«ՀՀ Ընտրական օրենսգիրքը ժամանակի ընթացքում հղկվել է, բայց պարզեցնելու տեղ ունի». Միջազգային փորձագետ

«Բոլորի պարտավորությունն է անմիջապես ընտրատեղամասերում՝ տեղում,  անհամապաղ արձագանքել ընտրախախտումներին և չարաշահումներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ընտրական օրենսդրության ոլորտի միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը՝ անդրադառնալով ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին և ներկայացնելով ընտրական գործընթացի վերաբերյալ իր շեշտադրումները։

Նա նշեց, որ ամենակարևոր շեշտադրումն այն է, որ դիտորդների աշխատանքն ու ընտրությունների արդար կազմակերպումը կարևոր են։ Ամենից նշանակալին, ըստ նրա, որը պետք է արվի հետևյալն է՝ ապահովել, որպեսզի ընտրություններն արդար լինեն և որպեսզի ընտրողների ձայները հաշվվեն։ Սա, փորձագետի խոսքով, նշանակում է, որ եթե քվեարկության օրն ինչ-որ հարց է առաջանում, դրանց պետք է անմիջապես արձագանքել։

«Սա բոլորի պարտավորությունն է՝ քաղաքացիական հասարակության, քվեարկողների, հանձնաժողովների, քվեարկողների կարիքներին պետք է անհապաղ արձագանքել։ Այլ կերպ ասած՝ ժամանակի ռեալ ռեժիմում ամեն հարց պետք է լուծվի տեղում։ Գանգատների պաշտոնական գործընթացը  հետին թվով պարզապես նշանակում է, որ  թերությունները  տեղում չեն շտկվել։ Կրկնում եմ, որ բոլորի պարտավորությունն է անմիջապես, տեղում,  անհամապաղ արձագանքել ընտրախախտումներին և չարաշահումներին։ Ենթադրենք տանը հրդեհ է բռնկվել, առաջինն ի՞նչ կանեք։ Ջուր կլցնե՞ք, թե՞ երկու օր կսպասեք ու երբ տունը այրվի, վերջանա, գանգատվեք, որ քնելու տեղ չկա»,- ասաց Ջոն Հարդին Յանգը։

Նա նշեց, որ ծանոթ է ՀՀ ԸՕ-ին։ Նրա խոսքով, անկախ նրանից, թե որքանով  ձևապաշտական կամ ոչ ֆորմալ է գրված Օրենսգիրքը, ընտրական գործընթացը  հասկանալի է, խնդիրներին անդրադառնալու ընթացակարգը՝ ևս։

Կարդացեք նաև

Միջազգային փորձագետը տեղեկացրեց, որ ՀՀ ԸՕ-ն ապահովում,  մինչև անգամ պահանջում է, որպեսզի հանձնաժողովի անդամները քվեարկության ընթացքում ծագող բոլոր հարցերին անմիջապես անդրադառնան և լուծեն։

«Մենք բոլորս ժողովրդավարական գործընթացի պահապաններն ենք քվեարկության օրը, դա իր մեջ ներառում է հանձնաժողովները, քաղհասարակությունը, քաղաքական ուժերը,  դիտորդները, որոնք պետք է արձագանքեն բոլոր միջադեպերին»,- ասաց նա։

Փորձագետի համոզմամբ, ԶԼՄ-ների դերը վճռական է ցանկացած ժողովրդավարությունում, քանի որ ԶԼՄ-ն գործընթացը «հսկող շունն է»։ «Անցյալ տարի հոկտեմբերին մենք ունեցանք  տեսանկարահանող սարքեր, կայքեր, որոնք հասանելի էին բոլորի համար, այսինքն՝  կարելի էր նաև այդպես հետևելով արդար լուսաբանել և պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են քվեարկության կազմակերպման համար։ Որևէ մեկն անձեռնմխելիություն չունի»,- ասաց նա։

Ջոն Հարդին Յանգն ասաց, որ ՀՀ-ն շատ ճանապարհ է անցել վերջին քառորդ դարում։ «ԸՕ-ն գնալով հղկվում է, այն պարզեցնելու տեղ ունի, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդպես էլ կլինի, քանի որ ժողովրդավարության մեջ գոյություն չունի ավելի կարևոր իրավունք, քան ընտրելու իրավունքը, իրավունք, որ քո քվեի հետ հաշվի նստեն»,- ասաց ամերիկաբնակ փորձագետը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Տեսանյութեր

Լրահոս