Բաժիններ՝

Եկեղեցի հաճախելու մասին

Որքանո՞վ է կարևոր եկեղեցի հաճախելը

Երբեմն կարելի է տարբեր տեսակետներ լսել այն մասին, թե ինչո՞ւ հաճախել եկեղեցի, եթե կարելի է տանը աղոթել: Նախ , եկեղեցին, որպես Աստծո տուն և աղոթքի տուն, առանձնական աղոթքից բացի կատարում է նաև ընդհանրական աղոթքներ: Իհարկե, մաքուր սրտով ու հոգու ամբողջ զորությամբ կարելի է աղոթել ամենուր և ամեն ժամ, միայն թե քրիստոնյայի համար պարտադիր և հույժ կարևոր է հաղորդակից լինել եկեղեցու խորհուրդներին, ընդհանրական աղոթքներին և մասնակցել Ս. Պատարագներին:
Եկեղեցին քրիստոնյայի համար Աստծո միակ փրկարանն ու տապանն է այս աշխարհում, որից դուրս փրկություն չկա: Եվ փրկագործական այդ առաքելությունն իրականանում է մասնավորապես խորհուրդների միջոցով (Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Ձեռնադրություն, Պսակ, Ամուսնության և Կարգ հիվանդաց): Խորհուրդները, որոնք կատարվում են եկեղեցում, քրիստոնյայի ճշմարիտ կյանքի անբաժան և կարևորագույն մասն են կազմում: Ուստի, միայն Քրիստոսի հաստատած եկեղեցու միջոցով են Նրա անդամները հարատև հաղորդակցոււթյան մեջ մտնում Նրա հետ՝ հաղորդվելով Նրա Փրկարար Մարմնին ու Արյանը:
Ի՞նչ պարբերականությամբ հաճախել եկեղեցի և ո՞ր օրերին

Մարդը հոգեմարմնավոր էակ է, և նրա երջանկոււթյունն ու խաղաղությունը հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Մեր առօրյան հագեցած է աշխարհիկ գործերով ու մտահոգություններով: Ամեն օր սնում և հոգ ենք տանում մարմնի մասին, հոգու պահանջները մոռացած՝ մարմնի պահանջներն ենք բավարարում:
Ժամանակակից կյանքի բերած բազմազբաղ ու հոգսաշատ ընթացքը պետք է լցնել հոգևոր արժեքներով, աղոթքով ու հոգևոր մտորումներով: Մարդու հոգին, անկախ ամեն ինչից, ձգտում ունի դեպի Աստված, դեպի կատարյալը, միայն թե այդ ձգտումը չպետք է ճնշել՝ հոգու դատարկությունը լցնելով անցողիկ մխիթարություններով: Հետևաբար հարկավոր է հաճախակի այցելել եկեղեցի, մասնակցություն բերել Ս. Պատարագներին, ընդհանրական աղոթքներին (ամեն օր, առավոտյան և երեկոյան եկեղեցիներում կատարվում են ժամերգություններ), լիարժեքորեն ներգրավվել եկեղեցու հոգևոր կյանքի մեջ: Որքան սերտանում է կապն Աստծո եկեղեցու հետ, այնքան մարդու կյանքն իմաստավորվում և երջանկանում է:
Ի՞նչ տեսքով մտնել եկեղեցի։ Ի՞նչ է կարելի և ինչ չի՞ կարելի անել եկեղեցում

Եկեղեցին, ինչպես արդեն նշել ենք, Աստծո և աղոթքի տուն է, մարդու և Աստծո հանդիպման ամենամերձ վայրը: Այդ կարևոր հանդիպումը կայանում է աղոթքով, երբ մարդ իր սրտի դռներն անկեղծորեն բացում է Աստծո առջև՝ երկրային իրականությունից տեղափոխվելով ուրիշ աշխարհ՝ Աստծո աշխարհը:
Եկեղեցում Աստծո սուրբ և զորավոր ներկայության գիտակցությունը մարդուն, անկախ տարիքից և պահի անհրաժեշտությունից, պետք է թելադրի զուսպ և պատշաճ կեցվածք ունենալ: Երբ կարևոր տեղ ենք գնում, առավելագույնս ձգտում ենք համապատասխան կեցվածք ուենալ և լավ տպավորություն թողնել՝ նույնիսկ հետևելով մեր հագուստին, շարժուձևին, քայլվածքին: Ավելի կարևոր տեղ չկա, քան եկեղեցին, և ավելի կարևոր հանդիպում չկա, քան հանդիպումը մեր Արարչի հետ: Հետևաբար, եկեղեցի մտնելիս առավել ևս պետք է ուշադրություն դարձնել հագուկապին (կանայք եկեղեցում պետք է գլխաշոր կրեն) և ունենալ պատշաճ կեցվածք, տարվել ոչ թե խոսակցություններով, ծանոթ-անծանոթների հետ բարևների ու ողջույնների փոխանակումով, աչքերի զննողական փնտրտուքներով, այլ մտասուզվել աղոթքի մեջ:
Եկեղեցուց դուրս գալիս անպայմա՞ն է դեմքով դեպի Խորանը շրջվել

Պատշաճ է եկեղեցուց դուրս գալ դեմքով դեպի Խորանը խաչակնքումով, քանի որ Խորանն Աստծո բնակավայրն է. և վայել չէ մեջքով դարձած հեռանալ Աստծո տնից:
Քահանայի աղոթքի ժամանակ պարտադի՞ր է խաչակնքվել

Խաչակնքումը զենք և վահան է չարի ներգործության դեմ, քանզի մեր Տերը խաչի վրա հաղթեց սատանային՝այն դարձնելով հաղթության գործիք: Քահանայի աղոթքի ժամանակ, օրինակ՝ խաղաղության փոխանցման ժամանակ, անհրաժեշտ է խաչակնքվել, միայն թե՝ պարբերաբար խաչակնքումը չպետք է վերածվի սովորական և անտարբեր մի ժեստի:

Հարցերին պատասխանեց Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը։

Հասմիկ Թամամյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս