«Ժողովրդի վրա տոտալ հարձակում կա փող բաժանող կուսակցությունների կողմից». Արամ Մանուկյան

Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքն այսօր քարոզչություն է իրականացնում Արմավիրի մարզում: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց նախընտրական խաղաղության ծրագիրն արդեն ներկայացրել են Դալարիկ և Քարակերտ գյուղերում, այժմ ուղևորվում են Հացիկ, ապա՝ Մեծամոր և Արմավիր:

Հիշեցնենք, որ դաշինքն ընտրություններին մասնակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի նշած՝ խաղաղության անհրաժեշտության մասին կարգախոսով, այն է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:

Դաշինքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով անցած շաբաթվա քարոզարշավի արդյունքների մասին՝ արձանագրեց, որ ժողովրդի վրա տոտալ հարձակում կա փող բաժանող կուսակցությունների կողմից.

«Խաբեությամբ են զբաղված, վախեցնում, սպառնում, հոգեբանական հարձակում են իրականացնում մարդկանց վրա, որ, իբր վերահսկելու են նրանց քվեարկությունը քվեախցերում, տարբեր հնարքներ են կիրառում, որ իբր նկարահանվում է, եթե մատնահետք են տալիս, արդեն գիտեն՝ ինչ են անելու, կամ անձնագիրն են վերցնում, անձնագրի պատճենը, մի խոսքով` իրենք հաշվելու և տեսնելու են, թե ինչպես է քաղաքացին քվեարկել: Սա, իհարկե, մարդկանց վրա ազդեցություն թողնում է»:

Ըստ նրա՝ քանի որ տեղամասերում դժվար է լինելու կեղծելը` ցուցակները հրապարակվելու են, նկարահանվելու է, և այլն, ակնհայտ է, որ այդ հարձակումը տեղափոխվել է նախընտրական փուլ, և քաղաքացիների սպառնալիքի վրա են աշխատում:

Ա.Մանուկյանը նշեց, որ ժողովրդի մի մասը հավատում է և վախեցած է, հանդիպումների ընթացքում մի մասը վախենում է մոտենալ դաշինքի ներկայացուցիչներին, ասում են` կնկարեն, կտեսնեն իրենց և գործից կհանեն, կամ վարկերի հետ կապված խնդիրներ կհարուցեն, և այլն:

Չնայած կիրառվող տարբեր մեթոդներին, Ա.Մանուկյանի խոսքով, մարդիկ նաև գալիս են հանդիպումներին, այս շաբաթվա ընթացքում գյուղերում նրանց քանակը հետզհետե ավելանում է, և խաղաղության ծրագիրն ավելի մատչելի է դառնում մարդկանց:

Հարցին, թե իր տպավորությամբ՝ ՀՀ  քաղաքացիներն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ են, գնալո՞ւ են ընտրության, Ա. Մանուկյանը պատասխանեց.

«Քիչ մասը, պասիվությունն է շատ, անտարբերությունն ու անորոշությունը համատարած է, գյուղերում՝ հատկապես, բայց երբ երկար խոսում ենք, զրուցում ենք, մարդիկ հասկանում են, սկսում են մի քիչ շարժվել: Կարծում եմ` այս 20 օրը որոշակի ակտիվություն կբերի, բայց ընդհանուր առմամբ խեղճություն է: Այ, հիմա ես ձեզ հետ խոսում և գյուղի ճանապարհով գնում եմ, 1 մետրանոց փոսեր են: Գյուղերը ոնց որ երկրից դուրս լինեն, մարդիկ արտագաղթում են, քաղաքացու համար ամեն ինչ այնքան անհեռանկարային է, որ ոչ մեկի վրա հույս չի դնում, և այդ դեպքում այս համատարած աղքատության մեջ այդ 10 հազար դրամը կարծես սկսում է լույս տալ, մարդիկ ասում են` դա ոնց որ իրենց փրկությունը կամ շահածն է»:

Տեսանյութեր

Լրահոս