Արթուր Սողոմոնյանի դեմքին, գլխին թարախային բշտիկներ են գոյացել. վիճակը ծանր է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակն արդեն քանի օր է, ծանր է, նա նախօրեին կտրուկ վատացել է: Սողոմոնյանը հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով ﴾պատանդ վերցնելը﴿ եւ 235 հոդվածի 3‐րդ մասով ﴾ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել﴿:

Մեր զրույցում նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Սողոմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ. «Դա մաշկային հիվանդություն է, նրա դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկներ են գոյացել, որը թե՛ ցավեր է իրեն պատճառում եւ թե՛ ընդհանուր տհաճություն»,‐ մանրամասնեց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո՝ 2016թ.‐ի օգոստոսի 1‐ին: Սողոմոնյանը բազմիցս դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը՝ մասնավորապես բժիշկներին, բայց ըստ պաշտպանի՝ տեւաբար բուժօգնություն չի ցուցաբերվել: «Արթուր Սողոմոնյանը ինձ այդ մասին հայտնել է նոյեմբերի 26‐ին, ես մինչ այդ պահը տեղյակ չեմ եղել, նոր եմ ուշադրություն դարձրել եւ տեսել, որ իր դեմքի վրա շատ լավ երեւում են թարախային վերքերը:

Գրավոր դիմել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, հասցեագրել եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, խնդրել եմ հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Արթուր Սողոմոնյանին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ, խնդրել եմ տրամադրել նրա բժշկական քարտի պատճենը: Ինձ տրամադրվել է բժշկական քարտի պատճենը, որից հետեւում է, որ օգոստոսի 12‐ ին բժշկական քարտին գրառում է կատարվել, որ իմ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, բժշկական քարտում նշված է նաեւ, որ Սողոմոնյանը ստացել է դեղորայքային բուժում եւ հաջորդ գրառումը կատարվել է նոյեմբերի 30‐ին, այսինքն՝ իմ կողմից դիմումը ներկայացնելուց հետո, ըստ որի Արթուր Սողոմոնյանն իբրեւ հայտնել է, որ ստացած բուժումը արդյունք չի տվել, պետք է նշանակվի նոր բուժում: Այն, որ ինքը բուժում է ստացել, իրականությանը չի համապատասխանում, որեւէ բուժում չի ստացել:

Ընդամենը երկու անգամ իրեն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի բժիշկը, քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Ես ասեմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ‐ում մաշկաբան չկա, նման հաստիք չի նախատեսվում»,‐ իր պաշտպանյալի հիվանդության ու «բուժման» մասին մանրամասնեց Շուշանյանը:

Նա ասաց, որ մինչ իր դիմումը ներկայացնելը Արթուր Սողոմոնյանի մատից երկու անգամ արյուն են վերցրել՝ անալիզի նպատակով, բայց դրանից հետո ո՛չ անալիզի արդյունքներն են իրեն հայտնել, ո՛չ էլ բուժում են նշանակել: Մաշկաբանը Սողոմոնյանին ասել է, որ պետք է հակաբիոտիկներ նշանակեն, ինչից նա հրաժարվել է ՝ հայտնելով որ ինքը չի վստահում ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմին, ո՛չ էլ նրա նշանակած բուժմանը: Այնուհետեւ Սողոմոնյանը խնդրել է հայտնել՝ ինչ հակաբիոտիկ են պատրաստվում իրեն ներարկել, որպեսզի հայտնի փաստաբանին, ճշտելու՝ արդյոք դա ճիշտ բուժում է, թե՝ ոչ:

«Նա ինձ հայտնել է երկու հակաբիոտիկների անունները, որոնք պետք է ներարկվեին: Ես գտել եմ բժիշկ‐մաշկաբան, խորհրդակցել եմ նրա հետ, որն ինձ ասել է, որ կամայական հակաբիոտիկը չի կարող արդյունավետ բուժում ապահովել, որովհետեւ նախքան բուժում նշանակելը պետք է բակտերիոլոգիական հետազոտություն կատարվեր, բայց նախքան դա խորհուրդ էր տալիս դրանից մեկը ներարկել իմ պաշտպանյալին: Ես Արթուրին ասել եմ, որ ինքը սկսի բուժումը ընդունել: Դիմել եմ նորից «Նուբարաշեն» ՔԿՀ‐ին՝ հետազոտություն անցկացնելու համար եւ պահանջել եմ ապահովել այդ հետազոտության իրականացումը: Արթուրը հայտնել է, որ պատրաստ է ներարկումն ընդունել, այդ ժամանակ իրեն ասել են, որ դեղորայքը պետք է հարզատները բերեն: 2016 թ.‐ի դեկտեմբերի 27‐ից մինչեւ հունվարի 1‐ը օրական երկու անգամ ներարկումներ են կատարել, բայց դա ոչ մի օգուտ չի տվել բացարձակապես որեւէ ազդեցություն չի ունեցել այդ բուժումը: Դրանից հետո բուժանձնակազմը որեւէ կերպ չի արձագանքում Սողոմոնյանի գանգատներին, ընդհանրապես հրաժարվում են իրեն բուժելու ուղղությամբ որեւէ քայլ կատարել»,‐ պատմեց պաշտպանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Սողոմոնյանի առողջական վիճակը վերջին շրջանում ավելի է վատացել, ուժեղ գլխացավեր ունի: Վերջին շրջանում ավելի վատացել է, ինքն ունի ուժեղ գլխացավեր, իր մոտ առկա է նաեւ մազաթափություն եւ երեւում են թարախային բշտիկները: Նախօրեին իր ծնոտի տակ թարախային բշտիկը ուռել, մեծացել է եւ այդպես մնալուց հետո պայթել է՝ թարախի եւ արյան արտադրություն է դուրս եկել, իսկ մենք գիտենք, որ դա շատ ծանր բարդացումների եւ հետեւաքների կարող է հանգեցնել՝ արյան վարակման: Սա բավական վտանգավոր հիվանդություն է: Ժամանակին այդ հիվանդությունը չբուժելը կարող է շատ ծանր հետեւանքերի հանգեցնել»,‐ ասաց Շուշանյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս