Որ ընկերության երազանքներն են իրականանում

Այս տարին էլ սկսվեց նախորդի նման: Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը կրկին չհասցրեցին պայմանավորվել Հայաստան մատակարարվող գազի հարցում: Անցած տարի միայն ապրիլ ամսին ստորագրվեց այն պայմանագիրը, որով մեզ գազ մատակարարվեց: Ռուսական ընկերության ու Վրաստանի միջև վերջին տարիներին միշտ անհամաձայնություն կա Հայաստանի գազամատակարարման հարցում:

Վրաստանը 2007-ից է դադարել գազ գնել ՌԴ-ից և Հայաստան մատակարարվող գազի դիմաց այդ տարվանից, որպես տրանզիտ, ստանում էր առաքվող գազի 10 տոկոսը: 2014-ից սկսած Ռուսաստանը փորձում է փոխել մինչ այսօր գործող այս պայմանավորվածությունը: Պատճառները դժվար է միանշանակ քաղաքական համարել: Բայց առանց քաղաքական տարրի էլ իրավիճակը վերլուծել հնարավոր չէ: 2014-ին պարզվեց, որ սպառման աճն ապահովելու համար Վրաստանին հարկավոր է տարեկան ավելացնել մոտ 300 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանի հիմնական մատակարար Ադրբեջանը պատրաստ չէր նման ծավալով ավելացնել գազի մատակարարումը:

Վրացիներն էլ պատրաստ չէին ՌԴ-ից գազ գնել: Հատկապես 2008-ի պատերազմական գործողություններից հետո: Ըստ ռուսական փորձագետների՝ Հայաստան հասնող գազատարը թերբեռնված է:

Այն աշխատում է միայն հզորությունների 20 տոկոսով: Ռուս փորձագետները նաև վստահեցնում էին, որ ադրբեջանական պետական SOCAR ընկերությունն ի վիճակի չէ բավարարել գազի վրացական աճող պահանջները: Հակառակի նման՝ Հայաստանը կրճատում էր ՌԴ-ից գազի ներմուծումը: «Գազպրոմի» հետ 2014-ին կնքած պայմանագրի համաձայն՝ մենք 2014-18թթ. տարեկան պիտի ներմուծեինք երկուս ու կես մլրդ խորանարդ մետր գազ: Հակառակի նման՝ այս սպասումները չիրականացան: 2015թ. ՌԴ-ից Հայաստան առաքվել է 1,92 մլրդ:

Այսինքն՝ նախատեսվածից քիչ: Հետևաբար՝ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, իր սպասածից պակաս գազ է ստացել: Հավանաբար նման իրավիճակ եղել է նաև անցած տարի: 2016-ի ամբողջական թվեր դեռ չեն հրապարակվել: Բայց իրավիճակը պատկերացնելու համար կարելի է համեմատել 2015-ի և 2016-ի առաջին կիսամյակների տվյալները: 2015-ի առաջին կիսամյակում ներմուծել ենք 886 մլն խորանարդ մետր գազ, իսկ անցած տարի՝ 787,3:

Կիսամյակի ընթացքում մեր պահանջարկը նվազել է մոտ 100 մլն խորանարդ մետրով: Այսինքն՝ ամեն տարի նվազում է նաև վրացական տրանզիտի համար նախատեսված 10 տոկոսանոց մասնաբաժինը: Հիշենք, որ 2016-ի աշնանը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմեց գազի սակագինը նվազեցնելու համար: Բերված ամենահիմնական փաստարկն այն էր, որ ներմուծվող գազի գինը նվազել է հենց վրացական տարանցիկ արժեքի նվազման պատճառով:

Կատարվածը տնտեսագիտական իմաստով հետաքրքիր հակասություն էր: Զուտ այն պատճառով, որ մենք կրճատել ենք գազի սպառման ծավալները: «Գազպրոմը» լրացուցիչ եկամուտներ է ստացել Վրաստանին ավելի քիչ գազ տրամադրելու արդյունքում: Սրան գումարած՝ 2014-ից սկսած Ռուսական «Գազպրոմը» Վրաստանին տարանցիկ ուղի ապահովելու համար առաջարկում է փողով վճարել Հայաստան առաքման համար՝ խուսափելով ծավալի 10 տոկոսը տրամադրելու  նախկին պայմանավորվածությունից: Նախորդ տարվա ընթացքում ռուսական ու վրացական կողմերն անդադար բանակցում էին:

Վրաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերը պարբերաբար հանրահավաքներ էին կազմակերպում՝ ձգտելով խանգարել ռուսաստանյան ընկերության հետ որևէ համաձայնության գալու հարցում: 2016-ի հունիսին «Գազպրոմը» պայամանագիր կնքեց վրացական «Գազկո+» ընկերության հետ, որով վրացական ընկերությունը համաձայնում էր մինչև տարվա վերջ 100 մլն խորանարդ մետր գազ գնել «Գազպրոմից»:

Այս փաստը Վրաստանում միանշանակ չընդունվեց: Վրացական մամուլն անմիջապես հիշեց, որ «Գազկո+»-ի վրացի տերերը ՌԴ քաղաքացիություն ունեն: Նույնիսկ մեր մամուլում վերլուծություններ հայտնվեցին, որ «Գազպրոմը» սեպ է խրում հայ-վրացական հարաբերությունների միջև: Բայց միևնույն է, ռուս-վրացական դռնփակ բանակցությունները շարունակվում էին: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանի Էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն և «Գազպրոմի» ղեկավար Միլլերը հանդիպել են երեք անգամ: Եվ ահա երրորդ հանդիպումը, որ կայացավ հունվարի 10-ին, կարծես արդյունավետ էր:

Կախա Կալաձեն հայտարարեց. «Գազպրոմի» կողմից հնչեցվեց հետաքրքիր առաջարկություն: Ուզում եմ ասել, որ դա վերջնական առաջարկություն է: Հիմնական զրույցը ֆինանսական վճարման անցնելու մասին էր»: Մինչ այդ վրաց նախարարը բազմիցս հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումներն արմատապես տարբեր էին: Հիմա կարծես ռուսական կողմին հաջողվել է համոզել Վրաստանին գումարով ստանալ տարանցիկ ուղի ապահովելու վճարը: «Ձեռք բերված համաձայնությունը կքննարկենք կառավարությունում և կընդունենք»,- վրացական լրատվամիջոցներին ասել է Կախա Կալաձեն:

Բոլոր դեպքերում կրկին հաղթեց «Գազպրոմի» երազանքների իրականացման հանրահայտ գովազդը: Վրացական կողմը պնդում է, որ 2016-ի մարտին ադրբեջանցիները համաձայնել են ավելացնել իրենց մատակարարող գազի ծավալները և Ռուսաստանի հետ կնքվելիք պայմանագրի արդյունքում Վրաստանն էներգետիկ քաղց չի ունենա:

Բոլոր դեպքերում հարկավոր է արձանագրել նաև այն, որ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների ողջ ընթացքում Վրաստանը երբեք չփակեց Հայաստան մտնող գազատարը: Մինչդեռ 2016-ի առաջին չորս ամիսներին ռուսական ընկերության հետ պայմանագիր չունեին:

Տեսանյութեր

Լրահոս