«Վարչապետն ամբողջությամբ ճիշտ է ասել, իհարկե, մինչև վերջ չի ասել». Արմեն Բադալյան
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում սկսվել է իշխանափոխության գործընթացը, և դա վարչապետի՝ Մոսկվայից Հայաստան ուղարկվելու և այստեղ վարչապետ նշանակվելու պահից սկսվեց»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալու որոշման մասին։
Ա. Բադալյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելն իշխանափոխության միայն սկիզբն էր, բայց ավարտը չէր.
«Ավարտը կլինի 2018 թվականին, երբ նա կարող է շարունակել լինել երկրի վարչապետը, բայց այս ընթացքում նա պետք է նաև տիրի այլ իշխանական ինստիտուտներին։ Մեկին տիրացել է՝ կառավարությունը, երկրորդը՝ ՀՀԿ-ն է, բնականաբար, հասկանալի է, որ անդամագրվելով ՀՀԿ-ին՝ նա դժվար մնա շարքային անդամ, նա առնվազն այնտեղ մի ինչ-որ պաշտոն պետք է ստանա, և դա կարող ենք դիտել Հայաստանում այդ կուսակցությունն իրանով անելու և ՀՀ-ում իշխանափոխության երկրորդ գործընթացն իրականացնելու քայլ»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀԿ-ի կարծիքն այստեղ ընդհանրապես ոչ ոք չի հարցնում, այստեղ խնդիրը կապ չունի նրա հետ, թե ՀՀԿ-ն համաձա՞յն է, թե՞ ոչ, այստեղ որոշում է վարչապետը, Ռուսաստանը, և դրա մասին հայտնում են ՀՀ նախագահին, իսկ թե մյուս ՀՀԿ-ականները կողմ են, դեմ են, նրանց ոչ ոք այդ մասին չի հարցնում։
Հարցին, թե արդյոք կառավարության այլ անդամների՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշումները նո՞ւյնպես կարելի է դիտարկել ՀՀԿ-ն իրենով անելու վարչապետի ցանկության շրջանակներում՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Ինչ-որ չափով՝ այո, բայց հիմնականում դա պետք է դիտարկել, որ նրանք վարչապետի թիմից են, և ոչ թե՝ նախագահի, որովհետև նրանք հայտարարություններ տարածեցին ՀՀԿ-ին միանալու մասին այն բանից հետո, երբ վարչապետն այդ մասին հայտարարեց, այսինքն՝ այստեղ ավելի շատ շեշտադրումը պետք է կատարել, որ նրանք վարչապետի թիմակից լինելով են մտնում կուսակցության անդամ, որովհետև հիմնական գործող անձը վարչապետն է»։
Մեր այն հարցին էլ, թե որքանո՞վ է արժանահավատ վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցության վերաբերյալ արած այն հիմնավորումը, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել փոխվելու ու ունի այդ ներուժը, քաղտեխնոլոգն այսպես պատասխանեց. «Իհարկե, առաջին խնդիրը Ռուսաստանի համար Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի խնդիրն էր, երկրորդը՝ ռազմական ենթակառուցվածքների, երրորդը՝ քաղաքական ինտեգրացիան է, դա կարող է լինել, երբ վարչապետն իրենով անի ՀՀԿ-ին և այն փոխի։ Բնականաբար, ճիշտ է ասել վարչապետը, որ այն պոտենցիալ ունի փոխվելու, բայց դառնալու ոչ թե քաղաքական ուժ, այլ փոփոխված տարբերակով ենթարկվի արդեն ՌԴ-ին։
Վարչապետն ամբողջությամբ ճիշտ է ասել, իհարկե, մինչև վերջ չի ասել, բայց ճիշտ է ասել, որովհետև այն տեսքով, որ կար ՀՀԿ-ն վերջին 10 տարիների ընթացքում, այլևս չի լինելու։ Էլի կարող է այնտեղ լինեն մականունավոր գործարարներ, խնդիրը դա չէ, այլ այն, որ այդ կառույցն արդեն պետք է ինտեգրվի Ռուսաստանի քաղաքական համակարգին, և դա նշանակում է փոփոխություն»։