
Օրենսդրական փոփոխություններ` ճանապարհային երթևեկության ոլորտում

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտը:
«Գագիկ Մելիքյանն առաջարկել էր օրենքը կիրառելիս հետադարձ ուժին վերաբերող կարգավորումներ նախատեսել: Առաջարկության համաձայն՝ օրենքի նախագծի երկրորդ հոդվածում լրացվել է նոր երկրորդ մաս, որով հստակ սահմանվում է, որ օրենքը կիրառվելու է նաև այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և ուժի մեջ մտնելու պահին օրենսգրքի 305 հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն լրացել: Նման մոտեցումը համահունչ է նաև ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի՝ միայն արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները հետադարձ ուժ ունեն, եթե այդ մասին նշվում է տվյալ օրենքում: Բացի այդ, տվյալ նորմը հետադարձությամբ կիրառելու դեպքում՝ կարող է անհավասար մոտեցում դրսևորվել նախկինում իրավախախտում կատարած վարորդների նկատմամբ»,- նշեց փոխոստիկանապետը:
Նրա խոսքով՝ օրենքի առաջին հոդվածում ևս կատարվել է լրացում: Մասնավորապես, օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի տարաժամկետման համար նախատեսված 10-օրյա ժամկետը փոխարինվել է 30 օրով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված կարճ ժամկետը հաճախ անհարմարություն էր առաջացնում քաղաքացիների համար: