
«Այն պնդումները, թե Հայաստանն այսօր արդեն կարող է մտնել ԵՄ ու դառնալ լիարժեք անդամ, ֆանտազիայի ոլորտից են». տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախընտրական քարոզչության այս փուլը բացառիկ է, որովհետև, ըստ նրա՝ մեկ հպումով ձևավորվում է լիարժեք, ամբողջական իշխանություն. «Այն ծրագրերը կամ ծրագրահենքը, որ ներկայացնում են կուսակցություններն ու դաշինքները, չեն երկատվելու նախագահական ծրագրերով:
Գաղտնիք չէ, որ տասնամյակների ռեֆորմներից հետո մեր տնտեսությունը հայտնվել է նույն փակ շրջանի մեջ, և այդ ռեֆորմները չեն բերել այնպիսի արդյունքների, որոնք Հայաստանը դուրս կբերեին այնպիսի ուղեծիր, որում գտնվում են Մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի երկրները»: Տնտեսագետի խոսքով՝ որոշ կուսակցությունների և դաշինքների այն պնդումները, թե Հայաստանն այսօր արդեն կարող է մտնել ԵՄ ու դառնալ լիարժեք անդամ, ֆանտազիայի ոլորտից են. «Խնդիրը մեր տնտեսական և տնտեսաքաղաքական պարամետրերի կացության մեջ է: Տնտեսական անվտանգության այն նվազագույն ցուցանիշները, որոնցով բնութագրվում է երկրի տնտեսական սիստեմը, մենք բավականաչափ հեռու ենք նույնիսկ նվազագույն շեմերից»:
Ներկայացնելով մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, նա ասաց, որ ՀՆԱ առնվազն 25%-ի չափով պետք է ներդրում իրականացվի երկրում, իսկ մեզ մոտ, ըստ նրա՝ 10%-ից էլ ցածր մակարդակի վրա է այդ ցուցանիշը. «Մեր երկրում աղքատությունը 30%-ից բարձր մակարդակի վրա է՝ պաշտոնական թվերով: Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն շեմը 25% է, իսկ մեզ մոտ արդեն խոսում ենք 60%-ի շեմն անցնելու մասին: Նման պայմաններում խոսել 6-8% տնտեսական աճի մասին, ռեալ չէ, իսկ որոշ ուժեր առնվազն 6% տնտեսական աճ են առաջարկում»:
Ա. Մարգարյանի խոսքով՝ 2 տասնյակից ավելի ցուցանիշների գծով Հայաստանը՝ իր տնտեսական համակարգով, գտնվում է տնտեսական անվտանգության նվազագույն շեմերից ցածր մակարդակի վրա:
«Ռիսկերը պետք է գնահատել, ու մեր ոտքերը մեր վերմակի չափով մեկնել: Ներդրումներ-աշխատատեղեր-եկամուտներ-կենսամակարդակ շղթան մեզ մոտ խզված է: Եթե չկան ներդրումներ, աշխատատեղեր չեն կարող լինել: Հետևաբար՝ մեր կուսակցություններն ու դաշինքները, որոնք ներկայացրել են իրենց ծրագրերը, առաջին հերթին՝ փորձում են իրենց ապրանքը վաճառել»,- ասաց նա՝ հավելելով, որ ողջամիտ ընտրողներն առևտուր են անում՝ ծրագրերի և խոստումների դիմաց իրենց ձայները փոխանակելով: «Բայց ցավոք, մեր իրականությունն այնպիսին է, որ ռացիոնալ ընտրազանգվածը վաճառում է իր ձայնը՝ չմտածելով ապագայի մասին: Դա էլ պատճառներից մեկն է, թե ինչու է մեր տնտեսական համակարգը կոռումպացված»: