
Կա՛մ փոխում ենք Փաշինյանին, որ ապրենք, կա՛մ Փաշինյանը չի թողնելու, որ մենք ապրենք. Քրիստինե Վարդանյան
Ազգային ժողովում այսօր շուրջ հինգ ժամ ընդդիմադիր պատգամավորները փորձեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից ճշտել՝ ի՞նչ է, ի վերջո, զիջում Հայաստանին Ադրբեջանը՝ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցված տարբերակով։
Չնայած գործադրված ջանքերին, հինգ ժամվա ընթացքում այդպես էլ խորհրդարանական ընդդիմությանը չհաջողվեց Միրզոյանից ստանալ այդ հարցի պատասխանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, խոսելով ընդդիմադիրների ապարդյուն ջանքերի և հարցի պատասխանի բացակայության պատճառների մասին, նշեց՝ պատասխան չէր էլ կարող լինել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ զիջող կողմը միայն ու միայն Հայաստանի իշխանությունն է։
«Այդ հարցի պատասխանը չէինք կարող ստանալ, որովհետև Ադրբեջանը որևէ կետով չի համաձայնել զիջել որևէ բան։ Հայաստանում հիմա տեղի է ունենում կապիտուլյացիայի պրոպագանդա»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով՝ կապիտուլյացիայի անվան տակ ընդամենը տեղի է ունենալու փաստաթղթի ստորագրում՝ որպես Փաշինյանի իշխանության պահպանման հիմք և ապագա ընտրություններին քարոզչական միջոց։
«Ուղղակի ստորագրելու են մի թուղթ, որը խաղաղություն չի էլ բերելու։ Տեսե՞լ եք աշխարհում որևէ երկիր, որը թշնամու բանտում գերիներ ունի, բայց ասում է, թե գնում է խաղաղության, ունի չլուծված հումանիտար հարցեր, բայց խոսում է խաղաղության փաստաթուղթ ստորագրելու մասին»,- ասաց Վարդանյանը։
Ավելին, ըստ պատգամավորի, այն, ինչը համարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձանեցված խաղաղության պայմանագրի տեքստ, իր բովանդակությամբ շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր։
«Լավ, ինչպե՞ս կարող է այս ուժը, որը կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, ապահովել խաղաղություն։ Ադրբեջանի հարձակման վախով Փաշինյանն ու Ալիևը հայ ժողովրդից կորզում են զիջումներ։ Որքան բանակցում են Փաշինյանն ու իր թիմը, ադրբեջանական պահանջներն այդքան շատանում են։ Այնպես որ, ջրբաժան է դրված՝ մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն են, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք դեմ են Ալիևի պահանջով Հայաստանում Սահմանադրություն փոխելուն։ Մենք ընտրություն չունենք։ Կա՛մ փոխում ենք Փաշինյանին, որ ապրենք, կա՛մ Փաշինյանը չի թողնելու, որ մենք ապրենք»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
խաղաղության պայմանագիր, տարածքների հանձնում, ՀԱՊԿ, Ադրբեջան, Ալիև, Սյունիք, միջանցքի բացում, Թուրքիան