Բաժիններ՝

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առաջիկայում լուրջ փոփոխություններ է զգալու կոռուպցիայի դեմ պայքարում». Կարեն Զադոյան

Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիներին իրականացվող աշխատանքները դրական արդյունք են տվել:

«Ոլորտում առկա խնդիրները երկու մակարդակի են. առաջինը ներքեւում է՝ հանրային սեկտորում, այսինքն՝ վարչական կոռուպցիան է, իսկ երկրորդը, որը հատկապես վտանգավոր է, քաղաքականն է. կարելի է ասել՝ այն ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում: Առաջին հարթության խնդիրների լուծման եղանակները կիրառում են տարբեր երկրներում, ուղղակի պետք  է հետեւողական լինել: Դա  իրավական ակտերի, ընթացակարգերի պարզեցումն է եւ շփումների նվազեցումը պետական պաշտոնյաների,  հանրային ծառայողների եւ քաղաքացիների միջեւ»,- Կարեն Զադոյանը:

Նրա դիտարկմամբ՝  քաղաքական կոռուպցիայի վերացման համար  պետք է լուրջ միջոցներ ներդնել, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվում է  քաղհասարակության կողմից:

«Հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի առարկայական դարձավ քաղհասարակության եւ Կառավարության համագործակցությունը: Քաղհասարակության կազմակերպությունների կողմից վերջին երեք տարիների աշխատանքների շնորհիվ այսօր Կառավարությունը ձեւավորում է համապատասխան կամք: Վստահ եմ՝ հետեւողական աշխատանքների շնորհիվ քաղհասարակության  կազմակերպությունների, միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի սա մինչեւ վերջ տանել, եւ ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի առաջիկայում լուրջ փոփոխություններ է զգալու: Հատկապես վերջին վեց ամիսների ընթացքում հսկայական աշխատանք  է տարվել, եւ այս տարի արդեն արդյունքներին ենք ականատես լինելու»,-եզրափակեց Կարեն Զադոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս