«Ադրբեջանում սկսվել է իշխանությունը Ալիևների ընտանիքին պաշտոնապես փոխանցելու գործընթացը». ադրբեջանագետ

Իլհամ Ալիևի կողմից իր տիկնոջը Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելու փաստն այդ երկրում միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է: Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման քաղաքական դրդապատճառների ու հետևանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանի հետ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական կնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու իրադարձությունը: 

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին փետրվարի 21-ին ստորագրած հրամանագիրը Ադրբեջանում առկա միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է:

Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով 2015 թվականի սկզբից Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամից հետո «նավթագազային ասեղի» վրա նստած Իլհամ Ալիեւը հասկացավ, որ այսուհետ սեփական իշխանությունը պահելու միակ միջոցը կարող է այն ընտանիքի անդամներին փոխանցելը լինել: Այդ պատճառով 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կեղծ հանրաքվե անցկացրեց, որով երկրում նշանակովի առաջին փոխնախագահի եւ փոխնախագահի ինստիտուտ մտցրեց: Դեռեւս այն ժամանակ ակնհայտ էր, որ դա արվում է Ալիեւների իշխանությունը հավերժացնելու նպատակով: Ալիեւը հասկացել էր, որ էժանացած նավթով այլեւս հնարավոր չի լինելու պահել սեփական իշխանությունը, եւ լուրջ վտանգ տեսնելով իր իշխանության համար, նա սկսեց, բացի  իր կնոջից եւ զավակներից ուրիշ ոչ մեկին չվստահել: Վերջին որոշումով Ալիեւը, փաստորեն, դե-յուրե պաշտոնականացրեց Ադրբեջանում առկա` արդեն 24 տարի երկիրն անընդհատ մի ընտանիքի կողմից ղեկավարվելու իրավիճակը:

Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում: Այսինքն` Ադրբեջանում միապետություն է ստեղծվել, այն դեպքում, երբ այդ երկիրը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի անդամ եւ Եվրամիության հետ գործընկերություն սկսած պետություն: Միանշանակ է, որ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահ նշանակելու մասին Իլհամ Ալիեւի հրամանագիրը Ադրբեջանում միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է:

– Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այդ նշանակումը Ադրբեջանի քաղաքական կյանքի վրա:

– Չգիտեմ, թե ինչքանով է հասկանում ադրբեջանական հասարակությունը, սակայն, այդ հրամանագիրը, միանշանակ, անհարգալից վերաբերմունք էր հենց ադրբեջանական ժողովրդի նկատմամբ: Որով, փաստորեն, ասվեց, որ այդ պաշտոնի համար միակ արժանին Ալիեւներն են: Բայց չէ՞ որ Ադրբեջանում այդ պաշտոնին հավակնող շատ անձինք կան: Բնական է, որ այդ նշանակումը դժգոհեցնելու է նրանց: Այսինքն, ավելի է խորանալու իշխանության ներսում մրցակցությունն ու դիմակայությունը: Քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանում ավելի է արագանալու  իշխանության դիրքի թուլացման գործընթացը: Չի բացառվում, որ այդ հրամանագիրը բողոքի ալիք բարձրանալու առիթ հանդիսանա ադրբեջանական հանրության կողմից: Այսինքն, իշխանության դեմ եղած դժգոհությունն ավելի մեծանա:

– Ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում Ադրբեջանի ներքին իրավիճակում:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանում սկսվում է մինչեւ 2018 թվականը՝ այսինքն` Իլհամ Ալիեւի նախագահության ժամկետի ավարտը, իշխանության փոխանցման գործընթաց: Միանշանակ է, որ առաջիկայում Մեհրիբան Ալիեւայի հովանավորությամբ նոր թիմ կձեւավորվի Ադրբեջանում, եւ հրաժեշտ կտան Հեյդար Ալիեւից մնացած թիմին, ինչն արդեն տեսնում ենք տրանսպորտի արդեն նախկին նախարար Զիյա Մամեդովի օրինակով, որը, լինելով Ադրբեջանում ամենահարուստ եւ ամենաազդեցիկ մարդը, այդուհանդերձ, պաշտոնանկ արվեց Իլհամ Ալիեւի հրամանագրով: Եվ այդ գործընթացն ավարտին կհասցվի մինչեւ 2018 թվականի նախագահական ընտրություններ:

Մյուս կողմից, այնպիսի տպավորություն է, որ հնարավոր է, որ այս գործընթացի հետեւում Արեւմուտքն է կանգնած, քանի որ անցյալ տարի անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո Արեւմուտքն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց եւ չհակազդեց, հակառակը, քննադատությունները նվազեցին եւ իշխանության համար որոշակի սպասումներ եղան: Ինչպես երեւում է` Արեւմուտքը բավականաչափ գիտի, թե ինչ ուղղությամբ կզարգանա գործընթացը, եւ ամեն բան համաձայնեցված է:

Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը խոստովանել էր, որ իր քաղաքական ռեսուրսները սպառվել են, մերձավոր շրջապատից բացի ոչ ոքի չեն կարողանում վստահել, թիկունքում ոչ մի քաղաքական խումբ, թիմ չկա: Եւ այդ ճգնաժամի խորանալու ժամանակներում Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահ նշանակելով, իշխանությունը բարեփոխումների, փոփոխությունների ուղղությամբ հանրության սպասումներն ուղղում է նրան: Իսկ նա, ինչպես ցույց են տալիս ներքին խմորումները,  այդ սպասումներն արդարացնելու ոչ մի շանս չունի, եւ մեծ հավանականությամբ, իրավիճակը ոչ միա յն չի կարգավորվելու, այլ ճգնաժամն ավելի է խորանալու:

Մեկ հանգամանք եւս. Իլհամ Ալիեւն այդ հրամանագրով խախտել է իր իսկ կողմից 2014 թվականի հունվարի 13-ին ստորագրած՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը, որի 7.1-րդ հոդվածով պաշտոնատար անձանց մերձավորներին, բացի ընտրովի պաշտոններից, արգելվում է ազգականների հետ միասին աշխատելը, իսկ Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնը նշանակովի է: Բայց Ադրբեջանում միապետություն է, ցանկացած օրենք կարող է անհետեւանք շրջանցվել:

Հարցազրույցը` Արեն Պետունցի

Տեսանյութեր

Լրահոս