Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում իրական խաղաղության՝ ի պատասխան ՀՀ-ի վրա պարտադրվող Ադրբեջանի միակողմանի «պայմանագրի» մասին տեղեկությունների

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հետևյալ հայտարարությունն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ տարածվող վաղաժամ տեղեկությունների կապակցությամբ.

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Համբարյանը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կառավարություններն էլ հայտնել են, որ պատրաստ են ստորագրելու դեռևս չբացահայտված պայմանագիրը։ Հայկական և ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս համաձայնագիրը նպատակ ունի պաշտոնականացնել երկու երկրների հարաբերությունները՝ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, Հայաստանի նկատմամբ շարունակվող գոյութենական սպառնալիքները, Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջները, ինչպես նաև Արցախ վերադարձի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ իրավունքի խոչընդոտումը։ 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում Ադրբեջանը իրականացրեց 10-ամսյա դաժան շրջափակում, որն ավարտվեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումով. 2023 թվականի սեպտեմբերին հարձակումներից հետո 120,000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։

Վաղաժամ գնահատվող հայտարարության մեջ, հաշվի առնելով արդար և երկարատև խաղաղության բազմաթիվ խոչընդոտները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է.

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է հանդես գալ այնպիսի խաղաղության օգտին, որը կավելացնի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կպաշտպանի նրա սահմանադրական ամբողջականությունը և կապահովի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

15 մարտ 2025թ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31