Բաժիններ՝

«Կառավարությունն իրա գլխին սարքում ա». Խաչատուր Քոքոբելյան

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Ըստ նրա` օրենքի գործարկման արդյունքում` 2015 թ.-ից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը, խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը:

Մասնավորապես, օրենքի կիրարկման արդյունքում մինչ օրս հավաստագրվել են ոլորտի 133 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց կողմից ստեղծվել են 630-ից ավելի նոր աշխատատեղեր, այն դեպքում, երբ 2014 թ. ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծվել է ընդամենը 16 ընկերություն:

Տարասյանը նշեց, որ նախագծով առաջարկվել է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանափակել հավաստագրման համար դիմելու այն տնտեսավարող սուբյեկտների իրավունքը, որոնց բաժնետերերից  որևէ մեկը հանդիսանում է սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից, ինչը պայմանավորված է հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ի հայտ եկող նման նախադեպերով:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վրդովված հայտարարեց, որ ինքն արդեն նման օրինագիծ մշակել և ներկայացրել էր, բայց այն ուղղակի կորել էր կառավարությունում, և հիմա բերվում է նույնանման նախագիծ ու ներկայացվում, թե իբր կառավարությունն է մշակել. «Բա որ մենք առաջարկում էինք, ինչի՞ նախօրոք դեմ էիք սրան: Թանաքը չչորացած՝ բերում են, կամ ասեիք՝ կա նման նախագիծ: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ես պատրաստ եմ հրաժարվել իմ օրենսդրական նախաձեռնությունից, թող լինի կառավարության նախագիծը, մենակ թե լինի»:

«Հո դուք ստաժոր չե՞ք: Կա՛մ համատեղեք, կա՛մ ասեք, որ դուք ո՛չ տեսնում եք, ո՛չ լսում»,- վրդովված հայտարարեց Քոքոբելյանը:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հաստատեց գործընկերոջ խոսքերը և նշեց, որ իրականում ԱԺ օրակարգում համանման բոլոր մոտեցումները կան. «Մոտեցումը միանման է, որ արտոնություններ տան ոլորտին, նույն առաջարկություններն են, գաղափարական մասով նույնն է, տեխնիկական լուծումները կարող է տարբեր լինեն: Ես առաջարկում եմ` միավորեք, անունը կլինի՝ կառավարություն-Քոքոբելյանի, կամ Քոքոբելյանի: Ինչ կձևակերպեք, դուք գիտեք, բովանդակությունը նույնը լինի»:

Է.Տարասյանը փորձեց որոշակի թվերի տարբերություն նշել, սակայն Այվազյանն ընդհատեց նրան և հորդորեց միասին աշխատել, քանի որ կոնցեպտուալ առումով նույն նախագիծն է:

«Կառավարությունն իրա գլխին սարքում ա»,- նկատեց Քոքոբելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս