
Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին է ուղարկել նահանգապետարանին տրված դիմումի պատճենը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով շարունակում է պաշտոնավարել որպես Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, Ստամբուլի նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենն ուղարկել է Քյոլնի առաջնորդարան, որտեղ այս պահին գտնվում է Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս մասին պատրիարքարանի աղբյուրները հայտնել են Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթին:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մարտի 16-ին գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնիառաջնորդարանից նամակ էր ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով իրեն տրամադրել Ստամբուլի նահանգապետարանին հանդիպում կազմակերպելու նպատակով ուղարկված դիմումի պատճենը:
Բեքչյանը կոչ էր արել նրան դադարեցնել ընդհանուր փոխանորդի տիտղոսի գործածությունը և այդ արտահայտությունից խուսափել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մամուլին տված ծանուցումների մեջ: Նույն նամակով նա Աթեշյանին տեղեկացրել էր նաև, որ տեղապահի փոխանորդ է նշանակել պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որպեսզի իր բացակայությամբ նա հսկի բոլոր աշխատանքները։