«Հուսադրող» կոռուպցիա կամ «վատ տեսողություն»

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն օրերս «հուսադրող» էր գնահատել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված` վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները։ Ըստ դեսպանի` վարչապետն արձագանքում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին այն հարցերին, որոնք լսվում են Հայաստանի հասարակության ու լրագրողների շարքերից։

«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև այն պատճառով, որ այն խոչընդոտում է բիզնեսի աճին ու ներդրումներին Հայաստանում։ Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ դա կոռումպացված պաշտոնյաներին ու բիզնեսներին Հայաստանից դուրս կարող է հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա իրենց ազդեցությունն ունենալ։

Կարծում եմ` վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան։ Ես ասել եմ վարչապետին, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ցանկացած ձևի աջակցություն տալ այս հարցում»,- ասել էր դեսպանը։

Խորհրդարանական ուժերը տարբեր կերպ են արձագանքում ԱՄՆ դեսպանի դիտարկմանը։ «168 Ժամի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չհամաձայնեց, որ հուսադրող քայլեր կան։ Ըստ նրա` կառավարության ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որևէ բան բացարձակ չկա և չի երևում։ Նա նշեց, որ ԱԺ-ում 2017թ. բյուջեի ներկայացման ժամանակ կառավարության ներկայացուցչի ելույթում չկար որևէ կոնցեպտուալ, քաղաքական կամ ծրագրային մոտեցում. «Այս մարդիկ բերում են, այստեղ հաշվապահություն են ներկայացնում, գիտեն, թե կառավարության նիստ է։ Սա քաղաքական մարմին է, որ պետք է քաղաքական մոտեցումները քննարկի»։ Մեր հարցին, թե այդ դեպքում դեսպանի հայտարարությունն ինչի՞ վրա էր հիմնված, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Կարող է` նրան ցույց են տվել, մենք չենք տեսնում, կամ մեր տեսողությունը լավ չի»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` կառավարության ծրագրում ամրագրվել են կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքային մոտեցումները։ «Վարչապետի հետ այս թեմայով շատ լուրջ խոսել ենք, և ինքը պատրաստ է նոր որակ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին։ Եվ այն քայլերը, որ նախատեսվում է այդ առումով կատարել, նա քաղաքական կամքը դրսևորելու է։ Պետք է ձևավորվի իսկապես անկախ ղեկավարմամբ հակակոռուպցիոն պայքար։

Նաև նոր երևույթ է արձանագրվելու, որ ապօրինի հարստացումը դիտվի հանցատեսակ։ Սա նշանակում է, որ պաշտոնը ստանձնելիս անձը հայտարարագրում է իր ունեցվածքը, ապա որոշ տարիներ անց պետք է նրա ունեցվածքի փոփոխությունը համապատասխանի օրինական եկամուտներին, այլապես քրեական գործ է հարուցվելու։ Կարծում եմ` բավականին լուրջ մեխանիզմ է` ազատվելու այն պաշտոնյաներից, որոնք պաշտոնեական դիրքը չարաշահում են և կոռուպցիոն երևույթներ են արձանագրում իրենց գործունեության մեջ։ Հիմքերը լավն են, և ուրախ եմ, որ անկողմնակալ դիտորդներն էլ դա տեսնում են»։

Ա. Ռուստամյանը հիշեցրեց Պանամայի գործը, որ բացահայտվեց, և հայտնի հրապարակման արդյունքում պաշտոնյաներից մեկը (ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը.- Գ.Խ.), որ առնչվում էր` հեռացվեց պաշտոնից. «Օֆշորային խնդիրները, կոռուպցիայի հետևանքները, եկամուտները թաքցնելը և փողերի լվացման գործընթացն իրար հետ կապված են, և լավ է, որ կա համաշխարհային ցանց, որ բացահայտում է, որովհետև, եթե անգամ ՀՀ իշխանությունները ցանկանան անել, ձեռքերն այդտեղ չի կարող հասնել։ Պետք է համակարգված միջազգային պայքար տանել»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարությունները լսել է, սակայն, ըստ նրա, արդյունքների մասին խոսելը ճիշտ կլինի հակակոռուպցիոն մարմնի ստեղծումից հետո, որը լայն ֆունկցիաներ է ունենալու, նաև ապօրինի հարստացման քրեականացումն ուժի մեջ մտնելուց հետո. «Համակարգային պայքար է պետք, պետք է այս ինստիտուտները գործի դրվեն»։

Պատգամավորի կարծիքով` Հայաստանում փողի խնդիր չկա, բայց պոտենցիալ ներդրումը, վախեցած է, որ կփոշիանա, քանի որ ձեռք բերվող շենքը կամ արտադրության միջոցները կարժեզրկվեն. «Վարչական ռեսուրսը, պետական ապարատն այնպիսի խեղված պայմաններ են ստեղծել, որ ներդրումը փոշիանում է։ Ստացվում է, որ քո դրածը քեզնից խլում են։ Ու որպեսզի փողը երկար չսպասի, թեկուզ քիչ շահութաբերությամբ, փախնում է դուրս, որպեսզի փրկվի ու հանգստանա»։

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը սպասելու է արդյունքների ամփոփմանն ու կոռուպցիայի ցուցանիշի հստակ նվազմանը։ Նրա բնորոշմամբ` կոռուպցիան մեր երկրում շատ ակնհայտ է, և հայտարարվող ծավալների տոկոսներից ամենանվազագույնն էլ սարսափելի բարձր է։ Պատգամավորը նշեց, որ հակակոռուպցիոն քայլերը կոնկրետ չեն։ Ս. Մարգարյանը հարցադրում արեց` ինչո՞ւ վրացիները Հայաստանում ներդրում չեն անում։ Նրա կարծիքով` վրացական կապիտալի համար Հայաստանը շատ հարմար է ԵՏՄ-ի 300-մլն-անոց շուկա մուտք գործելու համար. «Վրացական արտադրանքն այդքան հեշտ չի մտնում Եվրոպա, և ավելի դժվար է մտնում ԵՏՄ։ Բայց ՀՀ-ում որևէ մի ներդրում չկա։ Ինչո՞ւ։ Ես առաջարկել եմ դա ուսումնասիրել և վերացնել խոչընդոտները»։

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ևս գտնում է, որ խոսքերը քիչ են, արդյունքներով պետք է դատել։ Ըստ նրա` չափանիշներ կան, օրինակ, արտասահման տարված փողերի վերադարձի հետ կապված, դրանց աղբյուրների հետ կապված. «10 տարում 10 մլրդ դոլար է դուրս բերվել, իսկ այսօր Հայաստանին տնտեսությունը շարժելու համար անհրաժեշտ է 7-8 մլրդ ներդրում, և ունենք գրեթե 6 մլրդ արտաքին պարտք, որի սպասարկումը լուրջ խնդիր է սկսել դառնալ։

Այսինքն` առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի այդ գումարները ետ բերելը»։ Նա համաձայնեց, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է, քանի որ այն խոչընդոտում է երկրի զարգացմանը.

«Դա անմիջական պաշտպանության խնդիր է` զենք գնելու, արտագաղթի դեմ պայքարելու, որը զինվորների թվի վրա է նաև ազդում։ Շատ ժամանակ մարդիկ արտագաղթում են հենց կոռուպցիոն խնդիրների բախվելու հետևանքով»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կոռումպացված պաշտոնյաներ ու բիզնեսներ հայտնի չեն։ Ըստ նրա` եթե դեսպանը նման հայտարարություն է անում, ապա ինքն էլ պետք է ասի` ում մասին է խոսում։ Նա հորդորեց չխուսափել և բարձրաձայնել կոնկրետ դեպքերի մասին, եթե գիտեն. «Համենայնդեպս կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ, եթե կլինեն նման ցայտուն, ցցուն դեպքեր, ոչ թե մենք պետք է զբաղվենք, այլ իրավապահներն են պարտավոր զբաղվել դրանցով»։

Հայաստանից 10 մլրդ դոլարի արտահոսքին Վ.Բաղդասարյանը չի հավատում` փաստեր չկան։ «Բայց համաձայն եմ, որ լայնածավալ, խոշոր չափերի հասնող կոռուպցիան կարող է իրոք յուրաքանչյուր երկրի համար նաև անվտանգության խնդիր առաջացնել»։

Տեսանյութեր

Լրահոս