Պետդումայում առաջարկել են վերանայել Հայաստանի համար նախատեսված արտոնությունները
ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը:
«Տասնամյակներ շարունակ ռուսական գազը Հայաստանի համար եղել է ոչ միայն ապրանք, այլ նաև դաշնակցային ճարտարապետության տարր։ Եթե այդ համակարգը քայքայվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի առևտրային գնով։ Այդ դեպքում առաջարկվում է այն բարձրացնել մինչև եվրոպական գների մակարդակ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 400-ից 600 դոլար», – նախօրեին ասել է Լուգովոյը Պետդումայում անցկացված՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Բացի այդ, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է նաև «սահմանափակել» արտոնյալ մաքսային կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել ռուսական տնտեսական տարածքից, ինչպես նաև իրականացնել Հայաստանի՝ Ռուսաստանի հանդեպ միջպետական պարտավորությունների ամբողջական աուդիտ։
ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ այսօր պնդել է, թե ի տարբերություն Եվրամիության, «ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է փոխադարձ հարգանքի ու իրավահավասարության հիմքի վրա»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվեր՝ Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Այդ դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող էր համապատասխան հետևություններ անել և գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հակված չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կարող է ընդունել միայն Հայաստանը։



