Հայ-ռուսական դաշնակցության բացասական և դրական կողմերը
«Ինչպիսի մասեր էլ տանես գործարանից,
երբ սկսում ես տանը հավաքել,
միևնույնն է, ստացվում է Կալաշնիկովի ինքնաձիգ»:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային այս մորուքավոր անեկդոտը, որպես սույն հետազոտության նախաբան, ընտրվել է ամենևին ոչ պատահական՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ 1992թ. դիվանագիտականհարաբերությունների հաստատման հենց սկզբից Ռուսաստանը մեր երկրի հետ հարաբերություններում գիտակցաբար, թե ոչ, բայց գրեթե միշտ օգտագործել է ինքնաձիգ: Եվ, եթե նույնիսկ հայկական կուրսի ուղղման փորձեր էլ են երբևէ ձեռնարկվել, ապա, միևնույնն է, ստացվել է ինքնաձիգ կամ ինքնաձիգի միջոցով իրականացվող քաղաքականություն, ընդ որում, ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով: Հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանն «ինքնաձիգային» քաղաքականությունն օգտագործում է ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային շատ երկրների հետ հարաբերություններում:
Իհարկե, այն դեպքերում, երբ դա հնարավոր է համարվում: Ցավոք: Ինքնաձիգը ռուսական քաղաքականության հիմնական գործիքն էր Բորիս Ելցինի օրոք, երբ Հայաստանի հետ հարաբերություններն առավել բարեկամական էին: Ինքնաձիգը շարունակում է մնալ այդ գործիքը նրա հաջորդի`Վլադիմիր Պուտինի օրոք, ում կառավարման ժամանակ մեր երկրի հետ հարաբերությունները սկսեցին ամբողջությամբ բնորոշվել պրագմատիզմով:
Պրագմատիզմն այսօրվա սրընթաց գլոբալացվող աշխարհում, թերևս, այն գլխավոր կանխադրույթներից մեկն է, որի հիման վրա կառուցվում են միջազգային հարաբերությունները: Եվ ամբողջությամբ վերցրած, ցանկացած ողջամիտ մարդ պետք է հավուր պատշաճի ըմբռնի դա: Դա այլ կերպ չէր ընկալվի, եթե Հայաստանը Ռուսաստանի՝ փաստաթղթով ձևակերպված ռազմավարական դաշնակիցը չլիներ. Ռուսաստանի հիմնական դաշնակիցը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ հետխորհրդային տարածքում, ինչի վկայությունը Մոսկվայի նկատմամբ Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների վարած բավականին երկիմաստ քաղաքականությունն է: Սակայն հայկական և ռուսական ԶԼՄ-ների էջերում «Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է» նախադասությունն առավել ուղեկցվում է «համարվում է» բառով: Եվ դա տեղի է ունենում ամենևին ոչ պատահական, այլ հենց դաշնակցային պետության նկատմամբ Մոսկվայի «ինքնաձիգային» քաղաքականության հետևանքով: Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ ինքնաձիգ կիրառվում է ինչպես մտրակի, այնպես էլ բլիթի տեսքով: Ինքնաձիգի միջոցով կաշառում են, սիրաշահում, խրախուսում, ակնարկում, նաև ժամանակ առ ժամանակ սպառնում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ խփում գլխին:
Անհրաժեշտ է հատուկ նշել, որ ինքնաձիգի հաջողությունը, մերձավոր դաշնակցի նկատմամբ որպես քաղաքականության գործիք, ոչ վերջին հերթին պայմանավորված է չկարգավորված, հնացած և պարբերաբար ծխացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությամբ: Այս թեզի վառ ապացույցը մենք կարող էինք տեսնել 2016թ. հակամարտության ապրիլյան շիկացման օրերին, որն արդեն վաղուց ստիպված չենք «սառեցված» անվանել: Եվ, կարծես թե Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվան մտադիր չէ «կոշտ ուժ»-ը փոխարինել «փափուկ ուժով»: Համենայն դեպս, դա տեսանելի ապագայում: Այնուամենայնիվ, նույնիսկ այդպիսի պայմաններում հայ-ռուսական դաշնակցության մեջ օբյեկտիվորեն գոյություն ունեն ինչպես բացասական կողմեր, այնպես էլ առավելություններ, որոնք, ի թիվս այլոց, պայմանավորված են մեր երկրի ոչ լավագույն աշխարհագրական դիրքով:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով Հայաստանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարության մի շարք հայտարարություններից՝ Երևանը Մոսկվայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը կարծես թե դիտարկում է որպես իր պաշտպանական և անվտանգության քաղաքականության առանցքային տարր: Այս բազմամյա միտման անշեղության վերջին վկայությունը դարձան երկրի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությունները:
Հատկանշական է, որ որպես պաշտպանության նախարար իր առաջին արտասահմանյան այցը հենց Ռուսաստան կատարելով` Մոսկվայում Սարգսյանը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազան բնութագրեց որպես «Հայաստանի անվտանգության անքակտելի մաս»: Ավելին, պաշտպանական գերատեսչական ղեկավարը ռուսաստանյան իր այցն օրինաչափություն համարեց` հաշվի առնելով «Հայաստանն ու Ռուսաստանը հանգուցող ռազմավարական դաշնակցային կապերը, ինչը միանշանակ ընկալվում է ոչ միայն քաղաքական ղեկավարության մակարդակով, այլև երկրի ժողովրդի կողմից, ով Ռուսաստանին միանշանակ համարում է գլխավոր գործընկեր»:
Պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունները, ելնելով տարածաշրջանային համատեքստից, առաջին հերթին բնորոշվում են անվտանգության բնագավառում բավականին ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ: Եվ այս լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանը հատուկ տեղ է գրավում, իսկ Հայաստանը, իր հերթին, ամուր ամրակցել է իրեն Կովկասում Մոսկվայի տարածաշրջանային ռազմավարության առաջամարտիկի դերը: Ոմանք, մեր կարծիքով, սխալմամբ հակված են Հայաստանի այս առաքելությունը դիտարկել միակողմանիորեն`երկիրն անվանելով ֆորպոստ: Սակայն դա ամենևին այդպես չէ` հաշվի առնելով ինչպես Ռուսաստանից Հայաստանի, այնպես էլ Հայաստանից Ռուսաստանի փոխկախվածությունը: Ցավոք սրտի Հայաստանում, Ռուսաստանում և դրսից Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների մասին ավանդաբար փոքր-ինչ պարզունակ պատկերացում կա:
Մինչդեռ իրականում այդ քաղաքական հարաբերություններն ունեն առնվազն մի քանի բարդ մակարդակներ և փոխադարձ, այլ ոչ թե միակողմանի կախվածություն, ինչպես ոմանց կողմից է ներկայացվում: Այդ թեզի հաստատման համար բերենք ընդամենը մի քանի գործոններ`Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, դրա շուրջ առնվազն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, էլ չասած՝ արդեն համաշխարհային խաղացողների շահերի խճճված կծիկը, ինչպես նաև Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունը: Այս համատեքստում, ոչ վերջին հերթին հարկ է հիշեցնել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դրա կարգավորմամբ զբաղվում է 1992թ. մարտից:
Հայաստանում ռուսական ռազմական ներկայության գլխավոր գործոններից են` 1992թ.-ից Գյումրիում տեղակայված, նախկին խորհրդային բանակի ստորաբաժանումների վրա հիմնված ռուսական 102-րդ ռազմաբազան և Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի սահմանները վերահսկող ռուս սահմանապահները: Այստեղ տեղին է հիշատակել 1995թ. պայմանագրի՝ 2010թ. օգոստոսին ստորագրված Լրացուցիչ արձանագրության համաձայն Հայաստանի տարածքում 102-րդ ռազմակայանի գործառնության ժամկետների ևս 25 տարով երկարաձգումը: Հատկանշական է, որ այդ նույն փաստաթղթով 102-րդ բազայի պատասխանատվության աշխարհագրական գոտու մեջ ներառվեց ամբողջ Հայաստանի տարածքը: Բացի դրանից Հայաստանը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմաքաղաքական դաշինքի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միակ և բավականին ակտիվ անդամն է Հարավային Կովկասում:
Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում 2016թ. ապրիլին վերջնականապես ավարտվեց Ռուսաստանի և Բելառուսի միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը, որին Հայաստանը միացավ մեկ տարուց քիչ ավելի առաջ: Պայմանագրի համաձայն միացյալ ՀՕՊ-ի կովկասյան հատվածի գործողությունները կկառավարվեն Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հրամանատարության անմիջական համակարգման ներքո գործող ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությամբ:
Հայաստանի զինված ուժերի կառավարումը միացյալ ՀՕՊ-ի վրա սահմանափակվում է մեկ մարտական օղակի կառավարմամբ: Համաձայնագրով նախատեսվում է երկուստեք ինքնուրույն որոշումների ընդունման հնարավորություն, սակայն բացառապես խաղաղ պայմաններում: Մինչդեռ այն հարցի հստակ պատասխանը, թե ինչպես Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ հրամանատարությունը կգործի արտակարգ իրավիճակներում, չկա՝ հաշվի առնելով, որ համատեղ ՀՕՊ-ի պայմանագրի դրույթների մեծ մասը կողմերից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է մեկնաբանել իր օգտին:
Անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բոլոր այդ գործոնները, հաշվի առնելով անկախության 25 տարում այլընտրանք ստեղծելու անկարողությունը կամ ցանկության բացակայութունը, միանգամայն հիմնավորված և բանական են թվում: Սակայն, հենց այդ գործոնները, ի թիվս այլոց, հանգեցրեցին մի իրավիճակի, երբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հիմքում դեռևս ընկած են Կրեմլի, այլ ոչ ամենևին՝ Երևանի պրագմատիկ շահերը:
ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը մինչև որոշակի պահը, ընդհանուր առմամբ, բնութագրվում էր Ռուսաստանի տարբեր զորամասերից և պահեստներից օգտագործված ռազմական տեխնիկայի, սպառազինության և զինամթերքի՝ Հայաստանին բավականին արտոնյալ պայմաններով մատակարարումներով: Սակայն վերջին երկու տարիներին երկրների ռազմատեխնիկական համագործակցության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որը, առաջին հերթին, արտահայտվում է նույն Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում հանրապետությանը ռուսական սպառազինությունների նորագույն տեսակների մատակարարումների գործընթացով: Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման մասին համաձայնագրով, որը կնքվել է 2015թ., 3%-ոց վարկի մարումը ռուբլով Երևանը կսկսի իրականացնել միայն 2018թ.-ից, 10 տարվա ընթացքում, իսկ կանխավճարը կկազմի միայն 10%:
Այդ վարկի շրջանակներում Հայաստանի զինված ուժերն արդեն ձեռք են բերել և ձեռք կբերեն 9K58 «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 9К338 «Игла-С» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա պասիվ կայաններ, ТОС-1А «Солнцепёк» համազարկային կրակի համակարգեր, «Тигр» զրահամեքենաներ, «Конкурс-М» հակատանկային հրթիռային համալիրներ, РПГ-26 հակատանկային նռնականետեր, հրաձգային զինատեսակներ, T-72 տանկերի և հետևակի մարտական մեքենաների համար շարժիչներ և նշանոցներ, կապի միջոցներ, ինժեներական տեխնիկա, «КамАЗ»-ներ:
Բնականաբար, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված «Искандер» 9K720 ՕՄՀՀ (օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր) դիվիզիոնները (չշփոթել «Искандер-К» և «Искандер- M» մոդիֆիկացիաների հետ) իրենց բարձր արժեքի պատճառով չէին կարող գնված լինել այդ վարկի շրջանակներում: Դա Հայաստանին ռուսական զենքի՝ գոյություն ունեցող ստվերային մատակարարումների հերթական ապացույցն է:
Սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մեկ այլ հատվածի` համատեղ ռազմարդյունաբերական համալիրի վրա: Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությանը զուգահեռ աստիճանաբար մի նոր մակարդակի է հասնում սեփական՝ հայկական ռազմարդյունաբերական համալիրի կատարելագործման գործընթացը: Առաջին համատեղ ձեռնարկությունը դարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության շրջանակներում 2013թ. հիմնադրված ռազմական մեքենաների վերանորոգմամբ զբաղվող «Камаз-Армения» ԲԸ-ը: Եվ այսօր այդ գործընթացի հաջողության մասին են վկայում վերջերս Երևանում ArmHiTec-2016 սպառազինությունների և ռազմական տեխնիկայի առաջին միջազգային ցուցահանդեսին ցուցադրված Հայաստանում արտադրված զինատեսակները:
Ցուցահանդեսին մասնակցեցին Ռուսաստանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից առաջատար արդյունաբերական ձեռնարկություններ և հետազոտական ինստիտուտներ` պաշտպանական նշանակության արտադրանքի հայկական արտադրողները` Unicum ընկերությունը, «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, MergelyanCluster բարձրտեխնոլոգիական համալիրը, Էջմիածնի սարքաշինական գործարանը, «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ն, 65-րդ ռազմական գործարանը», «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ-ն և այլք ցուցահանդեսին ներկայացան անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ), հրաձգային զենքերով, բարձր տեխնոլոգիական սարքերով, օպտիկայով, հայկական արտադրության այլ զինատեսակներով:
Այստեղ տեղին է հիշել Հայկական ԽՍՀ ռազմարդյունաբերական համալիրի զբաղեցրած արժանի դիրքերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էլեկտրոնիկան, օպտիկան, լազերային տեխնիկան, կիբեռնետիկան, ռադիոֆիզիկան: Հասկանալի պատճառներով այդ խոշոր նվաճումները և գլխավորը՝ կադրերը, վերջին 25 տարիների ընթացքում այլևս կորսվել են: Եվ հենց ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն է թույլ տալիս գոնե ապագայում հայրենական ռազմարդյունաբերական համալիրի վերականգնման հույս փայփայել:
Այս լույսի ներքո, թվում է, թե Երևանում դեկտեմբերի 10-ին համապատասխան արձանագրությունների ստորագրմամբ սկսված, ավելի վաղ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում բավականին բարձր մակարդակով հնչեցված «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական միջպետական ֆինանսարդյունաբերական խմբին Հայաստանի միանալու գաղափարի իրականացումը նույնպես շոշափելի քայլ կդառնա այդ ուղղությամբ: Ադրբեջանի հետ հակամարտության վիճակում գտնվող Հայաստանն այսօր առնվազն սեփական արտադրության զինամթերքի և ռազմական տեխնիկայի կենսական անհրաժեշտություն է զգում:
Եվ այս դեպքում Ռուսաստանի հետ այլընտրանք չունեցող համագործակցությունը սեփական ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու և տարբեր գիտական մշակումների ու տեխնոլոգիաների փոխանակման զգալի հնարավորություն է: Հնարավորություն, որը, իհարկե, բարձրացնում է Հայաստանի պաշտպանունակությունը:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ
Հայ-ռուսական հարաբերությունները լրացնող, ընդ որում, բավականին ոչ միանշանակ մեկ կետ է ևս Գյումրիի 102-րդ բազայի և Հայաստանի զինված ուժերի կորպուսներից մեկի կազմում գործող հայ-ռուսական միացյալ զորախումբը: Պետք է նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2016թ. նոյեմբերի 14-ի կարգադրությունը, որը հավանություն էր տալիս կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ Հավաքական անվտանգության Միացյալ զորախումբ (ՄԶ) ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմանը, հայ հասարակության մտածող մասի հերթական պառակտման պատճառ դարձավ: Արևմտամետ գործիչները շտապեցին ՄԶ-ը ներկայացնել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի վերջնական նվաճման հերթական մեխանիզմ: Ռուսամետներն այն ներկայացրեցին որպես Հայաստանի և նույնիսկ Արցախի անվտանգության ապահովման հերթական երաշխիք: Այնուամենայնիվ, արդեն նոյեմբերի 30-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրեցին Միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Հինգ տարի ժամկետով կնքված համաձայնագիրը նախատեսում է նաև ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորություն կողմերից մեկի` այդ համագործակցությունը շարունակելու մերժման բացակայության դեպքում:
Երկու երկրների կողմից հայտարարված «կողմերի վրա զինված հարձակմանը, ինչպես նաև անվտանգության այլ մարտահրավերների և սպառնալիքների համարժեք արձագանքելու ունակ» ՄԶ ստեղծելու համաձայնագրի նպատակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովումն է»: Համաձայնագրում նշվում է, որ խաղաղ պայմաններում ՄԶ-ի հրամանատարությունը կկազմվի Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներից: Հրամանատարը կնշանակվի Հայաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարի հետ համաձայնեցված: Սակայն, եթե խաղաղ պայմաններում ՄԶ-ը կենթարկվի Հայաստանի գլխավոր շտաբի պետին, ապա պատերազմականի դեպքում, «կախված ստեղծված իրավիճակից», նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին: Վերջին կետը վիճելի է և միանգամայն հիմնավոր կասկածներ է առաջացնում Հայաստանում: Հասկանալի է, որ խաղաղ պայմաններում խմբավորումը կշարունակի տեղակայվել 102-րդ ռուսական ռազմակայանում և Հայաստանի Զինված ուժերի համապատասխան կորպուսի գնդերում:
Եվ այստեղ նրան կարող է ղեկավարել թեկուզ Բելառուսի ներկայացուցիչը: Իր հիմնական գործառույթները ՄԶ-ը, բնականաբար, կիրականացնի պատերազմի ժամանակ, ինչպես նաև, բնական է, որ այստեղ «կախված ստեղծված իրավիճակից» նախադասությունը միանգամայն հիմնավոր տագնապ է առաջացնում: Եվ մերձավոր դաշնակցի նկատմամբ Մոսկվայի «ինքնաձիգային քաղաքականությունն» այդ տագնապը միայն ամրապնդում է, քանի որ պատերազմական ժամանակ ՄԶ-ը նույնպես կարող է վերածվել հենց այս քաղաքականության հերթական մեխանիզմի: Այսպիսով, ՄԶ-ի ստեղծումը արդարացիորեն առաջացնում է մի շարք կասկածներ ու հարցեր ռազմավարական դաշնակիցների միջև բացառապես վստահության ոչ ամենաբարձր մակարդակի պատճառով: Եվ հանուն անաչառության պետք է նշել, որ այդ կասկածները մի շարք բավականին հիմնավոր պատճառներով կրում են փոխադարձ բնույթ:
Բացառելով փոխադարձ վստահության անբավարարության գործոնը՝ թվում է, թե իրականում ՄԶ-ի ստեղծումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում հայ-ռուսական ռազմական և քաղաքական համագործակցության երկարամյա տրամաբանական շարունակությունն է: Համագործակցություն, որը, ցավոք սրտի, պարբերաբար սնուցվում է Ադրբեջանի կողմից գոյություն ունեցող իրական և հաճախ՝ Թուրքիայի կողմից մտացածին սպառնալիքների առկայությամբ:
Հենց միայն Հայաստանի տարածքում, ակնհայտորեն ոչ լավ կյանքից, 102-րդ ռազմաբազայի տեղակայման փաստը տրամաբանորեն ենթադրում է նման խմբավորման ստեղծում: Ընդ որում, բացառել այն իրավիճակը, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ՄԶ-ը կարող է գործի դրվել Ադրբեջանի դեմ նույնպես, պետք չէ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի վրա ՄԶ-ի մասին համաձայնագրի գործողությունը չի տարածվում, սակայն հենց միայն ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանի տարածքում, բնականաբար, Բաքվի համար տագնապի նշան է: Նման վստահությունը հիմնված է Ադրբեջանի ազգային անվտանգության դոկտրինի «ոչ պաշտոնական» մասում՝ սպառնալիքների շարքում, Ռուսաստանի` պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու վրա: Բաքվում առաջին դեմքերի մտքերում տիրող տրամադրությունների ամբողջական պատկերը ստանալու համար ավելացնենք, որ Հայաստանը սպառնալիքների ցանկում միայն երրորդ տեղում է, իսկ երկրորդում Իրանն է:
Այսպիսով, հայ-ռուսական ՄԶ-ի ստեղծումը Երևանի և Մոսկվայի միջև 25 տարիների համագործակցության արդյունք է, որը Ռուսաստանի տեսանկյունից պայմանավորված է այդ թվում և ապրիլին խախտված տարածաշրջանային հավասարակշռության հավասարեցման անհրաժեշտությամբ: Երևանի տեսանկյունից Մոսկվայի հետ համագործակցությունը դեռևս այլընտրանք չունի, քանի որ Ռուսաստանի կողմից ապահովվող անվտանգության համակարգը մեկ ուրիշով փոխարինելն անհնար է: Համենայն դեպս այսօր:
Նման այլընտրանք, իհարկե, կարող էր դառնալ Եվրամիությունը, սակայն Եվրոպան այսօր իր անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ի միջոցով, որի անդամ է Թուրքիան: Եվրոպական անվտանգությունը վերջին տասնամյակներում գլխավորապես ապահովվել է ԱՄՆ-ի կողմից, ինչի վկայությունն ամերիկյան ուժերն են Եվրոպայում: Եվ այս լույսի ներքո ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կոչը` դադարեցնել այդ անվտանգության անվճար ապահովումը, հասկանալի պատճառներով Հին աշխարհում խիստ մտահոգություն է առաջացրել:
Եվ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի ծախսերի ավելի քան 70%-ն իր վրա է վերցնում ԱՄՆ-ը, սեփական անվտանգությունը Միացյալ Նահանգների կողմից ապահովելուն այլընտրանք դեռևս չունի հենց Եվրոպան: Իսկ ՆԱՏՕ-ում, համենայն դեպս, ներկայումս գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանին իր ռուսական «պոչերով» ակնհայտորեն չեն սպասում: Այսպիսով, ՄԶ-ի ստեղծումը Հայաստանի համար պարունակում է ինչպես դրական կողմեր` լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ ապահովելու տեսանկյունից, այնպես էլ բացասական կողմեր` մի այնպիսի երկրի նկատմամբ վստահության անբավարար մակարդակի տեսանկյունից, որն ունակ է «ինքնաձիգային քաղաքականություն» իրականացնել նույնիսկ ամենամոտ դաշնակցի նկատմամբ:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2015թ. հունվարի 2-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Սակայն դրա հետ միասին Երևանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Վերջին տարիներին հենց Ռուսաստանն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն օտարերկրյա ներդրողի դիրքերն էներգետիկ, բանկային, մետաղագործական, շինարարության ոլորտներում:
Ռուսական ընկերությունների սեփականության կամ կառավարման ներքո են գտնվում վառելիքաէներգետիկ համալիրի մի շարք ռազմավարական կարևոր օբյեկտներ, սկսած հայկական ատոմակայանից և այժմ արդեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից և վերջացրած «Հայաստանի էլեկտրական ցանցեր», Հրազդան ՋԷԿ, Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-եր, հանրապետության գազային և էլեկտրաբաշխիչ ցանցերով: 2008 թ.-ից հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը 30 տարով տրվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկությանը` Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին (ՀԿԵ), Հայաստանում հեռուստահաղորդակցության ոլորտը նույնպես հիմնականում ռուսական ընկերությունների` «ՄՏՍ»-ի, «Բիլայն»-ի և «Ռոստելեկոմ»-ի ձեռքում է:
Սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ծավալները վերջին տարիներին սկսել են անկում ապրել: Այստեղ հարկ է նշել, որ անկումն ընդհանուր բնույթ է կրում ԵՏՄ-ի բոլոր երկրների համար և պայմանավորված չէ զուտ հայ-ռուսական հարաբերություններով: Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալների՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները 2016թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել են տարեկան 72%-ով՝ հասնելով մինչև 27 մլրդ դրամի կամ 57 մլն դոլարի, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) 45% անկման պայմաններում ՝մինչև 44,4 մլրդ դրամի կամ 94 մլն դոլարի: Ընդ որում, հիմնական արտահոսքը բաժին է ընկել Ռուսաստանին` հասնելով 72.8 մլրդ դրամ բացասական ցուցանիշի՝ տարեկան 7 անգամ անկմամբ, 2015թ. 14.2 մլրդ դրական ցուցանիշի փոխարեն տարեկան կրկին 62,8% անկման պայմաններում:
Մինչդեռ Ռուսաստանից ՕՈՒՆ-ը դեպի Հայաստան նվազել է 6 անգամ` դրական 14,4 մլրդ ցուցանիշից`բացասական 55,4 մլրդ դրամ ցուցանիշի` 2015թ. 70.4% -ով անկման փոխարեն: Ռուսական ներդրումների արտահոսք է նկատվում էներգետիկ և գազային, հանքարդյունաբերության, մետաղների, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների արտադրության, մանրա-մեծածախ առևտրի և տրանսպորտի ոլորտներում:
Ընդ որում, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-հոկտեմբերին, այդուհանդերձ, դրական ցուցանիշ է արձանագրել`13,4% անցյալ տարվա 14,8% բացասական ցուցանիշի փոխարեն` հասնելով 1,077 մլրդ ԱՄՆ դոլարի: Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման` 295,1 մլն դոլար և ներմուծման՝ 781,7 մլն դոլարի մեջ: Արտահանման ցուցանիշները 2015թ. 29,4% անկումից հասել են 52.8% աճի, ներմուծման 10.7% անկումից` 3.3% աճի: 2016թ. հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ Ռուսաստանն է եղել հայկական ապրանքների հիմնական գնորդը` 20.3%: Այս ցուցանիշները, ընդհանուր առմամբ, բացատրվում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ և Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության շահութաբերությամբ` մաքսատուրքերի դրույքաչափերի փոխադարձ զրոյացման շնորհիվ:
Վիճակագրական տվյալներից երևում է, որ Հայաստանի տնտեսության մեջ յուրահատուկ դրական տեղաշարժեր Եվրասիական տնտեսության հետ ինտեգրումը չի բերել: Արտաքին աշխարհի հետ կապի համար հաղորդակցության և վիրտուալ խողովակներ դրանից չի ավելացել. Հայաստանը Ռուսաստանին կապող և Վրաստանով անցնող միակ ցամաքային ճանապարհն ինչպես հիմա հաճախ փակվում է եղանակային պայմանների պատճառով: ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում ներգրավվածությունից արտահանման աճի ակնկալիքը նույնպես չիրականացավ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով, ինչը հայկական արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ ընդհանրապես դարձրել է ոչ շահավետ: Այս ամենն ուղեկցվում է ռուբլու այդ նույն արժեզրկման ծավալների պատճառով Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների աղետալի անկմամբ և դրանք փոխանցող հազարավոր աշխատանքային միգրանտների վերադարձով:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առավելություններն են ներկրվող էժան ռուսական բնական գազը, նավթամթերքը և ալմաստի հումքը, ինչը պայմանավորված է նրանց արտահանման մաքսատուրքերի զրոյացմամբ: Ըստ հայ տնտեսագետների` մաքսատուրքերի չեղարկումը տարեկան կտրվածքով թույլ է տալիս Հայաստանին տնտեսել մոտ 200 մլն դոլար: Սակայն, ո՛չ էժան գազ, ո՛չ էժան բենզին հայ շարքային սպառողներն այդպես էլ չտեսան: Դրանց էժանացումն ընդամենը հանգեցրել է մենաշնորհատեր նավթավաճառների մարժայի ավելացմանը և շահույթի աճին, որոնց թվում գլխավորներն են «Ռոսնեֆտը» և ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: Հայաստանում մշակման համար ոչ շահութաբեր ալմաստի հումքի վերարտահանման վրա դրված արգելքը գործնականում վերացնում է նաև այդ ակնկալիքները:
Պետք է հատուկ նշել, որ Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին հատուկ պայմաններով, համաձայն որոնց՝ այլ երկրներից ներմուծվող շուրջ 880 անուն ապրանքներ մինչև 2022թ. հանված են բարձր մաքսատուրքերի ցուցակից: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններով նախատեսվում է ԵԱՏՄ-ի ընդհանուր մաքսային մուտքերից 1,13% Հայաստանի կողմից ստանալը: Այս ինտեգրացիոն միավորմանը հանրապետության անդամակցության կողմնակիցները բարձրաձայնում էին տարեկան 250-300 մլն դոլար գումարի մասին: Սակայն նավթի գների անկմամբ և արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված՝ Ռուսաստանի տնտեսական անկումն արդեն 2015թ. այդ ակնկալիքները հասցրել է 50-70 մլն դոլարի:
Այսպիսով, պետք է փաստել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի, կազմակերպության ինստիտուցիոնալ թուլության պատճառով հենց Հայաստանում դրական տեղաշարժեր դեռևս չի առաջացրել: Ի դեպ, սկզբում Մաքսային միությանը, իսկ դրանից հետո բուն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության խորապատկերին այդ ամենից Երևանում հատուկ տնտեսական առավելություններ չէին էլ սպասում:
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես որ այդ մասին արդեն բազմիցս խոստովանել է հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, պայմանավորված չէր տնտեսական կամ ֆինանսական տրամաբանությամբ. դա պայմանավորված էր քաղաքական պատճառներով, անվտանգության` ազգային, թե անձնական նկատառումներով, ում ինչպես հարմար է: Այլ խոսքերով՝ դա էլ դարձավ նույն Ռուսաստանի «ինքնաձիգային քաղաքականության» մի մասը: Եվ այդ լույսի ներքո այսօր թվում է, թե այդ անդամակցության նույնիսկ ամենաբացասական ֆինանսա-տնտեսական հետևանքներն անդամակցության հեռանկարների վրա լրջորեն չեն ազդի:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության փաստացի ապահովումը, հանրապետության տնտեսության մեջ նրա բավականին հզոր ներկայությունը, երկու երկրների բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության պարբերաբար փոխայցերը և ռեվերանսները պահպանում էին փոխադարձ «անխախտ եղբայրության» միֆը մինչ որոշակի ժամանակահատվածը:
Ընդ որում, Հայաստանի շատ քաղաքացիներ և հատկապես Ռուսաստանում բնակվող արդեն Հայաստանի ոչ քաղաքացիներ հայ-ռուսական ուղղահայաց հարաբերությունները դիտարկում են որպես պատմական անխուսափելիություն: Համապատասխան մարմինների կողմից հմտորեն թեժացված թուրքական յաթաղանի հիմնարար, հավերժական սպառնալիքը ստիպում է հայ հասարակության այդ հատվածին Ռուսաստանը դիտել որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր: Իր հերթին՝ ռուսաստանյան ընտրանին և, որ շատ ցավալի է, հասարակության որոշակի շրջանակ Հայաստանը դիտում է բացառապես որպես Ռուսաստանի հետխորհրդային ազդեցության ոլորտի մի հատված: Ոմանք Հայաստանն ընդհանրապես բացահայտորեն անվանում են Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ֆորպոստ: Եվ նման գնահատականները, միանգամայն բնական կերպով, Հայաստանի հյուսիսային հարևանի նկատմամբ դժգոհության զգացումներ են առաջացնում:
Ընդ որում, հարկ է նշել, որ իր նկատմամբ վերաբերմունքում մեծապետական դրսևորումները, մեծ հաշվով, Ռուսաստանի գործողություններով պայմանավորված, հայկական դժգոհության ցանկում վերջին տեղերից մեկն են զբաղեցնում: Եվ այդ դժգոհությունը սկսեց հատկապես ուժգին դրսևորվել 2011թ. Մոսկվայի ռազմավարական դաշնակցի հակառակորդին` Ադրբեջանին, ռուսական ժամանակակից հարձակողական զենքի լայնածավալ մատակարարումների վերսկսմամբ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին է բաժին ընկնում Ադրբեջանի կողմից զենքի ընդհանուր ներմուծման մոտ 85%-ը: Եվ սպառազինությունների վաճառքը, ինչպես ցույց տվեց 2016թ. ապրիլը, որը դարձավ ավելի քան հարյուր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան պատճառ, Հայաստանում միանգամայն բնական դժգոհություն է առաջացնում: Ի պատասխան դրա՝ Մոսկվան ամենատարբեր մակարդակներում հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև «հավասարակշռության պահպանման» անհրաժեշտության մասին՝ որոշ դեպքերում բավարարվելով ամերիկացի ընկերներից փոխառնված «անձնական ոչինչ, միայն բիզնես» կարգախոսով:
Պետք է հատուկ նշել, որ սերնդափոխությունն աստիճանաբար փոխում է Ռուսաստանի հանրային ընկալումը և նրա դերը Հայաստանում Մոսկվայի համար ոչ լավագույն տեսանկյունից: Փառահեղ խորհրդային ժամանակների նկատմամբ կարոտաբաղձությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել քիչ դեր է խաղում:
Ավելին, պուտինյան Ռուսաստանը հայ երիտասարդության կողմից առավել հաճախ է ընկալվում ժողովրդավարացման գործընթացներին հիմնական խոչընդոտ: Իր հերթին, Մոսկվան պարադոքսալ կերպով բառացիորեն ամեն ինչ անում է, որպեսզի հայ հասարակության մոտ ուժեղանան կենտրոնախույս տրամադրությունները, մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների և ռուսական Հայաստանի բաշխիչ ցանցերի (ՀԲՑ) ընկերության ղեկավարության միջև հանցավոր դավադրությամբ, «Էլեկտրիկ Երևանով», ապրիլին ռուսական զենքով պատերազմող Ադրբեջանի հետ «քառօրյա» պատերազմով, Ռուսաստանի ճնշմամբ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ բողոքող «Սասնա ծռեր» խմբավորման հուլիսյան զինված ապստամբությամբ և վերջապես՝ Գյումրիում հայկական ընտանիքը գնդակահարած Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի մասին տեղեկատվության ամբողջական բացակայությամբ պայմանավորված: Այդ բոլոր իրադարձություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Ռուսաստանի հետ և Հայաստանի հետ հարաբերությունների վրա չազդել չեն կարող:
ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների նման անմխիթար վիճակը միայն Մոսկվայի մենաշնորհային վաստակը չէ: «Իսկ ուր պիտի գնաք մեզանից» հավերժական կարգախոսի կյանքի կոչումն ինչքան էլ տարօրինակ թվա, ոչ պակաս հնարավոր դարձավ Վարդան Օսկանյանի փոխլրացման քաղաքականության հետևանքով, երբ նա ՀՀ ԱԳՆ ղեկավարն էր: Հայաստանի արտաքին քաղաքականությունը խոսքերով հիմնվում էր Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև մյուս դերակատարների շահերի հավասարակշռման պահպանման վրա հենվող փոխլրացման քաղաքականության վրա: Համարվում էր, իսկ որոշ շրջանակներում այսօր էլ համարվում է, որ Հայաստանը փորձում է հնարավորության չափով համադրել Հարավային Կովկասում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի՝ հիմնականում հակասական շահերը:
Տվյալ պնդումը, մեղմ ասած, վիճելի է, բայց, այնուամենայնիվ, Երևանի կարծիքը Ռուսաստանի կովկասյան քաղաքականության որոշ ուղղություններում Մոսկվայի կողմից, թերևս, հաշվի է առնվում: Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի ազդեցությունը Երևանի ղեկավարության վրա ունի իր սահմանները:
Առաջին հերթին դա «կարմիր գծերն» են Ղարաբաղում, որից այն կողմ չի կարելի անցնել ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային: Դրա հետ միասին Երևանը հատուկ պարտավորություններ ունի արևմտյան գործընկերների հանդեպ: Օրինակ, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտված հայ-թուրքական հաշտեցման գործընթացում Սերժ Սարգսյանի կողմից խաղարկված դերը Վաշինգտոնի առջև նրա պարտավորություններից միայն մեկի վերահաստատումն է, ընդ որում՝ փոխադարձ պարտավորությունների:
Մոսկվայի կողմից Երևանի վրա ունեցած ազդեցության սահմանափակման առկայության մեկ այլ օրինակ էլ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հրաժարումն է Ռուսաստանի կողմից բավականին հզոր ճնշմանն ի հակառակ: Վրաստանը Հայաստանի համար հիմնական տրանսպորտային տարանցիկ միջանցք է, և նման քայլը միանգամայն կարող էր ընդլայնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման աշխարհագրությունը:
Նման սկզբունքայնության բացակայությունը Ղրիմի հարցում բացատրվում է զուտ Հայաստանի շահերի հետ նույնատիպ լուրջ հակասությունների բացակայությամբ: Ավելին, Ղրիմի հանրաքվեն դարձավ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերիշխման հերթական դեպքը:
Սակայն վերադառնալով հայկական փոխլրացման քաղաքականության վիճարկելի հաջողության թեմային՝ այն, կարծես թե, հերթական միֆ է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ուռճացված փուչիկ, ով այժմ, ի դեպ, ռուսական ԱՖԿ «Սիստեմա» ֆինանսական-արդյունաբերական խմբի անկախ տնօրենն է:
Հենց հայկական փոխլրացման քաղաքականության ստվերի և ծխածածկույթի ներքո Ռուսաստանին արդեն վաճառվել, կառավարման են հանձնվել, պարտքի մարման դիմաց տրվել և, վերջապես, պարզապես նվիրվել են համակարգաստեղծ հայկական ձեռնարկություններ: Հենց հայկական եղանակով փոխլրացման քաղաքականության ստվերի ներքո ցայսօր անհասկանալի պատճառներով բանակցային գործընթացից դուրս է բերվել դրանցում 1994թ.-ից մասնակցող, չճանաչված ԼՂՀ-ը: Եվ բացառապես խոսքերի մակարդակով ակտիվորեն ծավալված նույն այդ փոխլրացման քաղաքականության պայմաններում իրականում իրականացվում էր պետգույքի և Հայաստանի գլխավոր միջազգային իրավունքների առևտուր, որն ուղեկցվում էր ինքնիշխանությունը լրջորեն սահմանափակելով: Վերոնկարագրյալի ներքո լրջորեն խոսել հայկական փոխլրացման քաղաքականության հաջողության մասին, հնարավոր չէ: Հայաստանի՝ հյուսիսային հարևանի և մնացյալ աշխարհի միջև խուսանավելու առանձին հաջողությունները բացատրվում են ավելի շուտ Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքով, որը պայմանավորված է Կովկասում սեփական շահերին՝ ռազմավարական դաշնակցին իսպառ խեղդելու հակասականությունը գիտակցելով:
ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Սակայն նույնիսկ այդպիսի անմխիթար իրողությունների պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են բնութագրվել փոխկապվածությամբ: Եվ 08.08.08թ. պատերազմից հետո Թբիլիսիի հետ փակուղային հարաբերությունները, որոնք չկարողացավ ուղղել անգամ 2012թ. ռուսամետ համարումով Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալը, Մոսկվայի համար ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանին իր ազդեցության ուղեծրում պահելու կարևորությունը: Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես ակնհայտ պատճառներով չեն կարող ապահովել Ռուսաստանի հուսալի ներկայությունը Կովկասյան լեռնաշղթայի հարավային կողմում: Այդ ներկայությունը Խորհրդային միության փլուզման հենց սկզբից ապահովվել և ապահովվում է բացառապես Հայաստանի հետ միությամբ: Մոսկվայում հիանալիորեն գիտակցում են, որ Հայաստանի կորուստը կուղեկցվի Հարավային Կովկասում ռուսական ռազմական և, հետևաբար, քաղաքական ներկայության անխուսափելի ավարտով: Այստեղից էլ գալիս է Մոսկվայի անհամաչափ, հաճախ ոչնչով չհիմնավորված վախը հերթական «գունավոր» դիպաշարի՝ Հայաստան արտահանելու հնարավորության վերաբերյալ: Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերին Ասոցացման/խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրման միջոցով Բրյուսելի հետ հարաբերությունները խորացնելու Երևանի փորձին Կրեմլը պատասխանեց նույն թվականի սեպտեմբերի 3-ի կանխարգելիչ հարվածով:
Այդ օրվա իրադարձությունների մանրամասները, իհարկե, հայտնի չեն, սակայն, ընդհանուր առմամբ, բավականին հեշտ է պատկերացնել Սերժ Սարգսյանի հետ զրույցում Վլադիմիր Պուտինի բերած փաստարկները: Արդյունքում 3 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ ասոցացմանը սրընթաց գնացող Հայաստանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Թե՛ հանրապետական քաղաքական գործիչների, թե՛ մերձիշխանական վերլուծաբանների հետագա ճամարտակությունը, ըստ որի՝ Մաքսային միություն մտնելն իբր հիմնավորվում էր «անվտանգության նկատառումներով», ռազմավարական դաշնակցի նկատմամբ Մոսկվայի «ինքնաձիգային քաղաքականության» միայն ավելորդ ապացույցն է: Երևանը որոշ դադարից հետո, իհարկե, վերսկսեց համագործակցության նոր շրջանակների վերաբերյալ Բրյուսելի հետ բանակցությունները: Սակայն միայն ժամանակը ցույց կտա այդ շրջանակների լայնությունը, քանի որ Մոսկվան նախկինի նման իր ռազմավարական դաշնակցին ազատ արձակելու մտադրություն չունի՝ առաջին հերթին հենց նրա ռազմավարական նշանակության պատճառով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության ձևը և մակարդակը թելադրում են աշխարհագրությունը, գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ գլխավորը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը: Երկու երկրներում գործող վարչակարգերի իշխանության պահպանումը համագործակցության այլ ձև ուղղակի անհնար է դարձնում: Եվ քանի դեռ Հայաստանը զենքի և թեկուզ դրսից ապահովվող անվտանգության, իսկ Ռուսաստանը Մեծ Կովկասի հարավային կողմում իր ռազմական և քաղաքական ներկայությունը երաշխավորող ռազմավարական գործընկերության կարիքն ունեն, համագործակցության գոյություն ունեցող ձևաչափը կպահպանվի:
Եվ, եթե հայ-ռուսական հարաբերությունները բնորոշող ինքնաձիգային պրագմատիզմը դրանց հիմնական բացասական կողմն է, ապա դաշնակիցների միջև ընդհանուր սահմանների բացակայությունն ավելի շուտ դրական է, քան բացասական: Պարադոքսալ կերպով, հաշվի առնելով Երևանի և Մոսկվայի միջև ուղղաձիգ հարաբերությունների անհամաչափությունը՝ հենց այդ առավելությունն է Հայաստանի ղեկավարության համար սեփական պրագմատիզմը դրսևորելու հնարավորությունների ոչ մեծ պատուհան ստեղծում: Իսկ այն, թե ում շահերին է այդ պրագմատիզմը ծառայում, արդեն առանձին հետազոտության թեմա է:
Դավիթ Ստեփանյան
Արմինֆո գործակալության քաղաքական վերլուծաբան
ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ