
Ինչ կլինի «Նաիրիտի» հետ. տեղի ունեցավ պարտատերերի առաջին ժողովը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր տեղի ունեցավ «Նաիրիտ գործարանի» պարտատերերի առաջին ժողովը։
Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ դատարանի որոշմամբ հաստատված է 292 պարտատեր, որոնցից 10-ն է ներկայացել։ Այսօր ձևավորվեց պարտատերերի խորհուրդ։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան։ Խորհրդի կազմում ընդգրկվեցին 5 առավել խոշոր պահանջներ ունեցող պարտատերերը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե, «Երևանի ՋԷԿ», «Գազպրոմ-Արմենիա», «Նաիրիտ 2» ՓԲԸ-ները։
Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացվում է գույքագրում, ստեղծվել է գույքագրման հանձնաժողով։ Նա նաև ասաց, որ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր չի ներկայացվել դատարան, ներկայացման ժամկետը լրացել է։ Նշենք, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը։
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հետաքրքրվեց՝ արդյոք դեռ կարո՞ղ են առողջացման ծրագիր ներկայացնել, ինչին ի պատասխան՝ Կարեն Ասատրյանն ասաց, որ այն պետք է ներկայացվեր դատարան մինչև առաջին ժողովը։ «Ես, տեսնելով այս պարտատերերի ցանկը, գտնում եմ, որ բոլորը պետք է շահագրգիռ կողմ լինեն «Նաիրիտի» աշխատանքում»,- ասաց Կարեն Իսրայելյանը` առաջարկելով ժամկետ վերցնել՝ առողջացման ծրագիր ներկայացնելու համար. «Ես հասկացա՝ եթե այսօր պարտատերերի առաջին ժողովը համարում ենք կայացած, արդեն իրավունք չկա առողջացման ծրագիր ներկայացնելու, արդեն պետք է սկսվի լուծարման գործընթաց՝ ըստ օրենքի։ Լուծարման գործընթաց նշանակում է՝ «Նաիրիտի» գույքի օտարում, պարտքերի մարում, որից տուժելու են և «Գազը», և «Ցանցը»»։
Կառավարիչն ասաց, որ սնանկության վարույթը բազմաբնույթ է, ընկերությունը կարող է առողջանալ նաև լուծարման գործընթաց սկսելուց հետո. «Ի՞նչ կարգով. երբ ամբողջությամբ բավարարվում են պարտատերերի պահանջները, կա՛մ մի մասը հրաժարվում է պահանջներից, կա՛մ տարաժամկետում, և այլն, և այլն։ Այսինքն՝ Ձեր ասածը, որ լուծարման վարույթ սկսելուց հետո «Նաիրիտ» գոյություն չունի, այդպես չէ: Սնանկության գործի ավարտ կարող է լինել նաև պարտապանի առողջացմամբ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում