
Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը ներկա են գտնվել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Նշվում է, որ Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։
«Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձել է ՄՊՀ-ի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրել է հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։
«Այս առնչությամբ Ալեքսեյ Մասլովը կարևորել է նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։ Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար»,-հաղորդել է Մայր Աթոռը