Բաժիններ՝

Ցանկացած կառույցում ցուցանակը՝ «այստեղ կաշառք չեն վերցնում», իջեցնում է այդ վայրում կաշառքի տոկոսը

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունն այսօրվանից սկսում է «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավը, որի նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների մասին։ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ որոշել են նման արշավ սկսել հենց այս փուլում, քանի որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով ցուցանիշների վատթարացում է ունեցել: Թեմայի շուրջ զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

– Պարոն Խուրշուդյան, ինչքանո՞վ են նման քարոզարշավներն արդյունավետ։

– Նախ՝ չգիտեմ՝ ինչ է արվելու, միջոցառումներից է կախված, բայց քարոզարշավն էլ ռազմավարական լուրջ քայլ է։ Մի փաստ բերեմ. օրինակ, հետազոտված է, որ ցանկացած հիմնարկում կամ կառույցում, եթե կա ցուցանակ՝ «այստեղ կաշառք չեն վերցնում», այդ վայրում կաշառքի տոկոսն իջնում է։ Դա բավականին հետաքրքիր հոգեբանական պրոցես է։ Սա միջազգային հետազոտություն է և ցույց է տալիս, որ դա իրոք աշխատում է։ Դա պարզ օրինակ է, թե ինչպես, առանց որևէ գործողության, միայն խոսքի ուժն ինչքան ազդեցիկ կարող է լինել։

– Հայաստանյան որևէ պետական կառույցում նման ցուցանակ կա՞։

– Ոչ, ես չեմ հանդիպել։ Կոռուպցիան նաև ակնկալիքներ է, և երբ հայտարարում են, որ դա սխալ ակնկալիք է, մարդկանց վարքագիծն ինչ-որ չափով փոխվում է։ Եվ այդ տեսանկյունից ցանկացած նման քարոզարշավ կարևոր է։ Բայց այն կարող է նաև հակառակ ազդեցություն ունենալ, այսինքն՝ եթե քարոզարշավն ընկալվի որպես ձևական, ցինիկ և այլն, չկարևորվի, ապա կոռուպցիայի դեմ պայքարը կարող է արժեզրկվել։ Այդ պատճառով քարոզարշավը պետք է հստակ ռազմավարական ուղղված գործողություն լինի, ոչ թե զուտ «թռչնակ դնելու» համար։

– ԵՄ-ն տարիներ շարունակ մեր երկրին հսկայական գումարներ է հատկացնում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ըստ Ձեզ՝ մինչ այս որևէ փոփոխություն կա՞։

– Հայաստանում բավականին աշխատանք տարվել է և, իրոք, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, բայց համընդհանրությունը չկա։ Այսինքն՝ տեղային լուծումներով չի վերացվում ամբողջական խնդիրը, դրա համար չենք կարողանում նկատել։ Իմ կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն այնպես պետք է լինի, որ նույնիսկ «կոռուպցիա» բառն այդտեղ չլինի, բայց կոռուպցիան նվազի։ Այսինքն՝ հստակ գործողություններն են կարևոր, ոչ թե՝ որ անունը լինի՝ կոռուպցիայի դեմ պայքար։ Գումարների արդյունավետությունից չեմ կարող խոսել, չունեմ նման հետազոտություն, բայց, որ որոշակի ազդեցություն թողել են, այո, միանշանակ։

– ԵՄ դեսպանն ասել է, թե «Հայաստանի հասարակությունը չի կարող առանց կոռուպցիայի գոյատևել ու գործել»։ Համամի՞տ եք։

– Դա, իհարկե, մշակութային խնդիր է, բայց կարելի է ավտոմատ ստեղծել միջավայր, որպեսզի կոռուպցիա չլինի։ Հենց այդ արտահայտությունը նպաստում է, որպեսզի հասարակությունը պատրաստ չլինի հրաժարվել կոռուպցիայից։ Խնդիրը համակարգային է, կոռուպցիան ևս ինչ-որ ֆունկցիա է կատարում, որը, հանելու դեպքում՝ պետք է փոխարինվի այլ հստակ մեխանիզմներով։ Եթե այդ հստակ մեխանիզմները չկան, կոռուպցիան նորից հետ է վերադառնալու։ Դա է խնդիրը։ Միայն կոռուպցիան նվազեցնելը չի։ Եթե կոռուպցիա կա, ուրեմն ուրիշ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրները լուծվեն։ Օրինակ, շատերը չգիտեն, որ Ճապոնիան 60-ականներին ինչքան շատ կոռուպցիոն երկիր է եղել, բայց փոխել են այդ մշակույթը։ Այնպես որ, ես ուղղակի չեմ ընդունում, որ մեր հասարակությունը պատրաստ չէ հրաժարվել կոռուպցիայից, պարզապես պետք է հասարակությանն առաջնորդել, և այն կփոխվի։

– Կարեն Կարապետյանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ հուսադրո՞ղ են։

– Խնդիրները բարձրաձայնելու մակարդակով՝ այո։ Այն խնդիրները, որ բարձրաձայնվել են մինչև հիմա, իրոք, դրանք կան։ Լուծումները՝ սպասենք, կտեսնենք։ Ցիկլիկ գործոն կա՝ եթե հիմնարար չի լուծվում խնդիրը, նույնիսկ վերացնելուց հետո այն նորից առաջանում է։ Պետք է հասկանալ և այնպիսի գործողություններ անել, որ այն այլևս չվերադառնա։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնարար խնդիրը դա է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս