Պաշտոնապես կատարվեց
Հունվարի 31-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016թ. ամփոփող առաջին փաստաթուղթը։ Փորձագետները դրան առանձնահատուկ էին սպասում։ Պատճառը միայն այն չէ, որ 2016թ. սեպտեմբերին կառավարություն փոխվեց։ Ի վերջո, մեր երկրում ոչ մի տարի ոչ մի կառավարություն պատասխանատվություն չի կրել իր գործունեության համար։ Դրան գումարած` ոչ ոք չի էլ կասկածում, որ մեր վիճակագիրները տարին ամփոփող թվերով թե՛ տնտեսական աճ «կապահովեն», թե՛ բյուջեի 100 տոկոսանոց կատարողական։
Անցած տարվա տվյալների նկատմամբ հետաքրքրության աճը բացատրվում է այն աշխարհաքաղաքական իրավիճակով, որի մեջ ակամա ներքաշվել էինք։ Խոսքն առաջին հերթին` ռուս-թուրքական հարաբերությունների մասին է։ Թուրքական ապրանքների վրա դրված արգելքները մեր գործարարների համար տնտեսական հեռանկարներ էր բացել։ Եվրամիություն-Ռուսաստան տնտեսական սանկցիաների արանքում, հայտնի փաստ է, ամենաշատը շահեցին բելառուս գործարարները։
Նրանք թե՛ լեհական գյուղմթերք, թե՛ նորվեգական ծովամթերք էին վերափաթեթավորում ու «արտահանում» Ռուսաստան։ Նման հնարավորություն մեր պարագային ստեղծվել էր թուրքական ապրանքների հաշվով։ Իսկապես հետաքրքիր է, թե որքանով կարողացան մեր գործարարներն օգտվել այդ հնարավորությունից։ Բայց այդ մասին` հետո։ Նախ դիտարկենք 2016-ն ամփոփող մակրոտնտեսական տվյալները։ 2016-ի բյուջեն կատարվել է (կամ հայտարարվում է կատարված)։
Մուտքերի մասով հարազատ բյուջեն 2015-ի համեմատ աճել է 0,7 տոկոսով։ Իսկ ծախսերի մասով` 2,4 տոկոս։ Քանի որ պաշտոնական վիճակագրությունն ընդհանուր թվերով կատարում ու գերակատարում է հայտարարում, բերենք միայն այն ոլորտները, որոնցում նույն պաշտոնական վիճակագրությունը կրճատում-նվազում է արձանագրել։ Առաջինն աչքի է զարնում ԱԱՀ ցուցանիշը։ 2016-ին ԱԱՀ-ն հավաքվել է 2015-ի 92,3 տոկոսի չափով։ Նույն հարաբերակցությամբ մաքսատուրքերը նվազել են 10 տոկոսով։ Սա ինչ-որ իմաստով սպասելի էր։ 2016-ի ընթացքում վիճակագրությունն արձանագրում էր, որ նվազում էին տրանսֆերտները։
Դրա արդյունքում նվազում էր բնակչության գնողունակությունը, կրճատվում էր մանրածախ առևտուրը։ Շղթայաբար նվազում էին ներմուծումները։ Բայց բյուջեն կատարվել է` ակցիզային հարկն անցած տարի 22 տոկոսով ավելի է հավաքվել, իսկ եկամտահարկը` 22,7 տոկոսով։ Իսկ դա հնարավորություն է տվել բյուջեն կատարել նաև ծախսերի մասով։ Ի հակառակ տնտեսության ոլորտում ստեղծված ծանր իրավիճակի, որի մասին աշնանը խոսում էր նորանշանակ վարչապետը։ Հավանաբար այն պատճառով, որ վարչապետի հայտարարությունների և բյուջեի կատարողականի մեջ հակասություններ չլինեն, վիճակագիրներն արձանագրել են ոլորտներ, որոնք թերֆինանսավորվել են։ Ամենամեծ թերֆինանսավորում արձանագրվել է «բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների» ոլորտում` մոտ 18 տոկոսով։
Բայց քանի որ մեր երկրում սոցիալական բնակարանաշինությունը փոքր, համարյա աննկատ ոլորտ է, թերֆինանսավորման այս փաստին լուրջ վերաբերվելն ինքնին լուրջ չէ։ Հաջորդ թերֆինանսավորված ոլորտը «շրջակա միջավայրի պաշտպանությունն» է։ Այս ոլորտին նախատեսվածից 15 տոկոս քիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել։ Հուսանք, որ այս փաստը արժանի գնահատական կստանա կանաչների կողմից։ Հուսանք ու անցնենք արտահանումների ոլորտին։
2015-ի համեմատ` արտահանումները թռիչքաձև աճ են արձանագրել։ Զուտ տոկոսային արտահայտությամբ աճը կազմել է 20 տոկոս։ Իշխանությունները, իհարկե, դեռ երկար կհպարտանան այս փաստով։ Ընդդիմադիրները, բնականաբար, չեն համաձայնի նրանց հետ` հիշեցնելով, որ 2015-ի հետ համեմատությունը լուրջ փաստարկ չէ, որովհետև այդ տարի մեր արտահանումը կրճատվել էր։
Դատեք ինքներդ` դրամական արտահայտությամբ արտահանման աճը կազմել է մոտ 300 ԱՄՆ դոլար։ Բավարա՞ր է այն, թե՞ ոչ. այս հարցը մի կողմ թողնելով` տեսնենք, թե ինչ ապրանք ենք արտահանել այդ գումարի չափով։ Ամենամեծ բաժինն արձանագրել է «թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքատեսականին։ Բոլորս էլ գիտենք, որ անցած տարի Հայաստանում ալմաստի հանքեր չեն հայտնաբերվել։
Պարզապես խոսքը թուրքական արտադրության ոսկերչական ապրանքատեսակների մասին է, որ ռուսական տնտեսական արգելքների պատճառով փաստաթղթավորվել են իբր հայկական ու ներմուծվել ՌԴ։ 10-15 տարի առաջ, երբ Հայաստանն ադամանդի մշակմամբ էր զբաղվում, ՌԴ-ից 240 մլն դոլարի ալմաստ էր ներկրվում, հղկվում ու արտահանվում 250 մլն դոլարի ադամանդ։ Բոլորի համար ակնհայտ էր, որ այդ ողջ գործարքում Հայաստանի իրական բաժինը 10 մլն դոլարից պակաս արժեք էր։
Բայց փոխարենը՝ ադամանդագործությունը մեր արտաքին ապրանքաշրջանառությունը մեծացնում էր 490-500 մլն դոլարով։ Մասնագետները մի քանի տարի շարունակ քննադատում էին այդ պարզունակ ու անթույլատրելի հնարքը, մինչև որ վիճակագիրները սկսեցին մեր արտաքին առևտրի երկու տարբերակ հրապարակել` ադամանդագործությունը` ներառյալ, և առանց ադամանդագործության։ Անցած տարի պարզվեց, որ թուրքական ոսկերչական իրերի, գյուղմթերքի, տեքստիլ արտադրանքի «վերափաթեթավորումը» մեր երկրին իրական եկամուտ չբերեց։ Հակառակ մեր սպասում-ակնկալիքի։
Գուցե դա կանխատեսելի էր։ Ճիշտ այնպես, ինչպես բյուջեի` պաշտոնական ու պարտադիր կատարված հայտարարելու փաստը։