
«Հետընթացը, ավերը, որը կա շատ ասպարեզներում, վտանգավոր է, պետք է փորձել գոնե եղածը պահպանել, մինչև կգան մշակույթի համար նպաստավոր ժամանակներ». Ժիրայր Դադասյան

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Տարիներ շարունակ Ծաղկաձորում անցկացվում էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոն, որն անցկացվում էր պետական աջակցությամբ։ Մնջախաղի փառատոնը առիթ էր դարձել, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից դերասաններ, դերասանական խմբեր ժամանեին Հայաստան, ծանոթանային մեր երկրի մշակույթին և մի քանի օր փառատոնի շնորհիվ Ծաղկաձորը վերածվում էր փառատոնային քաղաքի, որը նաև նպաստում էր զբոսաշրջության զարգացմանը։ Այս փառատոնի շրջանակներում 2012 թվականին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։ Չնայած իր գրանցած հաջողություններին, 2018 թվականից հետո փառատոնը չի անցկացվել, ավելին՝ որևէ հույս չկա, որ այն երբևէ տեղի կունենա։
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանի խոսքով՝ թեպետ այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի համար հոբելյանական տարի է, սակայն փառատոն անցկացնելու վերաբերյալ որևէ խոսք չկա։
«Եթե փառատոնը նախարարությանը, Ծաղկաձորին և բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է շահագրգռված լինեին, պետք չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել։ Եթե նախարարությունը ֆինանսավորեր՝ կանեինք, բայց այս պահին ուշ է խոսել այդ մասին: Առնվազն նախորդ ամռանը ես պետք է իմանայի, որ այս տարվա ամռանը կարող է անցկացվել, որովհետև դա հսկայական ժամանակ և աշխատանք է պահանջում, պետք է թիմը կրկին հավաքել, միջազգային քանդված կապերը վերականգնել: Հիմա մի ամբողջ աշխատող մեքենա նորից պետք է գործարկել, որպեսզի կարողանաս աշխատեցնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ժիրայր Դադասյանը։
Նախորդ տարի հոբելյանական էր նաև Մնջախաղի պետական թատրոնի համար՝ 50-ամյակն էր, ինչը, սակայն, կրկին որևէ ձևով չեն նշել։
«Նախարարությունում ասել էի, որ մեր թատրոնի 50-ամյակն է լրանում, գոնե թատրոնի շենքի նորոգումն ավարտեն, փառատոն անենք, մեծ ծրագիր էի գրել, թե ինչեր ենք ուզում անել, բայց ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Ինչ վերաբերում է մեր թատրոնի շենքին՝ ինչ ասեմ՝ դա էլ իմ ճակատի գիրն է։
Խոսքը մի երրորդ հարկ վերանորոգելու մասին է: Մեր տարածքը երրորդ հարկում է միայն, մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ շենք է հատկացվել մեզ:
Շինարարությունը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից, մինչև այսօր ի՞նչ են անում՝ չգիտեմ, ընդհանրապես տեղյակ չեմ, ինձ հետ չեն խորհրդակցում, ինձ չեն հարցնում: Այսինքն՝ ի՞նչ խորհրդակցեն, մեկ է՝ չեն աշխատում, ոչ մի բան չի արվում, տեսնում ենք էլի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ժիրայր Դադասյանը շեշտեց, որ եթե նույնիսկ շինարարական աշխատանքներն ավարտեն այս տարվա ընթացքում, հնարավոր չի լինի անմիջապես անցնել ստեղծագործական աշխատանքի, որովհետև լուսաձայնային ամբողջ տեխնիկայի հարց պետք է լուծվի, տենդերներ պետք է հայտարարվեն։
«Մենք ստիպված ավելի շատ դրսում ենք խաղում՝ հյուրախաղեր, փառատոներ: Վերջերս եղել ենք Թիֆլիսում, Իրանում, Ռուսաստանում: Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում էինք ներկայացումներ անում, բայց արդեն մի տարի է՝ դուրս ենք եկել այնտեղից, մեզ ասացին՝ վերանորոգում ենք սկսում, դուրս եկանք, վերանորոգում դեռ չեն սկսել: Ռուսական թատրոնի հետ պայմանավորվեցինք, որ գոնե ամսական մի օր բեմ տրամադրեն՝ մշտապես ներկայացում խաղալու համար: Ֆիքսված մի օր ունենք ամսվա մեջ, ընկերական տրամադրում են։
Պետք է փորձել գոնե եղածը պահպանել, մինչև կգան մշակույթի համար նպաստավոր ժամանակներ: Այս հետընթացը, ավերը, որը կա շատ ասպարեզներում, վտանգավոր է, հիմա իմ խնդիրը պահպանելն է այն, ինչը գոնե կա»,- ասաց Ժիրայր Դադասյանը։
Ինչ վերաբերում է Մնջախաղի թատրոնի գործունեությանը, Ժիրար Դադասյանն ուրախությամբ նշեց, որ նախորդ տարի բեմադրել են երկու ներկայացում:
«Մեկն իմ բեմադրությունն է, որն իրականացվեց Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում՝ Փարաջանովի թանգարանի բակում, որը շատ հարմար էր: Մենք միշտ խաղալու ենք այնտեղ, երբ եղանակը թույլ տա: Քանի որ տեղ չունենք խաղալու, գոնե այդ մի ներկայացումը հաստատ միշտ կարող ենք այնտեղ խաղալ: Ի դեպ, Փարաջանովի ծննդյան օրը Թիֆլիսում էլ խաղացինք այն, ընդ որում՝ շատ հետաքրքիր մի վայրում՝ իրենց Հանդիսությունների պալատում: Երկրորդ ներկայացումը, որն ինձ համար շատ կարևոր է, «Ուրվականների սոնատն» է՝ ըստ Յուհան Ավգուստ Ստրինդբերգի համանուն պիեսի, որը, բեմադրել է մեր թատրոնի դերասանուհի Ինա Հախնազարյանը»,- ընդգծեց Ժիրայր Դադասյանը։