Բաժիններ՝

«Էս ա երկրի պայմանները, ով կհավանի՝ թող մնա, ով չէ` թող գնա». սիրիահայ կարիքավոր 250 ընտանիք ստացավ ֆինանսական օգնություն

Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) պատերազմի առաջին իսկ օրից սիրիահայերին օգնություն տրամադրելու համար բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Այս տարի` 2017թ.-ին, ծրագրերի ցանկն ընդլայնվել է. Տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանները 25.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են կատարել, որը Վահե Կարապետյան կենտրոնում ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միանվագ բաժանեցին թվով 250 ընտանիքների` յուրաքանչյուրին 100-ական ԱՄՆ դոլար: Այս գումարը սիրիահայերին տրամադրվել է՝ որպես ջեռուցման ծախսերի փոխհատուցում:

Սիրիահայերի պատմությունները տարբեր են, ճակատագրերը` գրեթե միանման: Մենք զրուցեցինք ծրագրին մասնակից որոշ սիրիահայերի հետ, որոնք, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

«Հայաստան եկել եմ մինչ պատերազմի սկսվելը` 2012 թվականի սեպտեմբերին: Անձնագրի համար էի դիմել, եկա Հայաստան, որ անձնագիրս ստանամ ու հետ գնամ: Բայց որ վիճակը վատացավ, արդեն կռիվը սկսեց, որոշեցի մնալ: Էստեղ ամուսնացել եմ, երեխա ունեմ: Հիմա վարձով եմ ապրում, աշխատում եմ: Բարեգործական օգնություն եթե տա՝ ՀԲԸՄ-ը կտա, թե չէ՝ ուրիշ ոչ մի տեղից օգնություն չի լինում: Տարբեր կազմակերպությունների դիմել եմ, օգուտ չկա: Բայց դե, փառք Աստծո, յոլա ենք գնում»,- անդրադառնալով դժվարություններին՝ նշեց մեր զրուցակիցներից մեկը:

Կարդացեք նաև

«Հայաստան եկա 2012-ին, երբ նոր էր սկսվում պատերազմը: Սկզբում կնոջս ու երեխաներիս ուղարկեցի` 2 ամիս հանգստանան, հետ վերադառնան, բայց որ կռիվները սկսվեցին, ես էլ վերադարձա, ու հիմա ամբողջ ընտանիքով Հայաստանում ենք մնում` քեռուս տանը: Էդ էլ խլամ տուն ա, շատ հին, մինչև հիմա չենք կարողանում վերանորոգել, նույնիսկ լուսամուտ չենք կարողանում վերցնել: Ապառիկ չեն տալիս, քանի որ աշխատանք չունեմ:

Մասնագիտությամբ վարսավիր եմ, պիտի առավոտվա 10-ից մինչև 7-ն աշխատեմ, ես էլ չեմ կարա տենց: Երեք անչափահաս երեխա ունեմ, իրանց ո՞վ պիտի տանի-բերի, շուկա ո՞վ պիտի գնա: Կինս 2 տարեկան երեխուս հետ ա ամբողջ օրը: Միջնեկն էլ մանկապարտեզ չի գնում՝ պոչկաների խնդիր ունի: Էլ ես ո՞նց աշխատեմ: Ինչ օգնություն էլ որ տալիս են, լավ ա: Փառք Աստծո, օրվա հացով ապրում ենք, չենք դժգոհում: Էս ա երկրի պայմանները, ով կհավանի, թող մնա, ով չէ` թող գնա: Մենք հավանում ենք, ապրում ենք: Չնայած ապրելը ո՞րն ա, յոլա ենք գնում: Կարևորը՝ օրվա հացը լինի, երեխեքն էլ առողջ լինեն»,- ասաց սիրիահայերից մեկը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս