«Հայաստանն այսօր շատ ավելի պատրաստ է պատերազմի, քան ապրիլյան պատերազմի շեմին». Եվսեև

«Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը սկսել է վերանայել իր ԶՈՒ-ում առկա թերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարվածությանը և պատերազմի վերսկսման հավանականությանը:

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվեց փետրվար ամսից: Իսկ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Իրավիճակը շփման գծում շարունակում է այս օրերին ևս մնալ լարված:

Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ նախորդ տարի սանձազերծված ապրիլյան պատերազմը փոխեց հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը՝ Հայաստանին նույնիսկ ժամանակավոր առավելություն տալով, քանի որ Հայաստանում հայտնվեցին այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Իսկանդերը», «Սմերչը», «Բուկը», «Սոլնցեպյոկը» և «Ավտոբազա» համակարգերը:

Ըստ նրա՝ հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ լարվածություն է բռնկվում, բայց Բաքուն շատ լավ է հասկանում, թե ինչ զինատեսակների է տիրապետում Հայաստանը, և, որ դրանք կարող են գործի դրվել՝ ըստ անհրաժեշտության: Բնականաբար, նրա համոզմամբ՝ այս զինատեսակները, ՀՕՊ միացյալ համակարգը, հայ-ռուսական միացյալ զորամիավորումը, որը թեկուզև այլ խնդրի լուծմանն է ուղղված, զսպիչ գործոն են տարածաշրջանում, հավելյալ մտածելու տեղիք են տալիս ադրբեջանական կողմին, քանի որ միայն «Իսկանդերը» Ղարաբաղում տեղակայվելու դեպքում կարող է ճշգրիտ հարված հասցնել Բաքվին, մնացած զինատեսակներն ուղղված են հակաօդային պաշտպանությանը՝ մաս կազմելով ՀՕՊ համակարգին:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ որևէ տարածաշրջանային ուժի համար պատերազմական գործողությունները Ղարաբաղում ընդունելի սցենար չեն, միջնորդները չեն աջակցում Ադրբեջանի մերժողական քաղաքականությանը, Հայաստանը վերանայել է թերություններն իր զինված ուժերում, համալրվել է նոր զինատեսակներով, այնպիսի զինատեսակներով, որոնց բացակայությունն իրեն զգացնել տվեց ապրիլյան պատերազմի ընթացքում, բացառում եմ պատերազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը:

Բայց հնարավոր եմ համարում ապրիլյան պատերազմի նման սցենարների կրկնությունը, քանի որ այն պատճառները, որոնք հանգեցրին այդ պատերազմին, չեն լուծվել: Սակայն, նույնիսկ, եթե լինի պատերազմ կամ ապրիլյան իրադարձությունների կրկնություն, Հայաստանն այլ պատասխան է տալու հակառակորդին, քանի որ շատ ավելի պատրաստ է նման սցենարի այսօր, քան ապրիլյան պատերազմի շեմին: Կողմերը հասկանում են, որ այս տարի պատերազմական գործողությունները կարող են շատ ավելի վտանգավոր և արյունալի լինել»,- նման տեսակետ հայտնեց Եվսեևը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ռազմական վերլուծաբանն ասաց, որ դժվար է պատկերացնել բանակցային գործընթաց, երբ չկա վստահություն կողմերի միջև, ավելին, մերժվում են վստահության մեխանիզմներ ներդնելու բոլոր առաջարկները, ինչը մեծ սխալ է, քանի որ բոլորին հայտնի է, թե ով է սրում իրավիճակը հակամարտ գոտում, բայց չկան դրա փաստերը, որոնք հնարավորություն կտան զսպել իրավիճակը լարող կողմին:

«Բանակցային մեծ սխալ եմ համարում Ղարաբաղի բացակայությունը բանակցային սեղանից՝ այն դեպքում, երբ ԼՂ-ն հրադադարի հաստատման համաձայնագրերի կողմ է, իսկ այսօր, ըստ էության, այդ համաձայնագրերին փոխարինող այլ փաստաթղթեր չկան: Բանակցություն չի կարող լինել, երբ շփման գծի առաջնագծում ծանր զինտեխնիկա է կանգնած, լարվածությունը չի նվազում»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս