«ԵՄ-ն սատարում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը». Սաջադ Քարիմ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա խնդիրների,  լուծման հեռանկարների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է  բրիտանացի քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:

Պրն Քարիմ,  թեմայի համատեքստում նախ կցանկանայի անդրադառնալ վերջին ամիսների ամենացավոտ իրադարձությանը՝ ապրիլյան պատերազմին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան տարի անց Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները: Արդյո՞ք դրանք սպասելի էին: 

-Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը, որը մենք բազմիցս կրկնել ենք տարիների ընթացքում, այն է, որ ներկայիս ստատուս քվոն այս հակամարտությունում անընդունելի եւ անկայուն է, որովհետեւ այն մշտապես պարունակում  է սրացման եւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ խոսել ենք երկարաձգված, այլ ոչ թե սառեցված հակամարտության մասին, եւ ես կարծում եմ՝ հենց ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր մտավախություններն արդարացված են:

Միջազգային հանրությունն, այդ թվում նաեւ՝ Դուք, այս հարցի վերաբերյալ կոչեր հնչեցրիք, սակայն  պաշտոնապես նախահարձակ կողմի վերաբերյալ ոչինչ չասվեց: Չեք կարծու՞մ, որ դա, այնուամենայնիվ, կարեւոր էր: Կցանկանայի իմանալ՝ Ձեր անձնական կարծիքը:

– Տեսեք, հատկապես պատերազմի պարագայում չափազանց դժվար է ինչ-որ մեկի անձնական կարծիքը առաջ տանել, հատկապես, երբ մենք՝ որպես ԵՄ, անմիջական հասանելիություն չունենք դեպի տարածաշրջան. մի բան, որ մենք՝ որպես Եվրախորհրդարան, շատ անգամներ ենք առաջարկել:  Այդ իսկ պատճառով, մենք միանշանակ սատարում ենք  ԵԱՀԿ  հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, ինչը մենք կոչ ենք արել ու շարունակելու ենք կոչ անել:

Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության լուծումը քաղաքական է, և դրան հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով: Բայց տարիների ընթացքում հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները այդքան էլ չեն տանում դեպի դրան, քանի որ Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ:

– Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չի կարող լինել:  Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, որը երկարաձգված հակամարտություն է, այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Նման ստատուս քվոն մշտական լուծում չէ:

Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում կարո՞ղ է ինչ-որ դեր խաղալ:

-Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ:

Պրն Քարի՛մ, իսկ ի՞նչ կասեք ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, որոնք փաստերով ներկայացվեցին մի շարք միջազգային կառույցների: Փաստն էլ այն է, որ զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին հանձնվեցին զինծառայողներ ի խոշտանգված մարմինները: Սա դեմ է պատերազմի բոլոր նորմերին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկել: 

-Պատերազմի հանցագործությունները չափազանց լուրջ խնդիր են, որոնց մենք բոլորս պետք է տանք քաղաքական առաջնահերթություն: Հենց դրա համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է Միջազգային քրեական դատարան, որտեղ ուսումնասիրվում են ցեղասպանության, պատերազմի, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:  ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացրել են Հռոմի ստատուտը, որն ընկած է այս դատարանի ստեղծման հիմքում: Որպես Եվրախորհրդարան՝ մենք մշտապես հորդորել ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, միանալ մեզ:  Դժբախտաբար, Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել (Ադրբեջանն անգամ չի ստորագրել Հռոմի ստատուտը-հեղ.): Ես պարզապես կարող եմ կրկին հորդորել կողմերին եւ հուսալ, որ Հայաստանը կկարողանա ծառայել որպես օրինակ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանի վրա իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն 12 օր հետո հայտարարություն տարածեց՝ կողմերին հորդորելով հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից: Կարծես փորձ  արվեց կողմերի միջեւ դնել հավասարության նշան ՝ կրկին զերծ մնալով հասցեական կոչերից այն դեպքում, երբ Ադրբեջանն է, որ  շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը  ու նաեւ ըստ Մինսկի խմբի՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

-Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց ներխուժման փորձի մեջ, ինչը հանգեցրեց զոհերի: Կարծում եմ՝ սա փաստացիորեն ճիշտ է, չնայած որ, այո՛, այն խուսափում է մեղադրանքը հստակեցնելուց:  Նույն հայտարարությամբ նաեւ կոչ է արվում երկու երկրների ղեկավարներին աջակցել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի հաստատմանը, որը մենք լիովին սատարում ենք, եւ որի կարիքն արդեն տեւական ժամանակ է կա:

Պրն Քարի՛մ, իսկ ի վերջո ո՞րն է Ձեր անձնական կարծիքը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ: 

-Իմ անձնական կարծիքն այն է, որ հակամարտության լուծումը կախված է ավելի շատ հենց Երեւանից եւ Բաքվից, քան ինչ-որ այլ կառույցից, եւ որ ԵՄ-ն եւ միջազգային հանրությունը կարող են միմիայն միջնորդել եւ աջակցել, բայց ոչ ինքնուրույն լուծել այն: Հրադադարի խախտումները՝ չխոսելով նույնիսկ ապրիլյան դեպքերի մասին, ցույց են տալիս, որ ստատուս քվոն անկայուն է, իսկ բանակցային լուծումը անհրաժեշտորեն կներառի «տուր եւ վերցրու» բաղադրիչը բոլոր կողմերի համար:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Տեսանյութեր

Լրահոս