Բաժիններ՝

«Լուսանկարների մեջ չկա հորինված երջանկություն, ես լուսանկարել եմ իրականությունը». Վիգեն Մնոյան

Սիրո 32 պատմություններ՝ լուսանկարների տեսքով, շուրջ մեկ ամիս կզարդարեն Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահը:

32 ժպիտով լեցուն պատկերներ, որոնք գալիս են ասելու, որ սերն ընտանիքում գերիշխում է, եթե այնտեղ կա երեխա, և էական չէ՝ հաշմանդա՞մ է նա, թե՞ ոչ:

«Սկարպ» հ/կ-ի կազմակերպած ամենամյա լուսանկարների ցուցահանդեսն այս տարի նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա ընտանիքի անդամների միջև սիրուն: «Սեր» խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակն է՝ լուսանկարների միջոցով հանրությանը ներկայացնել այն ջերմ մթնոլորտը, որն առկա է ցանկացած ընտանիքում՝ անկախ երեխայի հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից: Սույն միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփընի Արմենիա» ընկերության աջակցությամբ:

«Սկարպ» հ/կ-ի հիմնադիր Աշոտ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր այսօրվա գլխավոր ասելիքն ուղղված է ոչ թե այն ընտանիքներին, որոնք լուսանկարվել են, այլ այս լուսանկարները դիտող հասարակությանը:

Կարդացեք նաև

Հասարակության մեջ տարածում է գտել մի կարծրատիպ, որ հաշմանդամ երեխան ընտանիքում անտեսված է: Մենք ուզում ենք՝ մարդիկ տեսնեն հակառակը, որ այդ ընտանիքներում իշխում է սերը, հոգատարությունն ու ուրախությունը: Վստահ եմ, որ նմանատիպ միջոցառումները կօգնեն կարծիքներ փոխել հասարակության մեջ: Մեր չիմացությունն է, որ բերում է մտածողության սխալ կարծրատիպերի: Մենք ոչ ոքի մեղադրելու նպատակ չունենք, մենք իրազեկելու խնդիր ունենք: Ընդհանրապես մարդու կատարած սխալների մեծամասնությունն ինֆորմացիայի պակասից է»:

Ներկա գտնվելով երեկ տեղի ունեցած «Սեր» անունը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը՝ հանդիպեցինք նաև լուսանկարների հերոսներից մի քանիսին: Լուսանկարներից մեզ ժպտացող երեխաներն ու նրանց ծնողներն իրապես հերոսներ են, քանի որ կարողանում են դիմակայել կյանքի հասցրած հարվածներին՝ ժպիտով և այդ նույն կյանքով լեցուն հայացքներով: Իսկ երբ այդ ծնողներն ու երեխաները եկան ցուցասրահ և սկսեցին հայացքով փնտրել իրենց լուսանկարները, նրանց ժպիտներն է՛լ ավելի վարակիչ դարձան ներկաների համար: Մենք զրուցեցինք լուսանկարների հեղինակ Վիգեն Մնոյանի հետ:

– Հաշմանդամներին, հատկապես՝ երեխաներին տեսնելիս՝ ակամայից ցավ ես ապրում նրանց համար: Սակայն մեր այդ խղճացող հայացքը երևի ամենավիրավորականն է նրանց համար, չնայած, որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ վիրավորելու նպատակ բացարձակ չկա: Այս ժպտացող լուսանկարները կօգնե՞ն մեզ փոխելու հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների հանդեպ մեր մոտեցումը:

 – Կար ժամանակ, երբ սայլակով մարդ տեսնելիս՝ ես էլ մտածում էի, որ պարտադիր պետք է օգնել, բայց չգիտեի՝ ինչպես առաջարկել իմ օգնությունը, որպեսզի չվիրավորեմ նրան: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ մարդը չունի իմ կարիքը, նա իմ պես մեկն է: Թյուր կարծիք կա տարածված, թե այն ընտանիքները, որտեղ հաշմանդամ երեխաներ են ապրում, պարտադիր դժբախտ են, տխուր են, այլ են… Այս նախագծի նպատակը հակառակն ապացուցելն է: Մենք ցանկացել ենք ասել, որ երեխան երեխա է, և որևէ նշանակություն չունի՝ հաշմանդա՞մ է նա, թե՞ ոչ. միևնույն է, ծնողների համար նա ամենասիրելին է, և, որ այդ ընտանիքներում ևս իշխում է սերն ու ուրախությունը:

– Ինչպե՞ս արձագանքեցին հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներն այս նախագծի մտահղացմանը:

– Շատ լավ ընդունեցին, հաճույքով լուսանկարվում էին: Շատերն ուղղակի չէին թողնում, որ դուրս գանք իրենց տներից, անընդհատ հյուրասիրում էին, ուրախ ու հետաքրքիր պատմություններ պատմում իրենց ընտանիքների մասին:

– Կարծում եք՝ լուսանկարներն ի վիճակի՞ են հասարակության կարծիքը փոխել, թե՞ այլ մեթոդներ են պետք:

– Համենայն դեպս, մենք փորձում ենք դա անել: Լուսանկարների մեջ չկա հորինված երջանկություն, ես լուսանկարել եմ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ այս ընտանիքները երջանիկ են, որ այստեղ սերը երեխայի հանդեպ երբեմն շատ ավելին է, քան այն ընտանիքներում, որտեղ երեխան չունի առողջական խնդիրներ: Այս ընտանիքներն այնպիսին են, ինչպիսին որ ես լուսանկարել եմ:

– Նկարահանումների ընթացքում կա՞ր ընտանիք, որտեղ այդպես էլ սեր չտեսաք և այդպես էլ ոչ մի կադր չլուսանկարեցիք:

– Ոչ, չի եղել: Համենայն դեպս, այս բոլոր ընտանիքների մեջ ես նման բան չեմ տեսել:

– Սոցիալական խորագրերով ցուցահանդեսներ տարին մեկ-երկու անգամ կազմակերպում եք: Սակայն նրանց համար, ովքեր ճանաչում են Ձեզ՝ նաև որպես մեր «գլամուրային» գեղեցկուհիներին լուսանկարող Վիգեն Մնոյանի, փոքր-ինչ անսովոր է տեսնել Ձեզ այս կարգավիճակում:

– Կարծիք կա տարածված, որ մինչև փող չտեսնի՝ Մնոյանը ֆոտո չի անի: Ես միշտ էլ նկարահանել եմ սոցիալական թեմաներով ֆոտոներ դեռևս 2006թ.-ից: Դրանք եղել են և՛ հովանավորությամբ, և՛ ինքս եմ գումար ներդրել, որ իրականացնեմ սոցիալական որոշակի թեմատիկ ցուցահանդեսներ: Դա ես համարել եմ իմ պարտքը:

– Մեր զրույցներից մեկի ժամանակ կատակով նշել էիք, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստան՝ «խոպան» եք գնում և այնտեղ ևս աշխատում եք:

– Քանի որ այժմ Ռուսաստանի սոցիալական վիճակը թույլ չի տալիս առաջվա պես աշխատել, հաճախակի չեմ մեկնում այնտեղ: Ռուսաստանում լավ ընկերներ ունեմ, ռուս դերասանների հետ նախագծեր եմ իրականացրել, կապը կա: Պատվերներ լինում են երբեմն, և ժամանակ առ ժամանակ մեկնում եմ աշխատանքի՝ խոպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս