Ինչպե՞ս են մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեկան զարգացման վրա
Սոցիալական և հասարակական կյանքի փոփոխություններից ելնելով` վերջին ժամանակաշրջանում նախադպրոցականներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մուլտֆիլմեր դիտելով։ Մուլտֆիլմերը, սակայն, ժամանակի ընթացքում դադարել են լինել մշակութային արժեք։ Եթե երկու տասնամյակ առաջ մուլտֆիլմերի մեջ որոշակի դաստիարակչական, ուսուցողական, ճանաչողական նպատակ էր դրվում, ապա այսօր մուլտֆիլմերից շատերի թեմատիկան խնդրահարույց է։ Ինչպես հայտնի է` հեռուստատեսությունը որոշակի առումով ձևավորում է երեխայի հոգին և իմացական համակարգը, դաստիարակում և ձևավորում է նրա աշխարհայացքը, ճաշակը և ընտրողականությունը։
Ինչպե՞ս են մուլտֆիլմի բացասական տեսարաններն ազդում երեխայի անձնային-հուզական ոլորտի զարգացման վրա։
գ Ագրեսիվության տեսարան. Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն ագրեսիվ են, նրանք նպատակաուղղված են վնաս պատճառել շրջապատին, հարվածում կամ սպանում են մյուս հերոսներին, ընդ որում, նման ագրեսիվ վարքային դրսևորումների մանրամասները, ագրեսիվ վերաբերմունքը բազմակի կրկնվում է, մանրամասնորեն ներկայացվում։
Ազդեցությունը և հետևանքները. Երեխաների մոտ սկսում է արտահայտվել դաժանություն, անխղճություն, անհիմն չարություն, և իրական կյանքում երեխան դառնում է ագրեսիվ։
- Դևիանտ (հասարակական նորմերից շեղվող) տեսարան- Ամենաթողության և ամենակարելիության գաղափարախոսություն։ Նման տեսարաններում ոչ ոք մուլտֆիլմի հերոսին չի սովորեցնում կանոնակարգություն, չի տարանջատում կարելի և ոչ կարելի գործողությունները։ Վատ հերոսները մնում են անպատիժ, քանի որ չկա հստակեցում` ի՞նչն է լավ, ի՞նչը` վատ։
Ազդեցությունը և հետևանքները. Երեխայի մոտ ամրապնդվում է բացասական վարքի անպատժելիության պատկերացում, վերանում են սահմանափակումները։ Լավ և վատ, հանդուրժելի և անհանդուրժելի արարքները չեն տարանջատվում։ Ձևավորվում է ամենակարելիության կարծրատիպ։
- Երեխայի կյանքի համար վտանգ պարունակող վարքային տեսարաններ. նման տեսարանների կրկնօրինակումը ողջամտությունից հեռու է, աննպատակ և վտանգավոր։
Ազդեցությունը և հետևանքները. երեխաների մոտ նկատվում է հակում հերոսի արարքների կրկնօրինակման։ Երեխայի ինքնապահպանման բնազդի հետզարգացում։ Վտանգը զգալու և ընկալելու սահմանի նվազում, ինչը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր վարքի և վնասվածքների։
- Տեսարաններ, որտեղ հերոսները դրսևորում են իրենց սեռին ոչ համապատասխան վարք. սեռադերային վարքի, պարտականությունների, տեսքի միախառնում։
Ազդեցությունը և հետևանքները. երեխայի մոտ ձևավորվում են ոչ ադեկվատ պատկերացումներ սեռադերային համապատասխան վարքի վերաբերյալ, ինչպես նաև սեռային նույնականացման աղճատում։ Երեխան հստակ չի պատկերացնում տղամարդու և կնոջ վարքային առանձնահատկությունները, վարքային կանոնները, դերային պարտականությունները։
- Տեսարան, որտեղ առկա է մարդկանց, կենդանիների և բույսերի հանդեպ անհարգալից վերաբերմունք։ Նման տեսարաններում անպատժելի է մնում ծաղրանքը` ուղղված ծերությանը, անօգնականությանը, թուլությանը, անկարողությանը։
Ազդեցությունը և հետևանքները. բացասական վերաբերմունք ծանոթ մեծահասակների և հասակակիցների հանդեպ։ Անվանարկումներ` ուղղված մեծերին, անընդունելի վարք և վերաբերմունք պարունակող ժեստեր, կոպտություն, անխղճություն։ Ձևավորվում է արժեքային համակարգի բացակայություն, եսասիրություն, դաժանություն։
- Տգեղ և անհրապույր տիկնիկ-հերոսներով լի տեսարաններ. երեխայի համար մուլտ-տիկնիկների արտաքինն ունի առանձնահատուկ կարևորություն։ Դրական կերպարները պետք է լինեն գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, իսկ բացասական կերպարները` ընդհակառակը։ Շատ հաճախ բոլոր կերպարները` առանց բացառության, լավ թե վատ, շատ տգեղ և տձև մարմնակառուցվածք ունեն։
Ազդեցությունը և հետևանքները. երեխայի մոտ բացակայում է հերոսի կերպարը, վարքը և վերաբերմունքը ճիշտ գնահատելու ունակությունը։ Չի կարողանում տեսողական տարանջատել լավ և վատ կերպարները։
- Համբուրվող արքայադստեր և արքայազնի տեսարան. իրականում նմանատիպ տեսարաններն անընդունելի են երեխայի նոր ձևավորվող հոգեկանի համար։ Կերպարները համբուրվում են, մտերմանում և իրենց բոլոր վարքային դրսևորումներով սեռական հարաբերություններ են ակնարկում։ Մուլտարտադրողներն ամեն տարի ավելի են մերկացնում և մարմնակառուցվածքով ավելի գրավիչ դարձնում արքայադուստրերի կերպարները։
Ազդեցությունը և հետևանքները. աղջիկ երեխաները նման կերպարների հիման վրա ձևավորում են պատկերացում սեփական մարմնի կառուցվածքի մասին և շատ են վշտանում, երբ իրենց և սիրելի մուլտ-գեղեցկուհու կառուցվածքները չեն համապատասխանում։ Հետևանքները շատ մտահոգիչ են, քանի որ աղջիկներն այս ամենի հիմքում դառնում են ներամփոփ, իսկ տղաները սիրահարվում են միայն անիրական գեղեցկուհիներին։ Տեղի է ունենում իրականության աղճատում, որը հետագայում կարող է ամրապնդվել և մարդուն ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում։
հոգեբան