«Բզեք, բզեք, որ ձեր համայնքապետն աշխատի». Կարեն Կարապետյանը՝ Կոտայքի բնակիչներին

Կոտայքի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ բողոքներին ի պատասխան, թե գյուղապետերը չեն լսում քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու չեն ընդառաջում, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հենց դրա համար է, որ իրենք բոլորից 5 տարվա գործունեության ծրագիր են պահանջում: Նրա խոսքով՝ թեև գյուղապետերն ընտրվում են բնակչության կողմից, բայց կառավարությունն այդ դեպքում կարող է հստակ իմանալ, թե տվյալ մարզպետը կամ գյուղապետը ներկայացրած ծրագրերի որ մասն են իրականացրել:

«Ինչո՞ւ ենք ուզում գնալ համայնքների խոշորացմանը. որովհետև մենք ունենք 900-ից ավելի համայնք: 900 լավ կառավարիչ ընտրելն ավելի բարդ է, քան 80-ը, չէ՞: Մենք համայնքային կառավարվան ոլորտում ունենք շատ-շատ խնդիրներ: Հիմա այս համակարգը ներդնում ենք, որպեսզի կարողանանք գնահատել»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ներկայացրած ծրագրերի ու դրանց կատարման դեպքում կկարողանան համայնքների ղեկավարներին ճիշտ գնահատականներ տալ, որը հետագայում կօգնի նաև ընտրողներին՝ հասկանալու համար, թե ինչպիսի կառավարիչ են իրենք նախընտրում:

Նրա խոսքով՝ կառավարությունն օգնելու է «չեմպիոն» համայնքապետերին, և բնակիչներն էլ վատ կառավարիչներին ասելու են՝ կա՛մ աշխատի, կա՛մ էլ պահանջ ենք դնելու:

«Բա մենք ինչպե՞ս հասկականք՝ Պողոսյանն Պետրոսն է լավ աշխատում, թե կողմքի համայնքի ղեկավար Պետրոսյան Պողոսը: Ես պիտի հայտարարագրեմ, ծրագիրը նայեմ, որ հետո իմանամ՝ լա՞վ է աշխատել, թե՞ ոչ,- ասաց Կարեն Կարապետյանը,- Տարվա վերջում մարզպետին էլ չենք կարողանում գնահատել: Մարզպետը շատ պարտավորություններ ունի, բայց իրավունքներ չունի: Հիմա ո՞նց որոշենք՝ այս մարզպե՞տն է լավ աշխատում, թե՞ այն»:

Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ եթե մարզպետի, համայնքապետի ինստիտուտը չկանայա, երկիրը չի կարող զարգանալ. «Հիմա դուք եք ընտրում համայնքապետին՝ լավ, թե վատ: Բզեք, բզեք, որ ինքն աշխատի,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով,- Դուք ընտրել եք «նաչալնիկ», որը պետք է ձեր համայնքը ղեկավարի, «նաչալնիկին» ասում ես՝ դրե՞լ ես էս խնդիրը, թե՞ չէ, ծրագրի մեջ կա՞, թե՞ չէ: Ես ինչի՞ եմ այս 5 տարվա ծրագիրը անընդհատ դոմփում-դոմփում-դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի՝ մենք չեն իմանալու՝ Բալահովիտում ինչ անենք, Աբովյանում ինչ անենք, Սյունիքում ինչ անենք: … Խնդիրը պետք է մի անգամ գույքագրվի»:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց՝ Հայաստանի ամբողջ ծրագիրը միտված է առաջին հերթին նոր աշխատատեղերի բացմանը, սակայն չեն ցանկանում դա անել հին արտադրությունները վերականգնելու հաշվին: «Աշխարհն այս 20-30 տարիների ընթացքում այնքան է փոխվել, որ եթե մենք որոշենք վերականգնել հին արտադրությունները, դա անհեռան կար ու անապագա գործ կլինի»,- նշեց վարչապետը:

 

Տեսանյութեր

Լրահոս