ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը ևս կներառվեն պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է գնումների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հիմնական առաջարկներն ընդունվել են. «Կարծում եմ՝ այդ առաջարկները բավական կարևոր էին։ Այս օրենքը խորքային փոփոխություններ է նախատեսելու այս դաշտում, և կարծում եմ՝ էապես բարելավելու է գնման գործընթացը»։
Նա նշեց, որ ընդունվել են ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն առաջարկները, որոնք վերաբերում են օրենքի նախագծի 6-րդ հոդվածին. «Իմաստը կայանում է նրանում, որ մենք նախատեսել էինք նորմ, որ, եթե գնման գործընթացում մասնակից ընկերությունը կունենա ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով փոքր չափի պարտավորություն բյուջեի նկատմամբ, դա չդիտվի որպես նորմ, որ անմիջապես դուրս մղվի գնման գործընթացից, դրա կարևորությունը կայանում է նրանում, որ մենք կարողանանք խթանել մրցակցությունը։ Առաջարկությունն այն էր, որ դա լինի ոչ թե կառավարության որոշումով, այլ օրենքում սահմանենք։ Այդ առաջարկն ընդունելի է»։
Նախարարը նաև նշեց, որ առաջարկվել էր, որպեսզի ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը նույնպես ներառվեն պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում. «Իմաստը կայանում է նրանում, որ դա անվտանգության կարևորագույն նորմ է, ու կարծում ենք, որ ճիշտ է դա»։