ԱՄՆ-ն չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը
ԱՄՆ–ն չի միացել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կիևի հայտարարությանը, որը ՄԱԿ-ում ընթերցել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը հայտարարությունը հնչեցրել է երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
«Մենք լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի կոչ ենք անում, ինչպես նաև ընդգծում ենք կոնկրետ մարդասիրական միջոցների ձեռնարկման անհապաղ անհրաժեշտությունը», – հայտարարել է նա։
Հայտարարությանը միացել է 47 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հունգարիան և Սլովակիան։ Հայտարարությանն աջակցել է նաև Եվրամիությունը` որպես միավորում։ Սակայն ԱՄՆ–ն չի ներառվել աջակցողների ցանկում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



