Ինչի՞ հաշվին է ավելացել Հայաստանից արտահանումը. պարզաբանում է նախարարը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե արտահանման աճը ռեկորդային է՝ չորրորդ եռմսյակում այն կկազմի 25%, իսկ տարվա արդյունքներով՝ շուրջ 21%:
168.am-ի հարցադրմանն ի պատասխան, թե այդ աճից որքա՞նն է հայկական արտադրանքի շնորհիվ, քանի որ շատ են դեպքերը, երբ երրորդ երկրներից ներկրված ապրանքն արտահանվում է ԵՏՄ երկրներ և ցույց է տրվում որպես արտահանում, Ս.Կարայանը վստահեցրեց, թե այդ աճը պայմանավորված է հենց մեր արտադրության ծավալների ավելացմամբ։
«Դրա մասին խոսում է մեր արտադրության աճը: Մեր կանխատեսումներով՝ 7% աճով տարին կփակենք, որը խոսում է, որ հենց արդյունաբերությունն է աճել»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ Հայաստանն արտահանման մեծ ներուժ ունի նաև դեպի ԱՄԷ. «Սա շատ մեծ և լայն հնարավորություններով շուկա է և մեծ ներուժ կա, որ մեր արտահանման ծավալներն ավելացնենք»:
Ս.Կարայանը նշեց, որ հաջորդ տարի արտահանման տեմպերը պահպանելու համար պետք է հնարավորինս պարզեցվեն ընթացակարգերը, կներկայացվի ծրագիր արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձման մեխանիզմների պարզեցման և ժամկետների կրճատման համար, որպեսզի արտահանողները կարողանան ավելի հեշտ ու արագ հետ ստանալ իրենց ԱԱՀ գումարները: