Վստահության ճգնաժամ

Հայաստանի տնտեսությունը, արդեն 2 տարի է, հայտնվել է նոր ֆինանսատնտեսական ճգնաժամում: Սակայն, ի տարբերություն 2008-2009թթ. ճգնաժամի, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն էր հիմնական պատճառը, հիմա հայտնվել ենք ելքը չերևացող վստահության ճգնաժամում:

Տնտեսության առկա խնդիրները հայտնի են բոլորին` աճող պետական պարտք, տնտեսության հիմնական ոլորտների նվազում, հարկային եկամուտների նվազում, բյուջեի դեֆիցիտի կտրուկ աճ, և այլն: Այս ամենն իր անդրադարձն է ունենում ամբողջ տնտեսության վրա, խոշոր գործարարից՝ մինչև սահմանամերձ գյուղի գյուղացի:

Պատճառները գալիս են հեռավոր անցյալից, որոնց մի մասին առնչվել ենք նախորդ ճգնաժամից: Տնտեսության կենտրոնացում, ընդ որում, խոսքը ոչ միայն մոնոպոլիաների մասին է, այլ՝ ընդհանրապես կենտրոնացման մասին: Մասնավորապես, արտաքին առևտրի հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները միանգամից, նույնիսկ՝ ավելի ծանր հետևանքներով անդրադառնում են մեր վրա:

Բնակչության եկամուտների գերակշիռ մասը ձևավորվում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին, որոնց նվազումը բերում է սպառման նվազման, աղքատության աճի:

Արտահանման կառուցվածքում հիմնական ապրանքախումբը բնական հանածոներն են, որոնց միջազգային գների տատանումներն էապես ազդում են ողջ տնտեսության վրա:

Ներքին շուկայում բազմաթիվ ոլորտների մոնոպոլացումը բերում է անհավասար մրցակցության, չհիմնավորված գնաճի:

Արդյունքում՝ տնտեսության վրա ազդող գործոնները կենտրոնացված են մի քանի ուղղություններով, որոնց մեծ մասի վրա Հայաստանն ազդեցություն չունի, և նույնիսկ մեկ գործոնի փոփոխությունը շղթայական ռեակցիայով թողնում է իր բացասական հետևանքները:

Իրականում այս ամենը հետևանքներ են այն միջավայրի, որը ձևավորվել է Հայաստանի տնտեսությունում և դրա շուրջ:

Երկարաժամկետ զարգացման տեսլականի բացակայությունն առաջացնում է կետային գործողությունների իրականացման անհրաժեշտություն, որոնք հիմնականում իրար հետ կապ չեն ունենում և հանգեցնում են ավելի մեծ խնդիրների:

Առկա բացասական սպասումներն ավելի են խորացնում վստահության ճգնաժամը` որևէ սուբյեկտ չի կարող կանխատեսել 1 տարի հետո իր ընկերությունում և ոլորտում սպասվող իրադարձությունները: Շատ հաճախ գործողությունները միտված են օրվա խնդիրը լուծելուն` հետագա հնարավոր խնդիրների լուծումը թողնելով ապագային: Ներդրումների խայտառակ ցածր մակարդակը խոսում է այս մասին, որ որևէ մեկը չի ցանկանում ռիսկի դնել իր միջոցները` չունենալով պատկերացում ապագայի մասին: Նման ռիսկային ներդրումների համար կան ավելի հետաքրքիր երկրներ` բավական մեծ եկամտի ակնկալիքով, երբ ներդրողները կարճաժամկետ հաջողության հաշվին պատրաստ են ռիսկի դիմել ապագայի ծրագրերը:

Հայաստանն այդ երկիրը չէ: Նվազող և աղքատացող բնակչության և արտահանման ցածր մակարդակի դեպքում ներդրողի հնարավոր սպառումն  այնքան փոքր է, որ որևէ հետաքրքրություն չկա՝ Հայաստանում ներդնել մի քանի միլիոն դոլարից ավելի գումար:

Ընդ որում, մեկ շնչին ընկնող արտահանման ծավալներով աշխարհում վերջին տեղերում ենք, ինչը հերթական անգամ փաստում է այն ճշմարտությունը, որ մենք սպառող, ոչ թե ստեղծող պետություն ենք:

Ի դեպ, արտահանման և ներդրումների բացակայության հիմնական արդարացման մասին` մենք ծով չունենք: Այդ գաղափարը դարձել է աքսիոմ` իշխանությունը, հասարակությունն արդեն վաղուց հարմարվել են այն մտքի հետ, որ մինչև չվերադառնանք Ծովից Ծով Հայաստանի ժամանակները, մեր տնտեսությունը չի զարգանալու:

Աշխարհում 44 երկիր չունի ելք դեպի ծով: Հայաստանը ծով չունեցող  44 երկրների շարքում մեկ շնչին ընկած ՀՆԱ-ի ցուցանիշով 20-րդ երկիրն է՝ հիմնականում առաջ անցնելով աֆրիկյան, ասիական երկրներից: Ակնհայտ է, որ առկա են բազմաթիվ այլ ռեսուրսներ, որոնք հնարավորություն են տալիս երկրներին զարգանալ՝ միևնույն ժամանակ լուծելով դեպի օվկիանոս ելք չունենալու արգելքը:

Ներքին խնդիրների մասին.

Օրենսդրական դաշտն ուղղակի պատուհաս է դարձել տնտեսության համար: Տնտեսությանը վերաբերող օրենքներում տարվա մեջ կատարվում է մի քանի հարյուր փոփոխություն, որոնք, թեև ամբողջությամբ չեն վերաբերում պայմանների խստացմանը, սակայն  ցանկացած փոփոխություն թողնում է բացասական հետևանք` առաջացնելով ապագայում նոր, ավելի վատ փոփոխությունների սպասումներ:

Հաճախ նոր օրենքները, որոնք ուժի մեջ են մտնում, օրինակ, 1 տարի անց, ընդունելուց հետո, մինչև ուժի մեջ մտնելը ենթարկվում են փոփոխությունների:

Օրենսդրական դաշտի անկատարությունը, առկա հակասությունները, տրամաբանական շղթայի բացակայությունը ստեղծում են քաոսային և բացասական մթնոլորտ ամբողջ երկրում` երբ բոլորն ուղղակի խուսափում են պետական կառույցների հետ շփումից, նույնիսկ, եթե հաջողության հասնելը կախված է պետությունից` նախընտրելով սեփական ուժերով լուծել խնդիրը:

Երկրում առկա կոռուպցիայի մակարդակը, ստվերային տնտեսության առկայությունն առաջացնում են անհավասար պայմաններ ամբողջ տնտեսությունում: Ընդ որում, արտոնյալ մասնակիցների առավելությունները գնալով շատանում են, ինչի արդյունքում տնտեսությունից դուրս են մղվում բարեխիղճ տնտեսվարողները:

Տեղական արտադրությունը մղված է ետին պլան, երբ կարճաժամկետ շահույթի ջատագովները ներմուծում-առևտուր մոդելով շուկայում ստեղծում են այնպիսի իրավիճակ, երբ տեղական արտադրողները հայտնվում են դիտորդի դերում և չդիմանալով մրցակցությանը` դուրս են մղվում տնտեսությունից:

Արդյունքում՝ ունենք վստահության ճգնաժամ, երբ մի քանի հոգի, ովքեր ունեն արտոնյալ կարգավիճակ և ունեն ազդեցության լծակներ` խորացնելով բացասական սպասումները, առաջացնում են նորանոր խնդիրներ տնտեսության համար:

Ի՞նչ անել

Կառավարությունների բարեմաղթանքների շարքը և կառավարությունների փոփոխություններից բարեմաղթանքների ձևի փոփոխություններն ընդամենը ստեղծում են կետային էֆեկտ, երբ արդեն հաջորդ քայլին բոլորը բախվում են նույն խնդիրների հետ:

Անհրաժեշտ է ձևավորել վստահության միջավայր` նախ ընդունելով և ամրագրելով, որ տնտեսությունում առկա է վստահության ճգնաժամ:

Նշված միջավայրի ձևավորման համար պետք է ամրագրել տնտեսության երկարաժամկետ նպատակները, որոնք, կարծում եմ, պետք է միտված լինեն արտահանման աճին, տեղական արտադրության զարգացմանը, ներդրումների աճին: Նշվածը հնարավորության կտա էապես կրճատել աղքատությունը և գործազրկությունը` իր հետ նվազեցնելով երկրի գլխավոր խնդիրը` արտագաղթը:

Կարևոր է փաստել, որ բոլոր նպատակները պետք է լինեն չափելի` ունենան հստակ թվային ցուցանիշներ, հստակ ժամկետներով:

Նշվածին հասնելու համար պետք է սահմանել միջոցառումների պլան, որոնք առաջին հերթին՝ պետք է ստանան օրենսդրական լուծումներ, մասնավորապես՝ կոռուպցիայի և ստվերային տնտեսության կրճատման մասով, Հարկային օրենսգրքի հիմնովին փոփոխություն, ներդրումների խրախուսման ծրագիր, տեղական արտադրության խրախուսման ծրագիր:

Միջացառումները պետք է լինեն երկարաժամկետ հատվածում՝ անփոփոխ, առնվազն 15-20 տարվա համար: Ի դեպ, օրենսդրական փոփոխությունները պետք է բացառել` դրանց տալով Սահմանադրական օրենքի կամ նույնիսկ հանրաքվեով փոփոխման ենթակա փաստաթղթի կարգավիճակ:

Որոշ խնդիրների լուծումը պահանջում է ցավոտ քայլեր, ընդհուպ՝ Քրեական օրենսգրի կիրառում, սակայն, առանց իրական քայլերի՝ հնարավոր չէ հաջողության հասնել և վերականգնել վստահությունը:

Ծրագիրը պետք է դառնա երկրի զարգացման հիմքը, որին միտված պետք է լինի բոլորի ջանքերը` սպառողից մինչև խոշոր ներդրող: Ծրագրի դրական ազդեցությունը պետք է լինի բոլորի վրա` առանց մեկը մյուսի հաշվին սկզբունքի: Անհատական շահերի և նպատակների միավորման արդյունքում ամբողջական նպատակի ամրագրումը կարող է դառնալ բոլորի գործողությունների ծրագիրը:

Վերը նշվածի համար, իհարկե, անհրաժեշտ է քաղաքական կամք և քաղաքական վստահություն ունեցող թիմ` տնտեսական վստահություն ձևավորելու համար:

Մեսրոպ Առաքելյան

 

Տեսանյութեր

Լրահոս