Բաժիններ՝

Արևային օրերի սպասում

Քաղաքական անկանխատեսելի ու սկանդալային զարգացումների կողքին Երևանում մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ-2017» համաժողովը: Միջոցառումը կազմակերպել են Վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կազմակերպիչների անունները նշելը համարեք հարգանքի ու գնահատման տուրք նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար:

Մեր Էներգետիկայի նախարարությունն ու տնտեսության էներգետիկ ոլորտը 90-ական թվականներից հետո հասարակական ուշադրության կենտրոնում երբեք չեն եղել: Հանրապետության ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ խոսում էր նոր ատոմակայանի կառուցման ծրագրերի մասին ու մոռանում էներգետիկայի թեման ընդհանրապես: Իսկ վերականգնվող էներգիայի ոլորտի մասին իշխանությունների բոլոր զրույցներն արևելյան խնջույքի սեղանի ճոխ կենացներ էին հիշեցնում:

Բոլորս էլ հասկանում էինք, որ դա ավելի շատ տուրք է ժամանակների ոգուն, քան գործողությունների իրական ծրագիր: Բայց 2016-ին էներգետիկայի ոլորտում ինչ-որ բան փոխվեց: Խոսքը միայն Էներգետիկայի նախարարության անվանափոխության մասին չէ: Այն հիմա կոչվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այնտեղ երևի հասկացել են, որ բնական պաշարներ ասվածը միայն հանքահումքային ոլորտը չէ: Տարիներ շարունակ խոսում էինք էներգիայի վերականգնվող աղբյուրներից օգտվելու մասին: Իսկ հիմա հասկացել ենք, որ վերականգնվող աղբյուր ասածը Հայաստանի պարագային, առաջին հերթին` արեգակնային էներգիան է: Երևանում գումարված համաժողովը հենց այդպես էլ անվանվել է՝ «Արևային էներգիայի ներդրումային համաժողով»:

Կարճ ասած, թանկուկրակ էլեկտրաէներգիան բոլորիս ձանձրացրել է: Պարզ սպառողից մինչև գործարար ու դեռ մի բան էլ ավելի: Իշխանություններին էլ է այն հետաքրքրում: Համաժողովում նույնիսկ ՀՀ նախագահը ելույթ ունեցավ: Բնակչությունը, իհարկե, միշտ էլ փորձել է ինքնուրույն լուծել իր խնդիրները՝ հույսն իշխանությունների հետ չկապելով: Օրինակ, տեսեք, թե ինչ է արձանագրում վիճակագրությունը: 2015թ. Հայաստան ներմուծվել էր 76 հազար գերխնայողական Լեդ լամպեր: Բնակչությունն անմիջապես գնահատեց այդ լամպերի առավելությունը, և անցած տարի Լեդ լամպերի սպառումն աճեց ավելի քան 20 անգամ: 2016-ից Հայաստան ներմուծվել էր մեկ մլն 550 հազար Լեդ լամպեր:

Նույն 2016-ին մոտ երեք անգամ ավելացել է նաև արևային ֆոտովոլտային պանելների ներմուծումը: Բայց այս պանելների ներմուծումն առայժմ հետաքրքրում է միայն առանձնատների սեփականատերերին: Բնակչության նման խնայողական վերաբերմունքը նկատելի է բոլոր ոլորտներում, և 2016-ին էներգախնայողական ծրագրերով «վարակվեց» նաև կառավարությունը: Արեգակնային էներգիայի օգտագործման ծրագրեր մշակելու համար հրավիրվեց իսպանական «Արիես ինժեներիա» խորհրդատվական ընկերությունը: Տարեվերջին պարզ դարձավ, որ իսպանացիներն արդեն երկու տարածք են առաջարկում արեգակնային էլեկտրակայան կառուցելու համար:

Գեղարքունիքում և Արագածոտնի մարզում առանձնացվել են «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղամասերը: Հայտնի է նաև, որ իսպանական ընկերությունը ևս չորս տարածք է ուսումնասիրում: 2016-ի վերջում Էներգետիկ ենթակառուցվածքների ու ներդրումների նախարարությունը հայտարարեց, որ արդեն ընտրված վայրերում երկու արեգակնային կայաններ կառուցելու միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ նախապես համաժողով կհրավիրի խնդիրներն ավելի լավ պատկերացնելու և հնարավոր ներդրողներին մի կողմից` ավելի մանրամասն «տնտղելու», մյուս կողմից` նրանց շահագրգռելու համար:

Արեգակնային էներգիայի օգտագործման տեխնոլոգիաներն արտերկրում բավական արագ տեմպերով են զարգանում: Իսկ դա ավելի մատչելի է դարձնում ոլորտը: Վերջին տարիներին արեգակնային ֆոտովոլտային պանելների արժեքն էժանացել է 80 տոկոսով: Լրջորեն ավելացել է նաև արևային ջրատաքացուցիչ կայանների արդյունավետությունը:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի նման արևային երկիրն այլևս չի կարող իրեն շռայլություն թույլ տալ` չօգտվել իր բնակլիմայական բարիքներից: Մինչ այդ մեզ համոզում էին, որ երկիրը կարող է զարգանալ փոքր հէկ-երի շնորհիվ: Դրանք, ի վերջո, կառուցվեցին՝ անտեսելով բնապահպանների բողոքները: Դրանք այսօր էլ էկոլոգիական լուրջ վնաս են հասցնում, բայց շարունակում են շահագործվել: Հուսանք, որ արեգակնային կայանների զարգացումը հնարավորություն կտա փոխել իրավիճակը:

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից` Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում նախատեսվող ֆոտովոլտային կայանների գինը կազմելու է մոտ 130 մլն դոլար: Կայաններն ունենալու են 110 մեգավատտ հզորություն: Այս տվյալներից կարելի է ենթադրել, որ արեգակնային կայաններ կառուցելու գաղափարն իրատեսական է: Իրատեսական է՝ նոր ատոմակայան կառուցելու` տարիներ շարունակ ծամծմվող խոստման համեմատ:

Կառավարությունը նախապես խոստացել է կայանների կառուցման միջազգային մրցույթը հայտարարել այս տարվա փետրվարին: Հետաքրքիր կլինի հետևել մրցութային գործընթացին, և նոր կառավարության գործունեության արդյունավետության առաջին գնահատականները կարելի կլինի արձանագրել հենց այս տարի: Թեկուզ միայն էներգետիկայի ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս