«Ազգային կիբերանվտանգության կենտրոն ունենալու անհրաժեշտությունը վաղուց հասունացած գաղափար է». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ ամփոփեց անցնող տարում տեղեկատվության անվտանգության ոլորտում գրանցած հայաստանյան հաղթանակները, ձեռքբերումները, բացերը, վտանգներն ու սպասելիքները:
2016 թվականին հայաստանյան տեղեկատվական անվտանգության ոլորտ ներխուժած կիբերկրիմինալը 2017 թվականին շատ ավելի մեծ վնասներ է հասցնելու, որի դեմ պայքարելու համար ազգային կիբերանվտանգության կենտրոն ունենալու անհրաժեշտությունը, ըստ ասուլիսի բանախոս, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ վաղուց հասունացած գաղափար է.
«Սա աշխարհում մեծ պահանջարկ վայելող և ընդունված համակարգ է, որի կարևորությունը մեր հարևան հանրապետություններում՝ Վրաստանում ու Ադրբեջանում, արդեն հասկացել են: Այդպիսի կենտրոններ այնտեղ արդեն մի քանի տարի շարունակ կան և գործում են, որոնց ստեղծման նպատակը տեղեկատվական անվտանգության գլոբալ խնդիրներին համակարգված ձևով դիմակայելն է.
«Նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը մեզանում սկսել են հասկանալ դեռևս 2012 թվականից, և պետական ոլորտներում մի շարք փաստաթղթեր այս ուղղությամբ արդեն իսկ շրջանառվում են, բայց գաղափարը, որպես այդպիսին, դեռևս կյանքի չի կոչվել: Հիմա Ազգային ժողովում կարծես որոշակի շարժ կա, ու կիբերանվտանգության հայեցակարգի մշակումը ինչ-որ փուլի է հասել: Այս ամենը, իհարկե, ժամանակ է պահանջում, բայց փաստ է, որ մենք այս ուղղությամբ տարվող աշխատանքների տեսակետից բավական հետ ենք ընկնում մեր հարևան երկրներից»:
Ազգային կիբերանվտանգության կենտրոնի բացակայությունը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, կնշանակի՝ դեռևս ոչ ոք չի զբաղվում հանրությանը կրթելու գործառույթով, որի արդյունքում մենք գալիս ենք հանդիպելու խնդրի, որին մենք դեռևս չենք բախվել, բայց կարող ենք հանդիպել. բնակչության կենսապահովման համար խոցելի հանգույցների վրա կիբերհարձակումների վտանգը.
«Խոսքը հանրային նշանակություն ունեցող օբեկտների՝ էլեկտրացանցերի, գազամատակարարման, ջրամատակարարման և այլ հանգույցները կիբերհարձակումների վտանգից ապահով պահելու մեջ է: Սրանք մասնավոր սեկտորներ են, բայց կիբերհարձակումների տեսանկյունից ազդեցությունը կարող է մեծ չափերի հասնող մարդկային խմբերի վրա ծանր հետևանքներ թողնել: Ցավոք, այս պահին մեր իրականության մեջ չկա որևէ կառույց, որը կարող է այս ոլորտում որևէ ազդեցություն ունենալ, թեկուզ վտանգները գնահատելու տեսանկյունից: Օրինակ, մենք հիմա չենք տիրապետում ինֆորմացիային, թե որքանո՞վ են խոցելի, ասենք, մեր էլեկտրացանցերը, գազամատակարարումը, ջրամատակարարումը և այլն: Չի բացառվում, որ թվարկածս ոլորտներում այս պահին ամեն բան նորմալ է, բայց ոչինչ չի կարելի բացառել, հատկապես, երբ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հայտնի են դեպքեր, երբ կիբերհարձակումների միջոցով մեծ տարածքների վրա խափանվել են էլեկտրացանցերը: Կան արձանագրված վարկածներ, որ, օրինակ, գազամուղների վրա իրականացված պայթյունները եղել են կիբերհարձակումների հետևանք, և այլն: Սա փաստացի մի ոլորտ է, որտեղ չկա ընդհանուր պատկերացում, թե ի՞նչ է հիմա կատարվում: Մենք չգիտենք, ասենք, ջրմուղը տեսականորեն խոցելի՞ է կիբերհարձակումների համար, թե՞ ոչ, և այլն: Սա է խնդիրը՝ կան կարևորագույն ոլորտներ, որոնք այս տեսակետից ուշադրությունից բացառապես դուրս են մնացել, և ոչ մի պահանջ չի էլ դրվում դրանք վերահսկողության դաշտ բերելու ուղղությամբ: Այս տարին, օրինակ, բանկերի վրա հարձակումների տեսանկյունից լուրջ տարի էր, և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի պատկերը կարող է ավելի լրջանալ, իսկ ազգային կիբերանվտանգության կենտրոնի առկայությամբ գոնե երաշխիքներ կունենանք, որ երկրի համար կարևորագույն նշանակության օբեկտները մշտապես աչքի տակ կպահվեն»:
Որոնք են այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ կիբերհարձակումների վերահսկումը առաջնային նշանակություն ունի պետության համար: Թեև կիբերհարձակումներից խուսափելու ուղղությամբ ԱԱԾ-ն իր պաշտպանության տակ է վերցրել պետական հատվածը, այն, սակայն, մեծ իմաստով վերաբերում է հայաստանյան իրականությանը՝ նկատում է Սամվել Մարտիրոսյանը, հավելելով, որ արցախյան պետական կայքերից միայն մի քանիսն են պետական մակարդակով պաշտպանության տակ վերցված. «Երկրորդ կարևորագույն կառույցները գլոբալ ինֆրաստրուկտուրաներն են՝ էլետրացանցերը, գազամատակարարումը, ջրամբարների կառավարումը, և այլն: Երրորդ ոլորտը բանկային հատվածն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բանկային համակարգի վրա տեղեկատվական հարձակումները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ, ինչպես օրինակ, երկու տարի առաջ Ղազախստանի փորձն էր, որտեղ բանկերի վրա իրականացված միտումնավոր քարոզչական կիբերհարձակման փորձը բերեց արժույթի գլոբալ արժեզրկման: Հաջորդը բժշկական հաստատությունների ապահովագրում է կիբերհարձակումներից, որովհետև մենք գործ ունենք բժշկական գաղտնիքի հետ: Սրանք դրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց վրա հարձակումները կարող են տնտեսական և ոչ միայն տնտեսական ծանր հետևանքներ ունենալ տվյալ երկրի համար»: