Արդյո՞ք անվնաս է դիտել ժամանակակից մուլտֆիլմերը` գեբանական առողջության պահպանման տեսանկյունից

Ինչպե՞ս են մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեկան զարգացման վրա

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք մուլտֆիլմերում առկա բազմաթիվ թեմատիկ տեսարանների ազդեցությանը երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման վրա։ Շարունակելով խոսել ներկայիս մուլտֆիլմերի բովանդակային խնդրահարույց վիճակի մասին, փորձենք հասկանալ` որքանո՞վ են դրանք հոգեբանական առողջության պահպանման տեսանկյունից անվնաս, կամ հակառակը։

Մուլտֆիլմերի հոգեբանական վերլուծության հիման վրա կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ.

  • Մուլտֆիլմերը, որոնցում արագ ռիթմով փոփոխվում են կադրերը և տեսարանները, ինչպես նաև առկա է բարձր արտահայտված շարժողականություն, կարող են երեխաների մոտ առաջացնել գերակտիվություն, ագրեսիա` ուղղված դեպի հասակակիցները և մանկավարժը։
  • Վառ, գունեղ, անբնական երանգավորումներով հագեցած մուլտֆիլմերը կարող են լինել պատճառ երեխաների սուր ապրումների և հույզերի արտահայտման համար։
  • Վերլուծելով երեխաների նկարած նկարները, որոնք արվել էին մուլտֆիլմ դիտելուց հետո, դուրս են բերվել այնպիսի արդյունքներ, որտեղ ակնառու էին նյարդային համակարգի հոգնածություն, արտաքին գործոններից պաշտպանվելու պահանջ։

Մուլտֆիլմերում (հատկապես` ամերիկյան և ճապոնական) առկա խնդիրներից է նաև այն, որ դրանց առանձին դրվագներ փոքրիկ հեռուստադիտողին կարող են հիպնոզային վիճակի հասցնել։ Անդադառնանք դրանցից մի քանիսին.

  • Վառ տեսաշարի ստեղծում. այն նպատակ ունի առաջացնել որոշակի գունային զգացողություն, և որքան այն ուժեղ է, այնքան ավելի ակտիվ իր վրա է կենտրոնացնում ուշադրությունը, իսկ ուշադրությանը հաջորդում է նախադպրոցականի հոգեկանը։
  • Նման արդյունքի կարող են հանգեցնել նաև բարձր կամ տոնային տեսանկյունից կլանող ձայնային բաղադրիչները։
  • Կախվածությունն ու ընդունված նորմերից դուրս պատկերները նույնպես գրավում են երեխայի ուշադրությունը դեպի էկրանը, քանի որ, ըստ հոգեկան գործընթացների նպատակաուղղվածության և շարժման` միապաղաղությունը ձանձրույթ է առաջացնում։
  • Մուլտֆիլմի հերոսի դիմապատկերը խոշոր պլանով ցուցադրելը նույնպես հանդիսանում է փոքրիկ հեռուստադիտողին հիպնոզային ֆոնի թիրախը դարձնելու միջոց։ Էկրանին տեսնելով մարդու դեմք, լինի այն գրավիչ կամ անհրապույր, միևնույն է, ակամայից փոքրիկի ուշադրությունը սևեռվում է հեռուստաէկրանին։
  • Բարձր ձայնի և դրվագների ակնթարթային փոփոխում, որից հետո նյարդային համակարգի կտրուկ գրգռումը փոխարինվում է արգելակմամբ. Այս մեթոդը կարող է հանդիպել ինչպես` մանկական մուլտֆիլմերում, այնպես էլ` տարբեր գովազդային, հեռուստածրագրային տեսարաններում կամ ֆիլմերում։
  • Ընդհատելով մուլտֆիլմն ամենահետաքրքիր հատվածում` երեխային ստիպում է անհամբերությամբ սպասել հաջորդ մասին, ինչը նրան դարձնում է հետաքրքրված և բաց` հաջորդ մասի ներշնչող ազդեցության համար։
  • Տեսահամակարգչային հատուկ էֆեկտներն ակնթարթորեն ներթափանցում են հոգեկան մակարդակ և առաջացնում են մասնակի շեղումներ` ներշնչման կամ հոգեկան գործընթացների փոփոխման նպատակով։
  • Որոշակի ազդանշանների և երաժշտության հավաքածու, որոնք բացում են ճանապարհ դեպի մարդու ենթագիտակցություն։ Գործում է հետևյալ կերպ. երբ ենթագիտակցությունը բաց է և պատրաստ տեղեկատվություն ընդունելուն, մարդուն տրվում է նախատեսված հաղորդագրությունը տեսարանի միջոցով, որն իր հերթին` տեղավորվում է հիշողության մեջ, որին էլ հաջորդում է ընտրված մեղեդի` փակելու մուտքը դեպի ենթագիտակցական։
  • Հեռուստատեսային նկարահանումը և հաջորդող վերամշակումը կարող են ստեղծել կատարյալ մարդու կերպար, կատարյալ հանգամանք, կատարյալ իշխանություն, և` ընդհակառակը, այսինքն` կարող են վերափոխել սուտը ճշմարտության, ճշմարտությունը` ստի։

Ցավոք սրտի, ներկայումս հեռարձակվող մուլտֆիլմերը, ելնելով հոգեբանական, մանկավարժական և էթիկական տեսանկյունից, ստեղծված են ոչ գրագետ և կարող են երեխայի համար լինել վնասաբեր։ Երեխաները հավատում են այն ամենին, ինչ տեսնում են, հատկապես` նախադպրոցականները, քանի որ նրանք դեռ հավատում են հեքիաթներին։ Իսկ ուղեղը, տեղեկատվության բազմակի կրկնման ժամանակ, համակերպվում և ընտելանում է դրան` որպես ճշմարտություն։ Հետևաբար` հեռուստացույցն ավելի շատ է երեխային դաստիարակում, քան ծնողը կամ մանկավարժը։

Հոգեբանի խորհուրդը մուլտֆիլմեր ընտրելու և դիտման ընթացքը կառավարելու վերաբերյալ.

  1. Ընտրել այն մուլտֆիլմերը կամ հաղորդաշարերը, որոնք երեխայի համար կլինեն ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգտակար։
  2. Նախապես ծանոթանալ մուլտֆիլմում արծարծվող թեմային և բովանդակությանը։
  3. Մուլտֆիլմեր ընտրելիս հաշվի առնել երեխայի տարիքը։
  4. Ամեն անգամ ժամանակ գտնել երեխայի հետ քննարկելու այն, ինչ նա դիտել է։
  5. Անհրաժեշտ է հիշել, որ մինչև 7 տարեկան երեխայի հեռուստացույց դիտելու ժամաքանակը` շաբաթվա կտրվածքով, չպետք է գերազանցի 6-7 ժամը։
  6. Թույլ չտալ դիտել հեռուստացույց կիսամութ սենյակում և մոտ տարածությունից։
  7. Թույլ չտալ դիտել հեռուստացույց ճաշելիս կամ պառկած դիրքից։

Պետք է հիշել, որ մուլտֆիլմերը և՛ կարող են լինել մեր օգնականները, և՛ կարող են վերածվել չարիքի, որին մենք ինքներս ենք հյուրընկալել։ Ոչ մի մուլտֆիլմ չի փոխարինի սեփական ծնողի հետ բնական շփմանը, որի կարիքը նա այդքան ունի։

Տեսանյութեր

Լրահոս