Բաժիններ՝

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը. բաց նամակ Լամբերտո Զաննիերին

Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, որում մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, բաց նամակի տակ ստորագրել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, «Բաց հասարակության հիմնադրամներ» հասարակական կազմակերպությունը:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-­ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-­ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-­ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:

Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ:

Գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ: Գրասենյակը հանդիսանում է Հայաստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը»,-­ ասված է նամակում:

Հասարակական կազմակերպությունները հատկանշական են համարում, որ գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաև ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետևելը և տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:

Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարևորում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի և ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության և համապատասխան բարեփոխումների ջատագովության տեսակետից:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԵԱՀԿ գրասենյակի կարիքը Հայաստանը ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս