գիրքը տպագրվել է 1000 օրինակով և ներկայացնում է 4-5 դարերից մինչև 20-րդ դարի շուրջ 120 հուշարձան։