Բաժիններ՝

Առաջիկայում եվրոպարտատոմսերի թողարկումն ու լրացուցիչ պարտքի ներգրավվումը բացառվում է

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը բացառում է առաջիկայում եվրոպարտատոմսերի թողարկումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարգարյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, որ մինչև հուլիս ֆինանսների նախարարությունը կթողարկի եվրոպարտատոմսեր: Նա դրա համար ներկայացրեց երկու պատճառ:

Մեկը, որ թողարկման կարիք չկա, և մյուսը, եթե կարիքը լիներ էլ, ապա դրա համար անհրաժեշտ կլիներ երկար ժամանակ: Իսկ այս պահին դրա կարիքը չկա, քանի որ նախորդ տարի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն արդեն գերազանցել էր 50 տոկոսի շեմը, և բյուջեի դեֆիցիտը չի կարող ավելին լինել, քան ՀՆԱ-ի 3 տոկոսն է:

Այսինքն` ըստ Մարգարյանի,  դրանից ավելի պարտք վերցնել` երկիրը չի կարող: «Եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն էլ լինի, ապա այն անելու համար նախ և առաջ պետք է օրենքը փոփոխել: Ներկայումս օրենքը երկու սահմանափակում ունի: Հիմնական սահմանափակումը 60 տոկոսի շեմը չգերազանցելն է, բայց դրանից առաջ կա մի զգուշացում` ըստ որի, եթե անցնում ենք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոսի շեմը, ապա չենք կարող ունենալ ավելի քան երեք տոկոս բյուջեի դեֆիցիտ: Օրենսդրությամբ մինչև 7,5 տոկոս հնարավոր է դեֆիցիտ ունենալ, սակայն հենց պարտքն անցնում է հիսուն տ ոկոսը, ապա այն կրճատվում է մինչև երեք տոկոսի: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա գրեթե 6 տոկոսանոց դեֆիցիտից իջանք մինչև 3 տոկոս: Այսինքն` կրկնակի կրճատեցինք դեֆիցիտի ծավալը, ինչն այդքան էլ խելամիտ չի, սակայն դա օրենքի պահանջն է, և մենք դրան հետևել ենք»,- նշեց  պետական պարտքի կառավարման վարչության պետը:

Մարգարյանը նաև հավելեց, որ խելամիտ կլինի եվրոպարտատոմսերի հաջորդ թողարկումը կատարել պետական պարտքի առաջին մարման ժամանակ, քանի որ այդ պարագայում պարտքը չի մեծանա` կմնա նույնը և դեֆիցիտի վրա էլ ազդեցություն չի կարող ունենալ: Այսինքն` թողարկմանը կարող ենք սպասել միայն  2020 թվականին:

Կարդացեք նաև

Մարգարյանը նաև նշեց, որ հավելյալ պարտքի ներգրավման մասին չեն մտածում, քանի որ հարկերը սկսվել են նորմալ հավաքագրվել: «Բարեբախտաբար, ներկայիս մեր բոլոր հոռետեսական ծրագրերը մի կողմ են դրվում, քանի որ, ինչպես երևում է, հարկերը սկսել են նորմալ հավաքվել: Եթե հարկերը նորմալ հավաքվում են, պարզ է, որ բյուջեով դրված ծախսերն ու եկամուտները համապատասխանաբար նորմալ կիրականցվեն: Հարկերի հավաքագրումը նույնիսկ գերազանցում է մեր կանխատեսումները»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը` հավելելով, որ լրացուցիչ պարտքի ներգրավվածության կարիք լինելու պարագայում այն կարելի է իրականացնել ներքին աղբյուրների հաշվին, քանի որ բոլոր առումներով շատ ավելի նպատակահարմար է:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին տեղաբաշխել է առաջին եվրոպարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը, հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի փետրվարի դրությամբ կազմել է 5 մլրդ 961,2 մլն դոլար, որից 5 մլրդ 450 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է: Դրանից 4 մլրդ 301 մլն դոլարն արտաքին, իսկ 1 մլրդ 148 մլն-ը` ներքին պարտք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս