«Երկար ժամանակ կպահանջվի ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կայացնելու համար, որից Հայաստանը մեծ օգուտներ կարող է ստանալ»

«Տարիներ են անհրաժեշտ ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կայացնելու համար»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ, որը տեղի կունենա մարտի վերջին։

«Երեկ և այսօր Թեհրանում է գտնվում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի քննարկման պատվիրակությունը: Ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք, հուսով ենք, որ մինչև Իրանի նախագահի Մոսկվա այցը փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հետ ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագիրը կիրագործվի մի քանի փուլով: Դա նշանակում է, որ սկզբում ազատ ռեժիմը կգործի միայն որոշակի խմբի ապրանքների նկատմամբ:

Ապրանքների վերջնական ցուցակը, որոնք կներառվեն ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլում, առայժմ չի հաստատվել: Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման առաջին փուլը կարող է ընդգրկել թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական արդյունաբերության համալիրի արտադրանքը:

Կոնստանտին Սիմոնովն արձանագրեց, որ այս ծրագրերն անպայմանորեն հաջողությամբ կպսակվեն, և այդ հարցում իր կայուն դերակատարությունն է ունեցել հայկական կողմը մոտավորապես երկու տարի առաջ, երբ ՀՀ նախագահն առաջարկեց, որպեսզի Հայաստանը կամուրջ դառնա Իրանի և ԵԱՏՄ-ի միջև։

Ըստ նրա՝ սա հեռանկարային առաջարկ դարձավ, որը հետաքրքրեց ինչպես՝ իրանական, այնպես էլ՝ եվրասիական կողմին։ «Ինչպես հիշում եք, Հասան Ռոուհանիի՝ Երևան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահը խոսեց այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի հեռանկարային են դարձնում՝ նոր հնարավորություններ բացելով թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի առջև։

Բնականաբար, այս նոր ձևաչափից շահելու են Իրանը, Հայաստանը և ԵՏՄ անդամ երկրները, ու կարծում եմ, համաձայնագրի պատրաստմանն ու ստորագրմանը ոչինչ չի խոչընդոտում, և գուցեև դրա վավերացումը տեղի ունենա մոտ ապագայում։ Պարզապես կարիք կա խոսել այն մասին, թե ինչ նշանակություն և մասշտաբներ կունենար այս պրոյեկտը, եթե չլինեին խնդիրները»,- նման տեսակետ հայտնեց Կոնստանտին Սիմոնովը։

Նրա փոխանցմամբ՝ և՛ ԵՏՄ-ին, և՛ Իրանին խոչընդոտում է Թրամփի վարչակարգը, ԵՏՄ-ում տարաձայնությունները, Ռուսաստանի հակամարտությունները և տնտեսական ճգնաժամը։

«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով։ Այսինքն՝ ներկայումս խոսք է գնում ապրանքների մի քանի խմբերի մասին, դրանց տարանցման խնդիրները պետք է լուծվեն, Իրանը նոր պատժամիջոցների վտանգի առջև է կանգնած, որոնք որոշակի ռեսուրսներ են պահանջելու։

Ուստի, կարծում եմ, որ, եթե նույնիսկ այս ամիս մենք ունենանք ստորագրված համաձայնագիր, դեռ երկար ժամանակ կպահանջվի այս համագործակցությունն ամբողջացնելու և բոլոր խնդիրները լուծելու համար»,- նկատեց ռուս տնտեսագետը։ Սիմոնովի համոզմամբ՝ ապագայում Հայաստանը կարող է լուրջ օգուտներ քաղել այս ձևաչափից՝ իրանական ներդրումներ Հայաստանում, ազատ առևտրի գոտի Իրանի հետ, համատեղ ձեռնարկություններ, տարանցման շահույթներ։ «Սակայն սա, իհարկե, մեկ կամ երկու տարվա հարց չէ։

Ինչպես ԵՏՄ-ին՝ լիարժեք գործելու, այնպես էլ՝ այս նոր ձևաչափի կայացման համար տարիներ են անհրաժեշտ, քանի որ այսօր նույնիսկ ԵԱՏՄ-ն չի գործում՝ որպես տնտեսական կառույց»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս