«Եթե իշխանությունը կարողանում է կազմակերպել PR քայլ՝ ներառելով ԵՄ-ին, ապա պետք է շնորհավորել այդ իշխանությանը». Կարեն Բեքարյան

«Նախաստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրում, հերիք չէ, տնտեսական բաղադրիչ կա, ավելին, այն առնվազն փոքր չէ»,- քիչ առաջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված,  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված   «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական  հանդիպման ընթացքում, որը կրում է «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» խորագիրը, այս մասին ասաց  ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով օրերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրմանը։ Կարեն Բեքարյանը նախ հստակեցրեց, որ չկար դրված հարց, որ սա ասոցիացում է։

Բանախոսը փորձեց համեմատել 2013թ. բանակցված Ասոցացման համաձայնագիրն օրերս նախաստորագրված փաստաթղթի հետ։ «Ասոցացման համաձայնագիրը  կարելի էր բաժանել մի քանի մասերի՝ քաղաքական, տնտեսական և այլ։ Այլի մեջ մտնում են  մեր կենցաղի, կենսագործունեության բոլոր ոլորտները։

Ներկայիս փաստաթուղթը տարբերվում է նախորդից հետևյալով՝ ինչը քաղաքականն էր ԱՀ-ի ժամանակ, գրեթե նույն ձևով առկա է այս համաձայնագրում, ինչն այլն էր՝ նույն կերպ առկա է, տնտեսական բլոկի հետ կապված՝ կա տարբերություն։ Առանձին վերցրած տնտեսական  բլոկը ասոցիացման կարելի էր բաժանել երեք հատվածի՝ առաջին՝ ոչ մի հակասություն չկար ԵՏՄ-ի հետ, երկրորդ  հատվածում ստեղծվում էր հակասություն մեր ստանձնած պարտավորությունների հետ ԵՏՄ-ում, սա դուրս է եկել,  երրորդ հատված, որտեղ կար մեկնաբանման և քննարկելու խնդիր, միանշանակ չէր, սա հենց այն հատվածն էր, որի վրա կենտրոնացած էին բանակցությունները։

Երրորդից մի մասը եկել է նոր համաձայնագիր։ Սա ասոցիացիայի համաձայնագիրն է տնտեսական էլեմենտների մինուս հատվածով, որոնք բախվում էին մեր ստանձնած պարտավորությունների հետ»,- մեկնաբանեց Բեքարյանը։

Կարդացեք նաև

Քննարկման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե՝ սա PR քայլ ընկալվեց իշխանությունների կողմից՝ Հայաստանում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ, Բեքարյանն արձագանքեց՝ ասելով, որ, եթե իշխանությունը կարողանում է նման PR քայլ  կազմակերպել՝ ներառելով ողջ Եվրոպական Միությանը, ապա  պետք է շնորհավորել այդ իշխանությանը։  Նրա  խոսքով, ԵՄ-ն ունի իր ընթացակարգերը, և համաձայնագիրը նախաստորագրվեց՝ ըստ եվրոպական ավանդական, սովորական ընթացակարգի։

Ըստ նրա՝ նախաստորագրման  ժամանակը համընկավ քարոզարշավի  հետ,  բայց բանակցություններն ավարտված էին, դա պետք է տեղի ունենար։ Կարեն Բեքարյանի համոզմամբ, «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» հարցադրումն անգամ կոռեկտ չէ։ «Թե»-ով  հարցադրման դեպքում, ըստ նրա,  հարցը հայտնվում է «կամ»-ի տակ։ Երկրորդը, նրա խոսքով, «թե»-ով հարցադրումը  կարելի էր անել այն դեպքում, երբ դրված լիներ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարց, բայց  ԱՀ-ն ԵՄ անդամակցություն չէ։

Երրորդ ոչ կոռեկտությունը, նրա համոզմամբ, այն է, որ ԵՄ քաղաքական, տնտեսական բլոկը համեմատվում է  մաքուր տնտեսական կառույցի հետ։ «Մի փոքրիկ արտահայտության  մեջ կա երեք անկոռեկտ էլեմենտ,  այս դեպքում ճիշտ եզրակացությունների հնարավոր չէ հանգել»,- հստակեցրեց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածուն։ Վերջինիս վստահեցմամբ՝ նախաստորագրված փաստաթղթում, հերիք չի, տնտեսական բաղադրիչ կա, ավելին, այն առնվազն փոքր չէ։ «Սա էլեմենտ է, որի վրա փիառ չեն անում, բան, որն առկա է, հնարավոր չէ ասել, թե չկա»,- ասաց Բեքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս